Յուրաքանչյուր նահանջ մեզ ավելի է մոտեցնում մեծ աղետի
Ադրբեջանը պատահական չի ընտրել հայ պատանդների դատավարության օրը։ Հունվարի 27֊ին` Հայոց բանակի օրվա նախօրյակին, հերթական դատավարությունն է, որով Ադրբեջանը փորձում է ընկճել հայ ժողովրդի հաղթական ոգին, կոտրել պայքարի դրսեւորման ցանկացած փորձ։
Ադրբեջանը շարունակում է առաջնորդվել նույն սկզբունքով․ պատերազմի սպառնալիքով, երկաթե բռունցքի կիրառմամբ` ճնշում գործադրել ՀՀ ներկա իշխանությունների վրա, ովքեր ենթարկվելով ճնշումներին՝ հրաժարվում են ոչ միայն Արցախից, այլեւ ազգային նպատակներից ու առաջնահերթություններից։ Պայքարով, արյամբ հաղթանակ կերտել եւ այն հանձնել թշնամուն` առավել քան դավաճանություն է սեփական երկրի ու ժողովրդի եւ մեր նահատակների նկատմամբ, որոնց արյամբ եւ զոհողությամբ կերտվել են այդ հաղթանակները։
Այդ բոլոր նվաստացումների հետ միասին հայ ռազմական եւ քաղաքական գործիչները ոչ միայն դատվում են Բաքվի բանտերում, այլ նրանց մի մասին նաեւ սպառնում է ՀՀ բանտերը։ Ակնհայտ է, որ գաղտնի պայմանավորվածությունների շղթան բերեց ոչ միայն Արցախի կործանման, այլեւ մեր հաղթանակների ստվերման, Հայոց բանակի փառքի ոտնահարման։ Անթույլատրելի է այս անվերջացող նահանջների մեջ շարունակել հանդուրժել ազգային պահանջատիրության անտեսումն ու մեր ինքնության նվաստացումը։
Յուրաքանչյուր նահանջ մեզ ավելի է մոտեցնում մեծ աղետի։ Ամուր պետության երաշխավորը՝ հզոր, մարտունակ բանակն է։ Աշխարհաքաղաքական ներկա հանգրվանում, հրամայական է՝ վերականգնել Հայոց բանակի երբեմնի փառքը՝ հանուն այն նվիրյալների, որոնց արյան գնով մեր ժողովուրդը ամրագրեց ազատ ապրելու իր կամքը։
«Ապառաժ»-ի խմբագրական
27 հունվար, 2025թ․