Եթե թողնում և գնում են, նշանակում է՝ հաշվի չեն նստում ամիսներ շարունակ միջանցքի բացման համար պայքարող մարդկանց որոշման հետ․Ազատ Ադամյան

Ադրբեջանը տարբեր քարոզչական նյութերով փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախը շրջափակման մեջ չէ։ Թշնամական կողմը օգտագործում է քաղաքացիների կողմից տարբեր պատճառներով անցակետի հատման ժամանակ արված տեսագրությունները։ «Թե որքան ընդունելի է այս ամենը մեր հասարակության համար» հարցի պատասխանն իմանալու համար «Ապառաժ»-ը զրուցում է հասարակության ակտիվ անդամների հետ, այս անգամ՝ Ազատ Ադամյանի հետ։
Անհատ ձեռնարկատեր Ազատ Ադամյանը կարծում է, որ նրանք, ովքեր գնում են կամավոր, այլ ոչ թե առողջական խնդիրներից ելնելով, անտեսում և հաշվի չեն նստում այն մարդկանց որոշման ու կարծիքի հետ, ովքեր ամիսներ շարունակ պայքարում են միջանցքի ապաշրջափակման համար։
«Ակամայից ստացվում է, որ յուրաքանչյուր ոք, ով ադրբեջանցի սահմանապահ զորքերին ցույց է տալիս իր անձնագիրը, ուրեմն՝ համաձայն է անցակետի առկայության հետ, բայց մարդիկ հաշվի չեն առնում, որ անցակետով անցնելու ընթացքում նրանց տվյալները հավաքագրվում են, և վաղը կամ մյուս օրը հնարավոր է պատերազմին մասնակցած քաղաքացիների տվյալները նույնականացնեն ու թույլ չտան հատել սահմանը կամ որպես հետախուզում հայտարարված անձի ձերբակալեն ու իրենց կարծիքով արդար պատժելու համար բանտարկեն կամ սպանեն, իսկ դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրելու»,-ասել է Ազատ Ադամյանը։
Նրա խոսքով՝ անցակետը շահագործելու հետեւանքով մենք աշխարհին ցույց ենք տալիս, թե Ադրբեջանը մեզ շրջափակման մեջ չի պահում, և մենք ունենք ազատ տեղաշարժի հնարավորություն, իրավունք, ինչի մասին և պնդում է Ադրբեջանը։
Ա․ Ադամյանը համարում է, որ կան մարդիկ, ովքեր ծանր հիվանդության պատճառով ստիպված են մեկնում Երևան՝ այնտեղ բուժվելու, սակայն միաժամանակ նաև կան մարդիկ, ովքեր, օգտվելով առիթից, ոչ հրատապ պատճառներով լքում են իրենց հայրենի հողը՝ թե՛ խնջույքների, թե՛ ուրախությունների, թե՛ հանգստանալու, թե՛ օտար երկրներ մեկնելու համար։
«Եթե մարդ առողջական խնդիրներով պայմանավորված ստիպված է մեկնում Երևան, իրենք էլ ուրախ չեն դրա համար, բայց ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, որ չգնալը մարդու կյանքի համար վտանգ է ներկայացնում, իսկ մենք տվյալ պահին կորուստներ ունենալ չենք կարող, մեզ համար յուրաքանչյուրի կյանքը թանկ է։ Եթե մարդիկ գնում են այլ նպատակներով՝ հարսանիք, ծնունդ կամ հանգստի, ես մտածում եմ, որ նրանք կարող են հրաժարվել այդ մտքից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շատերը չեն գնացել իրենց հարազատների հուղարկավորությանը, շատ ծնողներ ամիսներ շարունակ չեն այցելում իրենց որդիների շիրիմներին՝ չնայած հնարավորություն ունեցել են գրանցվելու և Երևան մեկնելու, բայց հրաժարվել են, քանի որ գիտակցում են, որ անցակետը հատելով լեգիտիմացնում են այն։
— Իմ շփումների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ նման դեպքերը չեն ողջունվում հանրության կողմից։
Եթե մարդիկ թողնում և գնում են, նշանակում է՝ հաշվի չեն նստում այն մարդկանց որոշման ու կարծիքի հետ, ովքեր ամիսներ շարունակ պայքարում են միջանցքի ապաշրջափակման համար»,-եզրափակել է Ազատ Ադամյանը։