Յուրաքանչյուրիս ընտրությունը կարմիր գծի առջև
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Դրօշակի»-ի խմբագրական » Յուրաքանչյուրիս ընտրությունը կարմիր գծի առջև

Յուրաքանչյուրիս ընտրությունը կարմիր գծի առջև

Վերջին տասնամյակներին հայոց տոնացույցը հարստացել է հոբելյանական երկու օրերով՝ Հայաստանի և Արցախի անկախության ամրագրմամբ: Այս երկու պատմական իրադարձություններն էլ տեղի են ունեցել 1991 թվականի սեպտեմբեր ամսին: Երկու ձեռքբերումների ճանապարհն էլ սկսվել է նույն ակունքից՝ 1988 թվականին բռնկված Արցախյան ազգային-ազատագրական պայքարից:
Ինչո՞ւ բռնկվեց և ինչո՞ւ հենց տվյալ ժամանակ ընթացք առավ համաժողովրդական այդ շարժումը: Եթե փորձենք պատասխանել նման հարցի, նախ անհրաժեշտ կլինի բացատրել, թե որքանով է օրինաչափ որևէ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Արցախը քաղաքական նպատակներով մոգոնված Ադրբեջանի գերությանը հանձնելու պարտադրանքի հետ հայությունը, մասնավորապես` արցախահայությունը, երբեք չի համակերպվել և քիչ թե շատ նպաստավոր նկատված բոլոր ժամանակներում ընդվզել է:

1988 թվականի փետրվարին Երևանում ծավալված Արցախյան շարժման ղեկավար կազմում տեղի ունեցավ փոփոխություն, որն այն ժամանակ հուզախռով ժողովրդի ուշադրությունը առանձնապես չգրավեց: Այդ ժամանակից, սակայն, շարժման պահանջների մեջ ընդգծվեցին սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական հարցերը, շարժումը սկսեց ընդունել հակակրեմլյան-հակախորհրդային ուղղվածություն: Իհարկե, այդ վերջինի համար մենք հատուցեցինք կայսրության ցավոտ հակահարվածներով, որոնք արժեցան և՛ մարդկային, և՛ տարածքային կորուստներ:

1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունների նախօրյակին համազգային շարժման ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը «Հայք» թերթում հրապարակած հոդվածում գրում էր, թե Ղարաբաղն այդուհետ լինելու է Հայաստանի բոլոր իշխանությունների խաչը, իսկ նույն տարվա աշնանը արդեն Գերագույն խորհրդի նախագահ Տեր-Պետրոսյանը նորընտիր խորհրդարանում ասաց, թե Ղարաբաղի հարցն իրենց նախընտրական ծրագրում չի եղել:

Հետագա տարիներին արդեն Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում էր հոդվածներ, որոնցում, կատարելով աշխարհաքաղաքական վերլուծություններ, իր իսկ առաջնորդած պայքարի նպատակի համար կանխագծում էր փակուղային վերջաբան: Գրավոր թե բանավոր ելույթներում նա բազմիցս հայտարարել է, թե ամեն գնով անհրաժեշտ է հասնել խաղաղության: Շատ միամիտ էր պետք լինել չհասկանալու համար, որ այդ «ամեն գնով»-ի առևտրի առարկան Արցախն է: Լևոն Տեր-Պետրոսյանը վարում էր բանակցություններ` ըստ, այսպես կոչված, փուլային սկզբունքի, և ճնշում էր գործադրում Արցախի օրվա իշխանությունների վրա` ազատագրված տարածքները հանձնելու համար: Ի վերջո, 1997 թվականի նոյեմբերի 1-ին «Հայկական ժամանակ» թերթում նա հրապարակեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը` պարզորոշ հայտարարելով, որ եթե ուզում ենք պահել Արցախը, ուրեմն նրա հետ ընտրում ենք պատերազմը: Թերևս սրանով նա հույս ուներ ընդդիմության դեմ հանելու ժողովրդին և պարտադրել տալու պարտությունը: Ժողովուրդն իսկապես ոտքի ելավ և պահանջեց Լևոն Տեր-Պետրոսյանի և իր առաջնորդած ուժի հեռացումը, որովհետև ինքը վաղուց էր կատարել իր ընտրությունը և հանուն այդ ընտրության կրել էր անասելի զրկանքներ, հատուցել էր մոտ 8000 զավակների կյանքով: Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանը սեփական նպատակներից ու մտասևեռումներից ցմահ հրաժարվողը չէ, օրինակ` 2007 թվականին ևս մեկ անհաջող փորձ կատարեց խորհրդարանական ընտրություններում՝ նույն պլատֆորմով հարաբերական հաղթանակի հասնելու` մտածելով, որ ժողովրդի մեջ մեծացած պիտի լինի պարտվողականության կողմնակիցների բանակը: Ինչպես հայտնի է, այդ անգամ էլ փորձն ապարդյուն անցավ:

