Եթե հրաժարվենք իրավական գործընթացներից ու ապավինենք քաղաքական փաստաթղթին, Ադրբեջանը կարող է դա տարիներով ձգձգել
Գլխավոր » Լրահոս » Եթե հրաժարվենք իրավական գործընթացներից ու ապավինենք քաղաքական փաստաթղթին, Ադրբեջանը կարող է դա տարիներով ձգձգել

Եթե հրաժարվենք իրավական գործընթացներից ու ապավինենք քաղաքական փաստաթղթին, Ադրբեջանը կարող է դա տարիներով ձգձգել

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կոչ է արել Արցախի բանտարկված ղեկավարների մասին արտահայտվելու ժամանակ չօգտագործել Ադրբեջանի առաջ քաշած «ռազմաքաղաքական ղեկավարություն» տերմինը:

Դրա փոխարեն նա առաջարկում է կիրառել «ռազմական ղեկավարություն», «քաղաքական ղեկավարություն» բառակապակցությունները: «Ռազմաքաղաքականը նշանակում է, որ ռազմական գործիչները նաև քաղաքական որոշում են ընդունում, որը վտանգավոր է, դա հարում է ահաբեկչությանը: Ռազմաքաղաքական տերմինով Ադրբեջանը ցանկանում է ասել, որ պաշտպանության նպատակով ցանկացած որոշում առաջին հերթին քաղաքական դրդապատճառներով է արվել, դրա համար էլ հարվածում էին քաղաքացիական բնակչությանը, կամ ագրեսիվ պատերազմ էին վարում, որովհետև նրանց նպատակը ոչ թե անկախությունն էր, այլ Ադրբեջանի բնակչությանն ահաբեկելը»,- ասել է նա:

Խոսելով Ադրբեջանի դեմ հայկական կողմի հայցերը հետ կանչելու մասին, նա նշել է, որ նման գործընթացները փոխադարձության սկզբունքի հիման վրա են արվում: «Եթե մենք հրաժարվենք, ապա այն պայմանով, որ այն բոլոր փաթեթները, որոնք դատարանները կտային, պետք է արտահայտված լինեն խաղաղության պայմանագրում՝ վերադարձի իրավունք, գույքային իրավունք, քաղբանտարկյալների ազատ արձակում և այլն: Եթե այդ ամբողջն արտահայտված չլինի խաղաղության պայմանագրում, նշանակում է լուրջ հարված է հասցվում իրավական գործընթացներին, թեև դուռը բաց է մնում, որովհետև վերադարձի իրավունքը միջազգային սովորութային նորմ է, անկախ նրանից դա կամրագրվի որևէ պայմանագրում, թե ոչ»,- ասել է նա:

Փորձագետն ավելացրել է, որ այդ դեպքում խնդիրը շատ կբարդանա: «Այդ հայտարարությունը եղել է ԱԺ նախագահի կողմից, բայց լուրեր են պտտվում, որ պայմանագրում այդ կետը կա: Եթե հրաժարվենք իրավական գործընթացներից, ապավինենք քաղաքական փաստաթղթին, Ադրբեջանը դա կարող է ձգձգել տարիներ, ինչպես եղավ Հյուսիսային Կիպրոսում»,- հավելել է Արա Ղազարյանը:

1