ԵԽ բանաձևը քաղաքավարության դրսևորում է, այն Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չի ունենալու. Լարիսա Ալավերդյան
Գլխավոր » Լրահոս » ԵԽ բանաձևը քաղաքավարության դրսևորում է, այն Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չի ունենալու. Լարիսա Ալավերդյան

ԵԽ բանաձևը քաղաքավարության դրսևորում է, այն Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չի ունենալու. Լարիսա Ալավերդյան

Հակառակ հումանիտար ճգնաժամը դատապարտող կոչերի, բանաձևերի ու հայտարարությունների՝ 43-րդ օրն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է:

Փորձագիտական տարբեր շրջանակներ, թեև կարևորում են ապաշրջափակմանն ուղղված հերթական միջազգային արձագանքը՝ Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը, այդուահանդերձ, կարծում են, որ դա ևս որևէ ազդեցություն չի ունենա Ադրբեջանի վրա:

Նկատենք՝ բանաձևը ենթադրում է ԵԽ-ի կողմից շուրջ 11 քայլ, այդ թվում՝ Ադրբեջանին կոչ է անում հարգել և կյանքի կոչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անմիջապես վերաբացել Լաչինի միջանցքը, ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, Ադրբեջանին կոչ է անում ապագայում զերծ մնալ տրանսպորտի, էներգետիկայի և հաղորդակցական կապերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև խաթարելուց, կոչ է անում միջազգային կազմակերպություններին անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Ուշադրության է արժանի հատկապես այն, որ ԵԽ-ն հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց մեջ է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ԵԽ բանաձևը համարում է բացառապես քաղաքավարության դրսևորում և դրանից մեծ ակնկալիքներ չունի:

«Այսօր չէ, որ իրենք հասկացել են՝ ինչ է տեղի ունենում Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ: Բայց այն, ինչ նրանք ասում են, քաղաքավարության դրսևորում է, ինչը ես ողջունում եմ, քանի որ ինչը մինչ այսօր չի ասվել, այսօր ասվում է: Սակայն համոզված եմ՝ այս բանաձևն Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չի ունենալու, եթե ԵՄ կողմից Ադրբեջանի վրա չկա մեզ համար անհայտ այլ ճնշման ձևեր, կամ մեզ համար հայտնի՝ սանկցիաների կիրառումը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանը նկատեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո վրդովված է Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի կեցվածքից՝ շեշտելով, որ ցայսօր, բացի քաղաքավարության և բարեկրթության դրսևորումներից, այլ բանի ականատես չենք լինում:

«Ողջունում եմ որոշ շեշտադրումների փոփոխությունը, բայց շատ մեծ բան չեմ սպասում»,- հավելեց նա:

1