Եթե մենք ուզում ենք ապրել այս հողում, պետք է պայքարենք. Գարուշ Սարգսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Եթե մենք ուզում ենք ապրել այս հողում, պետք է պայքարենք. Գարուշ Սարգսյան

Եթե մենք ուզում ենք ապրել այս հողում, պետք է պայքարենք. Գարուշ Սարգսյան

Մարտունու շրջանի ոչ այնքան մեծ Կաղարծի գյուղի բնակիչները շարունակում են ապրել կողք կողքի՝ Ստեփանակերտ-Ննգի- Մարտունի միջշրջանային ճանապարհահատվածի հարևանությամբ: Պատերազմից հետո, ինչպես Արցախի բոլոր գյուղերում, խնդիրներն ու հոգսերը շատացել են, սակայն արցախցու տեսակն այնպիսին է, որ շարունակում է նորից շենացնել իր հողը, վերականգնել քանդվածն ու ապրել պայծառ գալիքի հույսով:

Համայնքի ղեկավարը լավատես Է թե՛ Արցախի, թե՛ իրենց գյուղերի ապագայի հարցում:

Կաղարծի համայնքի ղեկավար Գարուշ Սարգսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ 44-օրյա պատերազմն անսպասելի էր գյուղացիների համար: Թեև ներքուստ բոլորն էլ զգում էին պատերազմի վտանգը և համոզված էին, որ այն մի օր լինելու է, սակայն չէին սպասում այս մասշտաբի պատերազմի:

«Նախքան պատերազմը մարդիկ ապրում էին խաղաղ, զբաղվում հողագործությամբ ու անասնապահությամբ, իրենց առօրյա հոգսերով: Բոլորն ապրում էին բարեկեցիկ կյանքով, և կարծես թե առաջին պատերազմի հետևանքները կարողացել էին հաղթահարել ու հունի մեջ ընկել, բայց չարաբաստիկ պատերազմը մարդկանց հույսերն ու երազանքները կիսատ թողեց»,-ասել է Գ. Սարգսյանը:

Գ. Սարգսյանի խոսքով՝ Արցախի ժողովուրդն իր ողջ ներուժը կենտրոնացրել էր պատերազմին դիմակայելու համար:

«Ամեն մի երիտասարդ, ամեն մի զինվորական իր նվիրական գործով փորձում էր կանխել թշնամու առաջխաղացումը, սակայն, ցավոք սրտի, մենք կրեցինք դաժան պարտություն:

Պատերազմի ընթացքում գյուղի տղաներն իրենց մասնակցությունն են բերել առաջնագծի պաշտպանությանը: Ունեցել ենք 3 զոհ: Մեկ հոգի արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, մյուսը՝ 2-րդ աստիճանի շքանշանի:

Մենք մի վարկած ունենք, որ մեր պարտությունը ոչ այնքան թույլ դիմադրության պատճառով էր, այլ այնպիսի ներքին ուժերի, ովքեր խառնեցին ամեն ինչ և մեզ հասցրին պարտության: Մեր զինվորը չի պարտվել,  քանի որ իրենք հայրենասիրական ոգով տոգորված իրենց կռիվը տարել են մինչև վերջ՝ իրենց արյան գնով, իրենց կյանքը վտանգելով»,- նշել է Գ. Սարգսյանը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ նույնիսկ այն պահին, երբ վտանգված էր Մարտունին, ոչ ոք չի լքել գյուղը:

«Զինադադար չենք կարող ասել, որովհետև ամեն օր կրակոցներ լինում են, բայց հրադադարից առ այսօր համայնքից ոչ ոք չի հեռացել, տեղահանվածները վերադարձել են և նույնիսկ այս անորոշ պայմաններում շենացնում են իրենց օջախները: Այդպիսինն է հայը՝ միշտ արարող, կառուցող»,- ասել է Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ գյուղացիներն զբաղված են իրենց առօրյա աշխատանքներով: Իսկ մեզ մնում է միայն պայքարել և մինչև վերջին շունչը հայրենի հողում կռիվ տալ, պաշտպանել հայրենի հողը, թեկուզ պարտվել, բայց պարտվել պատվով, ոչ թե վիզը մեկնել յաթաղանի առջև:

Պատերազմի ընթացքում Կաղարծին գնդակոծվել է մոտ 150 անգամ, որի արդյունքում վնասվել է 14 տուն:

«4 տուն վերանորոգվել է, մյուսներն ընթացքի մեջ են: Գյուղում վերանորոգվել և որպես բազմաբնակարան շենք շահագործման է հանձնվել 80-ականներին դպրոցի համար նախատեսված շենքը, որի շինարարական աշխատանքները դադարեցվել էին Արցախյան շարժման ժամանակ: Շենքի կառուցումը նախատեսված էր մինչև պատերազմը, որի բնակարանները պետք է հատկացվեին գյուղի  երիտասարդ ընտանիքներին: Պատերազմի ավարտից  անմիջապես  հետո սկսվեցին շինարարական աշխատանքները, սակայն արդեն նախատեսված էր ոչ միայն երիտասարդների, այլև տեղահանված ընտանիքների համար»,- նշել է համայնքի ղեկավարը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ թեև  2021-ին սկսվել և ավարտին են հասցվել գյուղի հիմնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, սակայն գյուղի խնդիրների մեջ շարունակում է առաջնային մնալ ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը, քանի որ կան ճանապարհներ, որոնք անանցանելի են մեքենաների համար և խնդիրներ են առաջացնում՝ անասնակերի և փայտի մթերման հետ կապված: 

Գ. Սարգսյանը գյուղի խնդիրների մեջ առանձնացրեց նաև միջոցառումների տան վերանորոգման և մարզադահլիճի կառուցման անհրաժեշտությունը, որի պակասը շատ է զգացվում, սակայն ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, այն հրատապ չհամարեց: Գյուղում գործում է բուժկետ, դպրոց, որի շենքը հին, սակայն բարեկարգ վիճակում է:

Պատերազմից հետո Կաղարծիում հաստատվել է բռնի տեղահանված 10 ընտանիք և 4-ը՝ այլ շրջաններից:ա

Գարուշ Սարգսյանը ելքը ստեղծված իրավիճակից պատկերացնում է ժողովրդի համախմբվածությամբ ու հողին կառչած մնալու մեծ ցանկությամբ: Նա կարևորել է նաև հայրենադարձության անհրաժեշտությունը:

«Եթե այս պահին մենք ունենանք 500 հազար բնակիչ, ապա ալիևյան հորջորջանքները կպակասեն: Մենք միայն մեր սրով ու վահանով պետք է պաշտպանենք մեր հողը, ուրիշների վրա հույս դնել պետք չէ: Ո՞վ պետք է գա մեզ պաշտպանի, եթե մենք չենք պաշտպանում ինքներս մեզ: Եթե մենք ուզում ենք ապրել այս հողում, պետք է պայքարենք. առանց պայքարի ապագա չունենք»,-ասել է Գ. Սարգսյանը:

Վահագն Խաչատրյան

1