Յուրաքանչյուր արցախցի ունի իր պատմությունը, սակայն բոլորիս պատմությունների մեջ կա մեկ ընդհանրություն՝ բռնատեղահանում․․․
Գլխավոր » Լրահոս » Յուրաքանչյուր արցախցի ունի իր պատմությունը, սակայն բոլորիս պատմությունների մեջ կա մեկ ընդհանրություն՝ բռնատեղահանում․․․

Յուրաքանչյուր արցախցի ունի իր պատմությունը, սակայն բոլորիս պատմությունների մեջ կա մեկ ընդհանրություն՝ բռնատեղահանում․․․

Յուրաքանչյուր արցախցի ունի իր պատմությունը, սակայն բոլորիս պատմությունների մեջ կա մեկ ընդհանրություն ՝ բռնատեղահանում․․․

Նինել Գաբրիելյանը Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում։ Որպես մշակութային հարցերի կազմակերպիչ հունվարից աշխատանքի է անցել Արտաշատի <<Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ում։

Արցախում նա բազմաբնույթ աշխատանքներ էր իրականացնում։ 7 տարի աշխատել է մշակութային ոլորտում, իսկ վերջին 4 տարին ԱՀ բնապահպանության նախարարության մամլո խոսնակն էր։ Նինելը զբաղվում էր նաև հանդիսավարությամբ։

-Ինչպե՞ս եք հարմարվում արցախցու նոր կարգավիճակին։

-Յուրաքանչյուր արցախցի ունի իր պատմությունը, սակայն բոլորիս պատմությունների մեջ կա մեկ ընդհանրություն ՝ բռնատեղահանում․․․ Երբ Արցախից տեղահանվեցինք ու բնակություն հաստատեցինք Արտաշատում, շատ էինք ճնշված։ Հատկապես այն, որ մարդկային կորուստներով ենք դուրս եկել, ավելի էր դժվարացնում հարմարվել իրականությանը։ Հետզհետե կյանքի վերադարձանք, և հունվարին մտա աշխատանքի, ինչի համար շնորհակալ եմ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին, համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի հարցերով բաժնի պետ Անահիտ Խաչատրյանին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանին՝ ինձ վստահելու համար։ Դա մեծ օգնություն էր մեր ընտանիքի համար դժվար ժամանակահատվածում։ Միաժամանակ աշխատանքի մեջ խորասուզվելով, մի փոքր կտրվեցի մտատանջող մտքերից ու խնդիրներից։ Քանի որ Արտաշատը խոշորացված համայնք է և իր մեջ ներառում է 38 բնակավայր, ապա կարևոր է մշակութային կյանքն ակտիվ պահել բոլոր բնակավայրերում։ Իմ աշխատանքն ու շփվող բնավորությունս թույլ են տալիս ծանոթանալ գյուղերի մշակույթին, սովորույթներին։ Արտաշատի համայնքում բնակվում են շատ արցախցի ընտանիքներ, բոլորս իրար հետ ունենք հաստատուն կապ, այստեղ պահպանում ենք մեր արցախյան բոլոր ավանդույթները։

Սեպտեմբերի 25-ի առավոտյան, երբ պատրաստվում էինք դուրս գալ, մտածում էի՝ ինչ վերցնել։ Խուճապի մեջ էինք։ Մի քանի հագուստ ու փաստաթղթեր վերցնելուց հետո աչքովս ընկավ իմ բարձրախոսը։ Այդ պահին չէի պատկերացնում, որ կարող է այն ինձ պետք գալ, սակայն 10 տարի իմ հետ ճանապարհ անցած բարձրախոսս չէի կարող թողնել թշնամուն։ Տեղավորեցի իրերիս մեջ ու հետս բերեցի Արտաշատ։ Այժմ աշխատանքիս հետ մեկտեղ զբաղվում եմ նաև հանդիսավարությամբ։ Այստեղ հաստատվելուց մի քանի ամիս անց մեծ էր ուրախությունս, երբ արցախցիները սկսեցին դիմել ինձ՝ իրենց տոնակատարությունները վարելու համար։ Անկախ ամեն ինչից՝ չէի կարող մերժել։ Ես հասկացա, որ արցախցիներս մի մեծ ընտանիք ենք, որտեղ բոլորը պարտավոր են սիրել ու ընդառաջել իրար։ Հետո սկսեցին իմ ծառայություններին դիմել նաև հայաստանաբնակները։ Հանդեսներում երբեմն ասմունքում եմ ու ինձ թվում է, թե Արցախիս բեմերում եմ։ Շատ եմ կարոտում Արցախի իմ գործընկերներին, մտերիմներին։ Ճակատագիրն անգթորեն մեզ հեռացրեց իրարից, սակայն չեմ ուզում կորցնել հույսս, որ Արցախի էջը դեռ փակված չէ։

-Լսել ենք, որ սկսել եք զբաղվել նաև արցախյան փախլավայի արտադրանքով։

-Մասնակցել եմ ԵԽՀ հայաստանյան <<Կլոր սեղան>> հիմնադրամի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար կազմակերպվող դասընթացներին։ Հայտ եմ լրացրել, ընդգրկվել սովորողների ցանկում և սպասում եմ հանձնաժողովի արդյունքներին։ Հնարավոր է դրամաշնորհ շահեմ։ Նպատակ ունեմ ընդլայնել ընտանեկան մեր բիզնեսը, ու արցախյան փախլավայի արտադրանքը ընդլայնել։ Ես ու ամուսնուս մայրն ենք պատրաստում և իրացնում Արտաշատի խանութներում, ինչպես նաև ունենք անհատ մարդիկ, որ պարբերաբար պատվիրում են՝ ցանկանալով ճաշակել հատկապես արցախյան խմորեղենը։ Ձեռնարկատիրությամբ զբաղվելու գաղափարն իմ մոտ ծագել է ամուսնուս մորը անգործ չթողնելու համար։ Մեկտեղելով մեր ջանքերը՝ կարծում եմ, որ կկարողանանք հասնել հաջողության։ Մեր փախլավան լավ է ընդունվել արտաշատցիների կողմից, գները մատչելի են, պահանջարկը՝ արդեն մեծ։

Նինելը չէր կարող չհիշել նաև արցախյան իր հրաշք մանուշակների մասին․

-Մեծ սեր ունեմ մանուշակների հանդեպ։ Իմ տան պատուհանագոգերին ամեն գույնի մանուշակներ կային։ Աճեցնում էի, խաչաձևում ու նոր գույներ ստանում, անգամ անուններ էի դնում, հետները զրուցում։ Շրջափակման ժամանակ ծաղկամաններ էի գտնում, որ ծաղիկներիս նոր կյանք տամ։ Վերջին պահին ջրեցի ծաղիկներս ու տանից դուրս եկա։ Մենակ թողեցի նրանց․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1