Զախարովան կրկին մեղադրում է Երեւանին՝ Արցախ վերադարձը հեշտացնելու համար քայլեր չձեռնարկելու մեջ
Գլխավոր » Լրահոս » Զախարովան կրկին մեղադրում է Երեւանին՝ Արցախ վերադարձը հեշտացնելու համար քայլեր չձեռնարկելու մեջ

Զախարովան կրկին մեղադրում է Երեւանին՝ Արցախ վերադարձը հեշտացնելու համար քայլեր չձեռնարկելու մեջ


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 16-ին ճեպազրույցում պատասխանել է հայ լրագրողի հարցին, որը խնդրել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հայկական տների և պատմական թաղամասերի քանդումը։

Ինչպես նշել է լրագրողը, իրականում ամեն ինչ արվում է, որպեսզի ցանկության դեպքում էլ հայ բնակչությունն այլևս չկարողանա վերադառնալ իր տները։

«Գիտեք, որքան ես հասկանում եմ, խոսքը Ադրբեջանի տարածքի մասին է։ Այնտեղ գործում են այդ երկրի օրենքները։ Սա առաջին։ Երկրորդ, եթե խոսքը մշակութային օբյեկտների մասին է, ինչպես հասկացա ձեր հարցի մեջ նշվեց, դե, հավանաբար, կան մասնագիտացված միջազգային կազմակերպություններ։ Եթե հարցեր ունեն, դրանք պետք է լուծվեն դրա համար ստեղծված համապատասխան հաստատություններում։ Չգիտեմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, երկրները լավ են փոխգործակցում տարբեր ուղղություներով, ուստի այդ հարցը մեզ չպետք է ուղղվի»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Մոսկվայում իսկապես կարեկցում են, «դա մարդկանց ճակատագիրն է, ովքեր լքել են իրենց տները, որոնց կյանքը դասավորվել է, ձևավորվել, ոմանց համար այն սկսվել է այնտեղ, այնտեղ թաղված են ոմանց մերձավորները, հարազատները, ամբողջ կյանքը, և այդ վայրի հետ ընտանեկան պատմություններ են կապված»:

«Սա վիթխարի ողբերգություն է, որում, ինչպես հիանալի հասկանում եք, կան բազմաթիվ տեսանկյուններ և նրբերանգներ։ Եվ մենք բազմիցս մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված էին իրենց տները լքած բնակչությանը վերադառնալու հնարավորություն ընձեռելուն։ Անկեղծ կարող եմ ասել ձեզ, թող իմ գործընկեր փորձագետները ներեն ինձ, մենք այս հարցը բարձրացնում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումների ժամանակ, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ, բացատրություններ և այլն։

Եվ մենք հիանալի հասկանում ենք՝ ինչ է նշանակում, որ մարդիկ, ովքեր պատմականորեն կապված են եղել այս վայրերի հետ, կորցնեն դրանք։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ վերադարձի հնարավորություն ընձեռվեց։ Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել հայկական կողմի, նկատի ունեմ՝ պաշտոնական Երևանի գործողությունները, կարծում եմ, որ դուք՝ որպես լրագրող և հասարակական գործիչ, հավանաբար ձեր գնահատականը կտաք դրան և ավելի լավ կանեք, քան ես՝ ներկա իրավիճակում։

Բայց եղածը եղած է: Ընդ որում, նորից եմ ասում, վերադարձի հնարավորություն կար և դեռ կա։ Եթե, ինչպես ասում եք, մարդիկ շահագրգռված են պահպանել իրենց տներն ու հայրենի վայրերը,  հավանաբար, պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Եվս մեկ անգամ շեշտեմ՝ այն կա»,- պնդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ի պատասխան՝ լրագրողն ասաց, որ չգիտի:

«Ինչպես չգիտեք: Ոչ, դա ճիշտ չէ: Դուք գիտեք: Ինչպե՞ս չգիտեք: Մենք խոսեցինք դրա մասին և պատասխանեցինք ձեր հարցերին։ Ինչպե՞ս չգիտեք,– առարկել է Զախարովան։

Լրագրողը պատասխանել է, որ մարդիկ չեն վստահում ադրբեջանական կողմին և վախենում են իրենց անվտանգության համար։

«Հարց կտամ, ներողություն եմ խնդրում: Արդյո՞ք որևէ բան արվել է իշխանությունների կողմից, պաշտոնական Երևանի կողմից մարդկանց վերադարձը հեշտացնելու համար»,-հարցրել է Զախարովան։։

Նա նշել է, որ ինքը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն է և խոսում է այն ջանքերի մասին, որ գործադրում է իր երկիրը՝ գիտակցելով՝ ինչ է նշանակում հանգամանքների բերումով, ողբերգության, բախումների և այլ պատճառներով մարդկանց զրկել հարազատ վայրերից։

1