Արցախյան քաղաքական ռազմավարությանը զուգահեռ` դեռևս ժողովրդական շարժման շրջանից Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շրջանառվում էր ազգային, կենսական նշանակության մեկ այլ թեմա: Ժողովրդի ականջին կաթեցվում էր այն դանդաղ ներգործության թույնը, թե Թուրքիան այլևս այն վատ Թուրքիան չէ, այսօրվա Թուրքիան պատուհան է Հայաստանի համար դեպի Եվրոպա և այլն:

Ստանձնելով երկրի իշխանությունը` տերպետրոսյանական թիմը միջոցներ ձեռնարկեց, որպեսզի պետական և ոչ պետական քարոզչադաշտից դուրս մղվեն ցեղասպանության, ազգային-ազատագրական պայքարի և անգամ մշակութային բնույթի հակաթուրքական ուղղվածության նյութերը:

Լևոն Տեր-Պետրոսյանը թուրքական կողմի հետ, այսպես ասած, տրամադրությունների շոշափման ընթացքի մեջ էր` հանդիպելով, օրինակ, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալի կամ Թուրքիայում հայտնի լրագրող, «Միլիեթ» թերթի աշխատակից Մեհմեդ Ալի Բիրանդի հետ: Իսկ իշխանավարման վերջին շրջանում հայտնի դարձավ, որ նախագահը միջնորդավորված բանակցությունների մեջ է «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադիր-առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հետ: Իհարկե, շատ բաներ այդ բանակցություններից հայտնի չեն, սակայն այն, ինչ թուրքերը բարձրաձայնում էին հայ ժողովրդի համար, ընդհանուր առմամբ հետևյալն էր` եթե ցանկանում ենք պաշտոնական և բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, պետք է մոռանանք ցեղասպանության հարցը, ճանաչենք հայ-թուրքական սահմանը, Ադրբեջանին վերադարձնենք Արցախը և այլն: Իրենք ինչ էին զիջելու` հայտնի չէ, երևի իրենց հետ հարաբերություններ հաստատելու պատիվը:

Հայաստանի ՀՀՇ-ական իշխանությունը, իհարկե, «ընդառաջող» որոշակի քայլեր կատարում էր թե՛ քարոզչական դաշտում և թե՛ հալածելով երկրի հակաթուրք ու պահանջատիրական գաղափարախոսության կրող կուսակցությանը: Իսկ ինչպիսի՞ն էր պետական գաղափարախոսությունը:

Ցայսօր հետևողականորեն պահպանելով Թուրքիայի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում դիրքորոշումը` Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս մեծ աղմուկ հանած կրթական «նոր» չափորոշիչների առիթով որպես ոլորտի, մեղմ ասած, բացասական ուղղվածություն «հայդատական պատմագիտություն» բնորոշումը գործածեց: Իսկ ո՞րն է եղել և մնում Լևոն Տեր-Պետրոսյանի և իր ներկայացրած հոսանքի դավանած «ճիշտ» պատմագիտությունը:

