Եթե ոմանց թվում է, թե ԼՂ-ն իրենց սեփական կալվածքն է, ցանկության դեպքում ում ուզենան կարող են փոխանցել, չարաչար սխալվում են․ Մարսել Պետրոսյան

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանի ելույթը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստին․
«ԱԺ մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ,
մենք արդեն կորցրել ենք այն թիվը, թե այս 2,5 տարիների ընթացքում քանի անգամ ենք հանդես եկել հայտարարությամբ և, ըստ էության, ձայն բարբառո հանապատի, և ոչ մի արդյունք։
Ավելի ցավալի է այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս իշխանության մի խումբ ներկայացուցիչներ մեր հայտարարությունները համարում են միջամտություն Հայաստանի ներքին գործերին։
Ես կուզեի այս ամբիոնից ասել, որ ԼՂ-ն երբեք չի միջամտել ՀՀ ներքին գործերին ո՛չ նախկինում, ո՛չ երեկ, ոչ էլ այսօր, որովհետև ԼՂ-ն սովորական տարածք չէ, ԼՂ-ն երկիր է, հայրենիք է, օջախ է և եթե ոմանց թվում է, թե ԼՂ-ն իրենց սեփական կալվածքն է, ու ցանկության դեպքում ում ուզենան, կարող են փոխանցել, չարաչար սխալվում են։
ԼՂ ողջ պատմությունը հագեցված է պայքարով, այդ պայքարը վաղուց է, այդ պայքարը շարունակվում է նաև ասյօր։ Փաստորեն, այսօր մենք մեր ուսերին կրում ենք այն ծանրությունը, որ պատմությունը առաջադրել է մեզ բոլորիս։ «Միասնական հայրենիք» խմբակցությունը պայքարել է, պայքարում է և պայքարելու է ԼՂ-ում տեղի ունեցած հանրաքավեի արդյունքները իրականացնելու, կենսագործելու համար։ Մենք ոչինչ չենք խնայելու այդ նպատակին հասնելու համար՝ անկախ նրանից, թե ովքեր, որտեղ, ինչպես են մտածում, ինչ վերաբերմունք, տեսակետ, կարծիք ունեն ԼՂ-ի և նրա ժողովրդի հանդեպ։
Ես ավելի քան համոզված եմ, որ ամեն ինչ չէ, որ կորած է։ Մենք կարող ենք սկսել այդ պայքարը նորից և այն պսակել հաջողությամբ՝ ի լուր աշխարհի ներկայացնելով մեր խառնվածքը, մեր բնակչությունը, մեր հաստատակամությունը, որ մենք մտադիր ենք այս տարածքում ապրել, ստեղծագործել, կառուցել և դա մենք անելու ենք ի հեճուկս մեր բոլոր թշնամիների՝ լինեն հարազատ հակառակորդներ, թե իրական»։