Եթե իսպառ մենք հանենք փոքրոգություն մեր սրտեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Եթե իսպառ մենք հանենք փոքրոգություն մեր սրտեն

Եթե իսպառ մենք հանենք փոքրոգություն մեր սրտեն

Ամփոփում ենք 2021 թվականը. անցյալ տարում հայ ժողովրդի համար շարունակվեց 2020թ. աղետալի պարտությունը: 2021թ. պարտվեցինք դիվանագիտական ճակատում, որը ռազմաճակատում կրած պարտության հետևությունն էր: Ադրբեջանն ու Թուրքիան օրեցօր ամրապնդում են իրենց հաղթանակը դիվանագիտական ճակատում: Իսկ պարտությանը զուգահեռ շարունակվում է հայ ժողովրդի ազգային արժանապատվության ոտնահարումը: Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հայկական պետությունը ներկայացնող անձը դարձել է Արցախում անցած դարում բնակվող ադրբեջանցիների շահերի պաշտպանը՝ անտեսելով իր ազգային շահն ու արժանապատվությունը:

Առկա իրավիճակում թևակոխում ենք 2022թ.: Հայ ժողովրդի ապրած ցավն ու վիշտը չի ամոքվում: Հայրենազրկմանն ու մի ամբողջ սերնդի կորստին ավելանում է պայքարի անընդունակության և պատիվն ու արժանապատվությունը չհարգող ազգի պատկերը: Միջազգային բեմահարթակում հայը այդպես է ներկայացվում հանրությանը: Այս վիճակից պետք է դուրս գալ, և դուրս գալու միակ միջոցը պայքարն է, պայքար՝ իրավունքների վերականգնման համար:

Ստորացած վիճակում ապրելը խոցված արժանապատվության վերքն ավելի է խորացնում: Հադրութն ու Շուշին հայ ժողովրդի արժանապատվության վրա դաջված խարանների շարքը համալրեցին: Ոչ միայն Հադրութը, Շուշին ու Շահումյանը, այլև բռնագրավված հայրենիք Արևմտյան Հայաստանն ու Ջավախքը հայկական են ու հայկական էլ կմնան: Այս է պայքարի ուղին՝ հանուն ազգի ազատագրման և իրավունքների վերականգնման: Հարատևելու, զարգանալու և մարդկային քաղաքակրթության մեջ հայի արժանապատիվ տեղն ապահովելու համար մտացածին խաղաղություններն ու բարիդրացիությունները խաբուսիկ պատրանքներ են միայն:

ՀՅ Դաշնակցությունը հայ ժողովրդի արժանապատվության պահպանության գործում միշտ եղել է առաջին դիրքերում: Ինչպես ՀՅԴ 131-ամյակի առթիվ նշել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը, «ՀՅԴ-ի կյանքի մեջ ամենակարեւորը հայրենիքն է ու Արցախը, ոչ թե հանուն իշխանության պայքարը: Մենք իրավունք չունենք ընկճվելու, համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ: Ադրբեջանը պետք է հասկանա, որ հանգիստ չի ունենա, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը: Մեր պայքարը նոր է սկսվում: Աշխարհը պետք է հասկանա, որ հայ ժողովուրդը դեմ է կապիտուլյացիային, դեմ է իր տարածքների բռնազավթմանը: Ոչինչ չի վերջացել, այլ միայն սկիզբ է առել: Անհրաժեշտ է չեղարկված հայտարարել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան. ազգային նոր Զարթոնք է հարկավոր»: Թող այս ուղերձը լինի 2022թ. մեր պայքարի ուղեցույցը:

Եվ ինչպես Ռ. Պատկանյանն է իր Նոր տարվա մաղթանքների մեջ նշում, բոլոր երանելի մաղթանքները միայն այն ժամանակ կիրականանան, «եթե իսպառ մենք հանենք փոքրոգություն մեր սրտեն»: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:

«Ապառաժ»-ի խմբագրական,

17 դեկտեմբերի, 2021թ.

1