Նորից վերադառնանք այն ժամանակահատվածին, երբ երկրում մենաշնորհային կարգավիճակ ուներ իշխող ուժի գաղափարախոսությունը: Այդ օրերն ապրած մարդիկ լավ պիտի հիշեն, թե ՀՀՇ-ական քարոզչությունը ինչպես էր սևացնում նախորդ դարավերջին ծավալված ազգային-ազատագրական պայքարը, ինչպես էին քննադատվում կամավորական շարժումը, Հայաստանի առաջին հանրապետության իշխանության ամբողջ գործունեությունը և, ի դեպ, նաև բոլշևիկյան բռնությունների դեմ տարած պայքարը: Դաշնակցությունն ուղղակիորեն մեղավոր էր հայտարարվում ցեղասպանության հարցում` սրանով եթե չհանելով ոճրագործության պատասխանատվության մեղքը Թուրքիայի վրայից, ապա առնվազն լրջորեն թեթևացնելով այդ մեղքը:

Լևոն Տեր-Պետրոսյանի և իր ներկայացրած հոսանքի պատմագիտական պատկերացումներն ուղղակիորեն կրկնում էին թուրք և բոլշևիկյան հակահայ պատմագիտության թեզերը` սկսած դեռևս 19-րդ դարի վերջերից և շարունակված խորհրդային տասնամյակներին: Վերջին տասնամյակներին առկա և նորահայտ փաստաթղթերի հիման վրա հայ պատմաբանների կողմից Հայաստանում հրապարակվել են մի շարք աշխատություններ, որոնք կասկածի տեղ չեն թողնում թուրքական իրարահաջորդ իշխանությունների ու ռեժիմների կողմից ցեղասպանության մանրակրկիտ ու հեռահար ծրագրվածության և այս ուղղությամբ իրականացված տարբեր մակարդակի ու բնույթի գործողությունների կազմակերպված լինելու մասին: Ի դեպ, հենց Հայաստանում այդ անաչառ պատմագրությունը դժվարությամբ, սակայն կարողացել էր իր համար ճանապարհ հարթել դեռևս խորհրդային շրջանում:

Նկատի չունենալով անգամ այն պատմագիտական եւ աղբյուրագիտական հսկայածավալ նյութը, որ վաղուց շրջանառության մեջ էր սփյուռքում: Որքանով կարելի է ցեղասպանության հարցում Թուրքիայի միանշանակ պատասխանատվության, ինչպես և այդ ծրագրի դեմ հայության կազմակերպած դիմադրական շարժման բնական ու օրինաչափ լինելու վերաբերյալ եզրահանգումները, հայոց պահանջատիրության հետ կապված խնդիրները կոչել «հայդատական պատմագիտություն»` երևի քննարկման խնդիր է: Քննարկման խնդիր չէ, սակայն, այն, որ նույն հարցերում հայությանը մեղադրելը միանշանակորեն թուրք-բոլշևիկյան պատմաշինության արտադրանքն է՝ մեզ համար օտարածին, հակահայ, պարտվողական:

Այս նյութն ընթերցողը հավանաբար տպավորություն կստանա, թե հոդվածը Լևոն Տեր-Պետրոսյանի և մոտակա անցյալին պատկանող իրողությունների մասին է: Շտապեմ ասելու, որ ո՛չ. մեզ հետաքրքրողը մեր ներկա իրականությունն է՝ իր մտահոգիչ դրսևորումներով:

Եվ եթե սկսեցինք հայ-թուրքական պատմական կնճռի առնչությամբ անկախության առաջին տարիներին վերակենդանանալ փորձող խորհրդային պետական-պաշտոնական գաղափարախոսության լուսաբանումից, ապա փաստելու համար, որ այն, ինչին ականատես ենք ներկայումս, իր արմատներով ձգվում է դեպի անցած դարի 90-ականներ և այսօր էլ առնվազն վայելում է այն օրերի «գլխավոր հերոսների» խրախուսիչ վերաբերմունքը: Իր հերթին այսօրվա գլխավոր դերակատարն ու վերաթարմացվող ծրագրերի հերոսը քաղաքական-գաղափարական առումով ձևավորվել է նույն այդ միջավայրում և նույն մտածելակերպի ու արժեհամակարգի կրողն է:

Ասվածը սույն տողերի հեղինակի ենթակայական գնահատումների արդյունքը չէ, այլ փաստերի, որոնք վերջին շրջանում դուրս են գալիս ջրի երես: Հիշենք դրա օրինակներից մեկը, որը` որպես խմբագրական, հրապարակվել է 2005 թվականին «Հայկական ժամանակ» թերթում` «Մոռանալ հերոսական անցյալը» խորագրի ներքո. «Եկեք դադարենք մեր նախնիներին գովաբանել և շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ի՞նչ են թողել իրենց հետևից: Ոչինչ, ավելի քան ոչինչ:

Ոչինչ, որովհետև ոչինչը այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետև մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության մի այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար: Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ: Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով»:

Իրենց ժառանգների համար կենդանիների չափ վաստակ չունեցած նզովյալ նախնիները ժառանգել են նրանց ստորացումներ, դավաճանություններ, անբարոյականություն և… ցեղասպանություններ: Եթե տեղին ու անտեղի հայ ժողովրդին սեր խոստովանող ազգային նոր «առաքյալի» երեկվա գնահատականներն իր անցյալի ու իր նախնիների մասին մի կողմ թողնենք, ապա ինչո՞վ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական ժառանգորդը չէ մեկը, ով ի՛ր նախնիներին է մեղադրում «ցեղասպանություններ ժառանգություն» թողնելու մեջ: Գուցե ավելորդ չէ հիշելը նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պարտադրած քարոզչության բեմերից մեկը հենց նույն Նիկոլ Փաշինյանի աշխատակցած և գլխավորած թերթերն են եղել:

Այնուամենայնիվ ընդունենք, թե մարդը կարող էր ժամանակի ընթացքում վերափոխվել և կտրել պորտալարը իր գաղափարական անցյալի հետ: Ներկան, սակայն, այս իմաստով շատ ավելի վարդագույն չէ: Նախ անդրադառնանք Արցախի հարցին:
Խաղաղասիրական կոչերը, Արցախյան խնդրի համար բոլոր կողմերին բավարարող լուծումներ գտնելու առաջարկությունները, Հայաստանը անարդար և ագրեսիվ կողմ պիտակավորող որակումներին չարձագանքելը, վերջապես` Արցախյան պայքարի ղեկավար գործիչների դեմ ծայր առած հետապնդումները «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» «երգի» շարունակությունը չե՞ն արդյոք:

Կարելի է ըմբռնումով մոտենալ նոր ու երիտասարդ իշխանությունների կողմից համընդհանուր բարեփոխումների ծրագիր իրականացնելու ցանկությանը: Ինչո՞ւ, սակայն, այդ փոփոխություններն ի սկզբանե պետք է ուղղվեին ազգային արժեքների, հայագիտության և մշակույթի դեմ:

Կենտրոնանալով, սակայն, մեր բուն ասելիքի վրա` անդրադառնանք կրթական նոր չափորոշիչների անվան տակ թուրքերի հետ համատեղ վերջիններիս կամ այլ օտար աղբյուրների ֆինանսավորմամբ հայոց պատմությունը թուրքանպաստ խմբագրման ենթարկելու փաստին, գրականության ծրագրերն իրենց ազգային և պատմական էությունից ամբողջովին զատելու փորձին: Որ այս դավադրության հեղինակները հրաշալի գիտակցել են իրենց կատարածի ապազգային ու հանցավոր բնույթը, վկայում են թեկուզ այն փաստերը, որ ողջ գործընթացն իրականացվել է գաղտնաբար, կասկածելի կարողության տեր, հանրության համար անհայտ «մասնագետների» կողմից:

Գաղտնիք չէ, որ այս իշխանությունն այնքան է կենտրոնացած մեկ անձի ձեռքում, որ արմատական փոփոխությունների ծրագիր, այն էլ` օտար միջամտությամբ, չէր կարող նախաձեռնվել առանց վարչապետի գիտության ու հավանության: Այս հարցում մեր ենթադրությունները նույնիսկ ավելորդ են, որովհետև, բարձրացված աղմուկին արձագանքելով, հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ ձեռնարկված բարեփոխումները միանշանակորեն իրականացվելու են: Նոր, այսպես կոչված, կրթական չափորոշիչներին մակերեսային ծանոթությունն իսկ փաստում է, որ դրանք կոչված են մասնավորապես բավարարելու այն պահանջները, որոնք հայկական կողմի առջև դրվում էին դեռևս լևոնտերպետրոսյանական ժամանակներում:

Այսօրվա համընդհանուր փոփոխությունների համառ ջանքերը նկատի ունենալով` արժե փոքր-ինչ անդրադառնալ նաև այն հարցին, թե ի վերջո ինչ նպատակ է հետապնդվում:

Հայացք նետելով երեսնամյա գործընթացներին` ակնառու է դառնում, որ շատ ավելի մեծ խաղադրույք է դրված սեղանին, և խաղի մասնակիցներն էլ շատ ավելին են:

Ճիշտ նույնքան ժամանակ փորձ է արվում Հայաստանը կտրելու Ռուսաստանից, որպեսզի վերջինիս կապող հայկական խարիսխը կորցրած Կովկասը քշվի այլ ուղղությամբ: 2018 թվականի հոկտեմբերին Հայաստան ժամանած` ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը շատ պարզորոշ խորհուրդ տվեց (կամ գուցե հրահանգեց) Հայաստանին հրաժարվելու իր պատմական մտայնություններից և փոխելու քաղաքական արևելումները՝ Իրանից ու Ռուսաստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան:

Կարելի է պնդել, որ գրեթե 30 տարի Հայաստանին պարտադրվող հայ-թուրքական հաշտությանը հասնելու ծրագրերը հենց նշված վերջնանպատակն են հետապնդում: Նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանը և ողջ Կովկասը կտրել Ռուսաստանից, նրանք, ովքեր ցանկանում են Արևելքից ևս լիարժեք դարձնել Իրանի շրջափակումը և Կովկասը դարձնել լայն հենակետ Իրանի դեմ պատերազմի դեպքում, և նրանք, ովքեր ցանկանում են, որ հայ ժողովուրդը մոռանա իր պատմական խնդիրների մասին, լինի բաց ու անպաշտպան իրենց ծրագրերի իրականացման ճանապարհին, այս հարցում լուրջ խոչընդոտ են համարում Հայաստան-Ռուսասատան ռազմավարական դաշինքը: Նրանք մտածում են, որ Հայաստանի հակվածությունը դեպի Ռուսաստան պայմանավորված է հայ ժողովրդի մտահոգությամբ առ թուրքական վտանգը, իսկ եթե հայ ժողովրդի գլխից հանվի պատմական հիշողությունը՝ ցեղասպանության, ազգային դատի և կորուսյալ հայրենիքի վերաբերյալ մտքերը, ապա կվերանա նաև թուրքական վտանգի գիտակցությունը, հետևաբար և ավելորդ կդառնա Հայաստանում ռուսական զորքի ներկայությունը եւ ռազմավարական համագործակցությունը վերջինիս հետ: Սրա կողքին զիջելով նաև Արցախը` Հայաստանն այլևս խնդիր չի ունենա դռները լայն բացելու Ադրբեջանի և Թուրքիայի առջև:

