Եթե մարդ եք իրոք
Գլխավոր » Լրահոս » Եթե մարդ եք իրոք

Եթե մարդ եք իրոք

            Ըստ երեւույթին՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավը գրեթե չի մտածում իր թանկագին առողջության մասին։ Կամ գուցե եւ մտածում էլ է, բայց ահա Արցախի իշխանությունները հակառակի պես առիթը բաց չեն թողնում հերթական անգամ խաթարելու նրա առանց այն էլ ծայրահեղ սրված հոգեվիճակը:

             Ահա այս անգամ էլ, լավ իմանալով, որ դա խիստ վտանգավոր է հարեւան երկրի իշխանավորների առողջության համար, պաշտոնական Ստեփանակերտը դարձյալ աշխատանքային այցով պետական պատվիրակություններ է ուղարկել արտերկիր։ Թեկուզ քաջ գիտե, որ նման այցերը խիստ հակացուցական են Բաքվի համար: Զուր չէ, որ նա մշտապես փորձում է այցերն այդ արգելափակել բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով։ Իհարկե, եթե միայն նախապես տեղյակ է լինում Ստեփանակերտի նման մտադրությանը։ Բայց Բաքվի համար վատն այն է, որ այդ մասին նախօրոք չի ծանուցվում, այլ հայտնվում է միայն դրանց ընթացքում, երբ, ինչպես ասում են, գնացքն արդեն մեկնած է լինում: Եվ Բաքվին այլ բան չի մնում, քան կառամատույցում բռունցք ճոճել թափ առած շարժակազմի ետեւից։ Էհ, ինչ արած՝ խաղի կանոներն իրենք են հորինել եւ իրենք էլ ընկել են իրենց իսկ վառած կրակի մեջ։ Այլապես՝ ողջախոհ պահվածքի պարագայում ոչ թե բռունցք կճոճեին դատարկ կառամատույցից, այլ ձեռքի թեթեւ թափահարումներով դրացիաբար բարի ճամփա կմաղթեին գործով օտար ափեր մեկնող արցախցի պաշտոնյաներին։ Հարեւաններ ենք, չէ՞։  Պատմական ճակատագրի չար բերումով, իհարկե:

            Հետեւապես, գոնե արտաքուստ, գոնե դրսի աչքի համար դրացուն վայել պահեն իրենց։ Բայց երեւի թե Բարձրյալի կողմից մարդկությանը շնորհք բաժանելիս ներկա չեն եղել այդ պատմական արարողությանը։ Ասենք՝ ինչպե՞ս կարող էին ներկա լինել, երբ այդ անհիշելի ժամանակներում իրենք նույնիսկ չկային էլ, այսինքն՝ գոյություն չունեին ոչ որպես ազգ, ոչ ժողովուրդ եւ ոչ էլ, մանավանդ, պետություն ու պետական իշխանություն։ Ախր, շատ նոր են, ընդամենը մեկ հարյուրամյակ ու գումարած եւս մեկ տարի։ Եթե, անշուշտ, հաշվարկը կատարենք 1918թ. մայիսից, երբ մերձկասպյան այս տարածաշրջանում թուրքական սվինների օգնությամբ ստեղծվեց արհեստածին Ադրբեջանի առաջին հանրապետությունը՝ այդպես էլ չարժանանալով Ազգերի լիգայի կողմից ճանաչվելու բախտին, ինչպես ճանաչվեցին, օրինակ, հարեւան Հայաստանի եւ Վրաստանի առաջին հանրապետությունները։ Բայց դա հայերիս ու վրացիների մեղքը չէ ամենեւին, եւ Երեւանն ու Թիֆլիսը հազիվ թե այն խառնակ ժամանակներում ի զորու լինեին որեւէ կերպ աջակից լինել հարեւան Բաքվին։

