Զախարյանների ընտանիքը փախստականի կարգավիճակում ապրում է գրեթե 37 տարի
Գլխավոր » Լրահոս » Զախարյանների ընտանիքը փախստականի կարգավիճակում ապրում է գրեթե 37 տարի

Զախարյանների ընտանիքը փախստականի կարգավիճակում ապրում է գրեթե 37 տարի

Ինչքան ինձ հիշում եմ՝ փախստականի կարգավիճակում եմ, և իմ ընտանիքն անընդհատ տան փնտրտուքների մեջ է։ Նախ Բաքվից, ապա՝ Արցախից ենք տեղահանվել,-ասում է զրուցակիցս՝ Ալլան, ով ապրում է թոշակառու հոր հետ և չգիտի, թե ապագայում իրենց ինչ է սպասվում։

Արցախից տեղահանվելուց մի քանի ամիս հետո նրանք տեղափոխվել են ՌԴ, սակայն նորից վերադարձել Հայաստան։

-1989-ին ենք բռնատեղահանվել Բաքվից։ Սումգայիթյան դեպքերից հետո վտանգավոր էր մնալ այնտեղ։ 9 տարեկան էի, եղբայրներս ավելի փոքր էին։ Հիշողությանս մեջ մնացել են վերջին օրերը, երբ տանից դուրս գալն արդեն վտանգավոր էր։ Ծնողներս խոսում էին, որ հայերի հանդեպ բռնություններ են սկսվել ու պետք է շուտ տեղափոխվենք։ Նրանք աշխատում էին ծածուկ խոսել, որ մենք չվախենանք, սակայն ես հասկանում էի ամեն ինչ։ Հիշում եմ, որ մեր հարևաններից մեկն առաջարկեց թաքնվել իր տանը, սակայն հայրս մերժեց՝ ասելով, որ չի ցանկանում վտանգել նրա բազմանդամ ընտանիքին։ Հետո մեր տուն է գալիս հայրիկիս ընկերներից մեկը, ով ազգությամբ ադրբեջանցի էր, և մեզ տանում է իր տուն։ Այնտեղ մնացինք մոտ 10 օր։ Վտանգով լի օրեր էին՝ ինչպես մեզ, այնպես էլ օգնության ձեռք մեկնած ընտանիքի համար։ Մի գիշերվա մեջ որոշվեց, որ պետք է գնացքով մեկնենք ՌԴ Կրասնոդար քաղաք։ Երբ հասանք կայարան, արդեն լուսացել էր։ Նկատեցինք ադրբեջանցի դպրոցականների պաստառներով երթը, որոնք պահանջում էին հայերի հեռացումը Բաքվից։ Մինչև գնացք նստելը նրանք հասցրին քարկոծել մեզ։ Հայրս մի կերպ մեզ մտցրեց գնացքի մեջ և կարողացանք փրկվել։ Կրասնոդարում մի քանի օր մնալուց հետո մեկնեցինք Արցախ։

Ցավոք, Արցախում մեզ այդպես էլ բնակարան չհատկացվեց, և մինչև 2023-ի տեղահանումը ապրում էինք վարձով։ Ծնողներս, ամեն ինչ թողնելով Բաքվում, երեք մանկահասակ երեխաների հետ ձեռնունայն դուրս են եկել ու ապաստան գտել հայրենի հողում, սակայն, որպես փախստական ընտանիք, չեն արժանացել արդարացի վերաբերմունքի։ 2014 թվականին հանկարծակի մահացել է մայրս, իսկ եղբայրներս աշխատանքի բերումով տեղափոխվել են Ռուսաստան։ Իմ և հորս կարիքներն ապահովելու համար ստիպված ծառայության եմ անցել ԱՀ ՊԲ շարքերում, հերթագրվել բնակարանային հերթում՝ հույս ունենալով, որ ես ու տարեց հայրս տուն կունենանք։ Մասնակցել եմ ապրիլյան քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմներին,- պատմում է Ալլա Զախարյանը․․․

Բռնատեղահանման կրկնակի դառնությունն իր սեփական մաշկի վրա զգացած Զախարյանների ընտանիքը վարձակալությամբ ապրում է Երևան քաղաքում։ Ալլան օրավարձով աշխատանք է գտել, ինչը մի փոքր թեթևացնում է նրանց հոգսերը։

-Արցախից դուրս ենք եկել 2023-ի սեպտեմբերի 30-ին՝ վերջին ավտոբուսներով։ Օդանավակայանից գնացել ենք Ստեփանակերտի հրապարակ ու այնտեղից շարժվել դեպի Հայաստան։ Եղել է մի պահ, որ հույսս կտրել էի, որ կկարողանանք դուրս գալ, որովհետև մարդիկ շատ էին, իսկ տրանսպորտը՝ քիչ։ Հատեցինք Հակարին։ Կրկին դարձանք փախստական։ Մեկ օր մնացինք Գորիսում, ապա հանգրվանեցինք մեր բարեկամի տանը, որտեղ մնացինք մի քանի ամիս․․․

Տարեց հայրս ամենօրյա բուժօգնության կարիք ունի, և այդ պատճառով մենք պատրաստ չենք որևէ գյուղական համայնքում ապրել։ Երկու հոգանոց մեր ընտանիքի համար դժվար կլինի տուն ձեռք բերել, քանի որ նախատեսված գումարով հնարավոր չէ դա իրականացնել։ Իսկ ապրիլ ամսից, երբ փոփոխվի 50 հազար դրամ աջակցության ծրագիրը, մենք կհայտնվենք անելանելի դրության մեջ, քանի որ այդ ծրագիրն արցախցիներին տրվող միակ ֆինանսական աջակցութունն է,-ասում է Ալլան և ավելացնում,-սեփական տուն ունենալը մեզ համար այդպես էլ երազանք կմնա, սակայն ուզում եմ հավատալ, որ մեր կարգավիճակով ընտանիքներին սոցիալական բնակարաններ կտրամադրվեն, այդ դեպքում գոնե մենք էլ տանիք կունենանք․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1