Այսպես մտածողների ու աշխարհը վերաձևել ծրագրողների համար տվյալ խնդրի լուծումը միայն մեկ մակարդակի քարոզչաքաղաքական խնդիր չէ: Ամեն ժողովուրդ, այդ թվում` և ներկա քաղաքակրթության առաջամարտիկները, առհասարակ պահպանողական են սեփական ավանդույթների, արժեհամակարգերի հարցում: Այդ համակարգերը նրանց ինքնությունն ու ինքնուրույնությունը պահպանող զրահներ են, պատյաններ են, և այդ պատյանը կամ զրահը շատ ուժեղ է նաև հայ ժողովրդի դեպքում: Ըստ էության, հավատքի, մշակույթի և ավանդույթների պատմական շաղախից ձևավորված այդ պատյանն է, որ պատմության թատերաբեմում հայ ժողովրդի գոյությունը ապահովել է վերջին գրեթե երկու հազարամյակների ընթացքում:

Ինչպես ամենուր, այո՛, նաև Հայաստանում կարելի է իշխանության բերել ցանկացած ուժի, բայց երբեք և ոչ մի տեղ դրածո իշխանություններին հնարավոր չէ երկար պահել և այդ երկրում իրականացնել հեռահար հեղաշրջիչ ծրագրեր, եթե գոյություն ունի հակադրություն իշխանության գործունեության և ժողովրդի ինքնությունից բխող սկզբունքների միջև: Հետևաբար խնդիր է դրվում փոփոխելու ժողովուրդների ինքնությունն ու հոգեկերտվածքը: Նրանք, ովքեր ամբողջ աշխարհում աճեցնում են բաց հասարակությունների ցանցը, այդ ցանցում հայտնվողների կարծիքով, բացում են ազատության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կերտման դռները, իսկ նախաձեռնողների խնդիրը հասարակությունները բացելը, նրանց պատյանը, ինքնության ամրոցները փլուզելն ու նրանց անպաշտպան դարձնելն է: Սա է պատճառը, որ նոր ուժերի` իշխանության գալուց անմիջապես հետո սկսվեց հարձակումը ազգային եկեղեցու, ազգային կուսակցության, հայագիտության, ազգային կրթության եւ մշակույթի դեմ:

Մինչև հայագիտության ու ազգային կրթության դեմ հայ-թուրքական դավադրության բացահայտումը գուցե դեռ կարելի էր մտածել, թե երիտասարդ իշխանությունն անգիտակցաբար սխալներ է թույլ տալիս: Այս վերջին փաստով կարմիր գիծ է գծվում ազգայինի ու ապազգայնության միջև, և մեզանից ամեն մեկը պետք է կողմնորոշվի, թե ինքը գծի որ կողմում է: Ըստ էության, այս գիծը եղել է միշտ, անցնում է մեր ողջ պատմության միջով: Ուղիղ հարյուր տարի առաջ այդ գծի առջև հայտնվեցին օտարածին բոլշևիկներն իրենց համախոհների հետ և ազգի մնացած հատվածը: Իմաստուն Դերենիկ Դեմիրճյանը, իր պատմավեպն անվանելով «Վարդանանք», ևս մեկ անգամ գծեց կարմիր գիծը Վարդանանց տեսակի և Վասականց տեսակի միջև, նրանց, ովքեր պատրաստ են դիմանալու, պայքարելու ու մեռնելու վասն հայրենյաց, վասն հավատո, և նրանց միջև, ովքեր հակված են համակերպվելու, հանձնելու, փոխվելու՝ գուցե ապահովելով ֆիզիկական գոյությունը, բայց մեռնելով որպես տեսակ: Այսօր կանգնած ենք նույն կարմիր գծի առջև, և յուրաքանչյուրս պետք է կատարի իր ընտրությունը:

Ա. Շ.

«Դրօշակ»ի առաջնորդող,

թիվ 9 (1643), սեպտեմբեր, 2020 թ.

1