            Բայց ահա նույն այդ հարեւան Բաքուն, որ վերջապես բախտ է ունեցել   անցած դարի 90-ականների սկզբներին անկախ պետականություն հռչակել ադրբեջանական ժողովուրդ կոչեցյալ նախկին խաշնարած ամբոխին երբեք չպատկանած հսկայական հողատարածքներում, այսօր արդեն փորձում է խաղի իր կանոնները թելադրել դրկից պետություններին, Հայաստանին, Արցախին ու Վրաստանին։ Իհարկե, թող վրացիներն իրենք մտահոգվեն, թե այդ ինչպես դարձավ, որ իրենց հինավուրց սրբավայրի՝ Դավիթ Գարեջի վանական համալիրի մի զգալի հատվածն արգելափակված է հարեւան Ադրբեջանի կողմից, եւ կամ ինչպես ստացվեց, որ ադրբեջանական զորքերը, առաջնորդվելով ՙԷս սարն իմն է, էս ծառն իմն է՚ քոչվորական հանգի իրենց սկզբունքով, հանկարծ ինքնագլուխ դիրքավորվեցին Վրաստան-Հայաստան-Ադրբեջան սահմանագծի խաչմերուկի բարձունքներում։   Այնպես որ, մենք՝ հայերս, անցնենք օրվա մեր տաք խնդրին։

            Իսկ օրվա մեր տաք խնդիրը Բաքվի ջղագրգիր արձագանքներն են Արցախի Հանրապետության կառավարության անդամներ՝ նախարարներ Մասիս Մայիլյանի եւ Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունների վերջերս արտերկիր կատարած կարճատեւ աշխատանքային այցերին։

            Ինչպես հայտնի է, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Մելքումյանի ընկերակցությամբ հոկտեմբերի վերջերին աշխատանքային այցով՝ հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 3-ը, գտնվում էր Վաշինգտոնում, ապա եւ՝ հետադարձ ճանապարհին՝ Մոսկվայում։ Այդ օրերին ՌԴ մայրաքաղաքում էր նաեւ մշակույթի, երիտասարդության  հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը՝ «Հայկական մշակույթի աշնանային շրջան» փառատոնի շրջանակներում Արցախի մշակույթին նվիրված միջոցառումները կազմակերպելու նպատակով: Նախարարները ՌԴ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին եւ Ստեփանակերտի «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին: Ի դեպ, ուշագրավ է, ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ կտավներ, որոնք Արցախում մինչ այդ վրձնել էին Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից եւ այլ երկրներից Արցախ ժամանած նկարիչները։ Ինչպես տեսնում ենք, մինչ աշխարհի քաղաքական գործիչներն ու դիվանագետները ծանր ու թեթեւ կանեն իրենց պետությունների շահերն ու քայլերը միջպետական հարաբերությունների սարդոստայնում, մշակույթի այլազգի գործիչներն արդեն իսկ ասել են իրենց  վճռական ՙԱյո՚-ն արցախահայության ինքնորոշման իրավունքին եւ Արցախի Հանրապետության անկախությանը։

            Ինչ խոսք, այդ այցերի մեջ արտառոց կամ միջպետական աղմուկի տեղիք տվող ոչինչ չկա։ Սովորական աշխատանքային այցեր էին՝ նշված երկրների մուտքի պաշտոնական թույլտվությամբ, ինչն առաջին անգամը չէ, որ կատարվում են տարիներ շարունակ։ Ընդ որում, ոչ միայն Ամերիկա կամ Ռուսաստան, այլեւ շատ հաճախ եվրոպական պետություններ, այդ երկրների հանրային ու պաշտոնական մարմիններում չհարուցելով եւ ոչ մի հարց՝ կապված Արցախի Հանրապետության դե-յուրե ճանաչվածության կամ չճանաչվածության հետ։ Հասկանալի է, քաղաքակիրթ ժողովուրդներ ու պետություններ են, ժողովրդավարական հանրություններ, եւ անհրաժեշտ երկխոսության հոլովույթում այնքան էլ էական չէ վաղ թե ուշ լուծելի այդ խնդիրը:

            Բայց ահա այլ է երեւույթի ընկալումը Բաքվի հիվանդագին ուղեղում։ Պատրաստ չլինելով պաշտոնական Ստեփանակերտի հետ երկխոսության, ավելին՝ ամենայն ջանքերով համառորեն խուսափելով ու հրաժարվելով երկու հարեւան երկրների միջեւ առկա հակամարտության կարգավորման շուրջ երկխոսելու հնարավորությունից, պաշտոնական Բաքուն, ավելին, անիմաստ փորձում է արգելափակել Արցախի շփումներն արտաքին աշխարհի հետ։ Բանը, իհարկե, արցախցի պաշտոնյաների սոսկ ազատ երթեւեկության հնարավորությունները ֆիզիկապես սահմանափակելու ու չեզոքացնելու անհրաժեշտության մեջ չէ, ինչը Ապշերոնի թերակղզում անգամ քաջ գիտակցում են, որ անհնարին է։ Ի վերջո՝ երկրագունդը կլոր է, եւ բոլոր ճանապարհները, անկախ ընտրված երթուղուց, ի վերջո տանում են, այսպես ասած, դեպի Հռոմ։ Բաքվին առավելապես մտահոգում ու ջղագրգռում է արցախյան հիմնախնդրի արդարացիության հետզհետե ահագնացող միջազգային ըմբռնումը, ինչը նման այցերի ընթացքում արտահայտվում, ընդգծվում է հյուրընկալ կողմերի վերաբերմունքում՝ անկախ հանդիպումների ձեւաչափից ու մակարդակից, մասնակիցների քաղաքական ու գաղափարական համոզմունքներից, ազգային, կուսակցական պատկանելությունից, կրոնական դավանանքից, անգամ՝ սեռից ու տարիքից։ Ինչքան էլ մեզ թվա, թե աշխարհն աչոք կույր է եւ ականատես չի եղել Խորհրդային Ադրբեջանի կազմում արցախահայության, ասենք՝ ինչու՞ միայն արցախահայության, նաեւ այդ հանրապետության կես միլիոնից ավել հայ ազգաբնակչության կրած տառապանքներին, այնտեղ բնիկ  հայ ժողովրդի նկատմամբ բառիս բուն իմաստով իրագործված մշակութային ու ազգային ցեղասպանությանը, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արհավիրքներին, չի տեսնում ներկայումս այդ երկրում պետականորեն առաջ մղվող կույր հայատյացության քարոզչությունը եւ այլ հակահայ երեւույթները, այնուամենայնիվ՝ ամենեւին էլ մտոք կույր չէ։ Աշխարհի հանրությունը, համոզված եմ, հստակ տեսնում ու քաջ գիտակցում է, որ տարածաշրջանի գորդյան հանգույցի՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության երեք տասնամյա առեղծվածում առավելապես մեղավոր է Ադրբեջանը՝ համընդունելի ժողովրդավարական սկզբունքներին անհարիր իր քաղաքական կեցվածքով, ծավալապաշտական ու կայսերական նկրտումներով։ Պատահական ու զարմանալի չէ, որ ինչ երկրներ էլ այցեր են կատարում Արցախի ղեկավայր այրերը, նրանք բոլորն էլ ամենուրեք ընդունվում են արժանավայել ջերմությամբ։ Փույթ չէ, անշուշտ, որ այդ երկրներում հանդիպումները կայանում են պետությունների ոչ առաջին դեմքերի, այլ պետական իշխանության  հաջորդ  օղակների ներկայացուցիչների՝ խորհրդարանների անդամների, վարչատարածքային միավորների ղեկավարների  հետ։ Ի վերջո, հասկանանք, երկրների պետական քաղաքականությունը, իբրեւ կանոն,  նախապես խմորվում, հասունանում  է ներքեւներում՝ իշխանության ստորին մարմիններում, վերլուծական կենտրոններում, ապա նոր միայն իրագործման ուղենիշ ստանում վերեւներում՝ բարձրագույն օրենսդիր ու գործադիր կառույցներում։ Դա, կարծում եմ, լավ գիտակցում են նաեւ Բաքվում։ Իսկ որ ԱՀ պատվիրակությունների  աշխատանքային այցերը Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան  հենց այս խնդրին էին հետամուտ, հազիվ թե վրիպած լինի ադրբեջանական իշխանությունների աչքից։ Ինչպես որ այն հանգամանքը, որ այդ ամենը տեղի է ունեցել ինչպես ԱՄՆ-ի, նույնպես եւ Ռուսաստանի հայկական լոբբիստական եւ ազգային կառույցների, անհատ հայերի  ամենայն աջակցությամբ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ծրագրային ելույթներից մեկում թվարկելով ադրբեջանական պետության ու ժողովրդի թշնամիներին, այդ շարքում առանձնակի շեշտել է նաեւ հայկական սփյուռքին։  

            Երեւի թե հարկ չկա հանգամանալի անդրադառնալ նախարարներ Մասիս Մայիլյանի եւ Լեռնիկ Հովհաննիսյանի պատվիրակությունների այցերի բավական հագեցած եւ արդյունավետ ծրագրերին՝ Վաշինգտոնում լինի, թե Մոսկվայում։ Այդ մասին արդեն մանրամասն տեղեկացրել է լրահոսը։ Պարզապես նշեմ, որ քաղաքական ու մշակութային կարեւոր նշանակության այդ այցերն ու հանդիպումները, ելույթներն իրականում Արցախի Հանրապետությունը միջազգային հանրության շրջանում էլ ավելի ճանաչելի դարձնելու, հակամարտության երկարամյա թնջուկն ի վերջո արցախահայության օգտին լուծելու քայլեր էին։ Եվ, բնականաբար, դա չէր կարող հերթական անգամ ջղագրգռության ու սրտի տագնապի տեղիք չտալ Ադրբեջանի իշխանություններին։

Բայց, ինչպես հայտնի է, այլ բան է հիվանդությունից ինքնաբուժումը, այլ բան՝ բժիշկների արհեստավարժ միջամտությունը։

Բաքվում հենց այդ երկրորդ տարբերակով էլ որոշեցին վարվել։ Ադրբեջանի ԱԳՆ կանչվեցին ԱՄՆ եւ ՌԴ դեսպանները, համապատասխան բողոքի նոտաներ հանձնվեցին նրանց։ Եվ ի՞նչ։ Երկու դեպքում էլ ախտորոշմամբ պարզվեց, որ Արցախի պատվիրակությունների վաշինգտոնյան եւ մոսկովյան այցերն ամենեւին էլ կապ չունեն  Բաքվի հոգեկան ու մտավոր տառապանքների հետ: Քանզի այդ այցերը, ինչպես գլխառադ անելով պատասխանեցին դեսպանները,  թե ԱՄՆ եւ թե ՌԴ իշխանությունների համար պաշտոնական բնույթ չէին կրում: Այսինքն, արցախցի նախարարները հատկապես հրավիրված չէին կառավարությունների կողմից: Ուստի  արժե հիվանդության  բուն պատճառը որոնել հենց իր՝ հիվանդի գանգի պարունակում, այսինքն՝ ուղեղի ծալքերում: Իհարկե, եթե այդպիսին նա ունի։ Այլ կերպ՝ ամերիկացի եւ ռուս դեսպանները եւս մեկ անգամ հասկացրին Բաքվին, որ թե Ամերիկան եւ թե Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ, հավատարիմ են իրենց միջնորդական առաքելությանը եւ որ իրենց պետությունները խնդրի այլ ձեւ ու միջոց չեն տեսնում, բացի հակամարտության բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացից։ Եթե փորձենք ասվածը թարգմանել դիվանագիտական լեզվից, ապա արցախյան համ ու հոտով բարբառով կստացվի այսպես՝ ՙԿռիվ-մռիվն էլ պրծավ գնաց, տեղդ ծանր տիտիգ արա։ Կազդի՞ արդյոք նման սաստումը։ Երեւի՝ հազիվ թե։ Անհույս խաթարված ջղերի խնդիր է։ Այ, հիմա էլ, ասում են, Բաքուն հերթական վայնասունն է  բարձրացրել։ Հասկանալի է, այս անգամ Արցախի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի վերջերս Բելգիա կատարած կարճատեւ աշխատանքային այցի կապակցությամբ։

Իրոք, արցախցիներս ոչ մի կերպ հանգիստ չենք տալիս մեր հարեւաններին։ «Մենք էլ մարդ ենք, չէ՞»,-սա արդեն իրենք են ասում՝ Բաքվից։ Պատասխանե՞նք միասին.  «Եթե մարդ եք իրոք»։

Միքայել Հաջյան

Քաղաքական վերլուծաբան

1