Եթե հայն իր տան համար չպայքարի, Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի պատմությունն է կրկնվելու
Գյուղացիների տրամադրությունը նորմալ է, ամեն մարդ իրենից կախվածն անում է, դուրս գալու մտադրություն չունի: Վերջին օրերի լարված իրավիճակի հետ կապված ԱՀ Մարտակերտի շրջանի Մեծ շենում տիրող տրամադրությունների մասին «Ապառաժ»-ին պատմում է համայնքի ղեկավար Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ չնայած լարվածությանը, մարդիկ իրենց առօրյայով են ապրում: «Սահմանից մոտ 15 կմ հեռավորության է գտնվում գյուղը: Պատերազմից հետո բնակիչների զբաղմունքը փոխվել է, մի մասը պայմանագրային զինծառայության է անցել, մի մասը Սարսանգում է աշխատում, մի մասն էլ՝ Դրմբոնի հանքում»,- նշում է վերջին պատերազմում ձախ ձեռքը կորցրած Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ մարդիկ իրենց ապագան գյուղում են տեսնում, կապված են իրենց հողին: Խոսելով տիրող իրավիճակում փոփոխություն մտցնելու մասին, համայնքի ղեկավարը նշում է, որ այն մեզնից է կախված. «Բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք, մտածենք ոչ թե փախչելու, այլ մնալու ու պայքարելու մասին: Եթե հայն իր տան համար չպայքարի, նույն Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի պատմությունն է կրկնվելու: Շատ բան էլ իշխանություններից, ՀՀ-ից է կախված»,- համոզված է Դ. Անանյանը:
Պատերազմից հետո Մեծ շենում տեղահանված 7 ընտանիքներ են հաստատվել, նրանք տներով ապահովված են, ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
Մեծ շեն համայնքի ղեկավարը ոչ միայն իրենց գյուղի, այլև ամբողջ Արցախի հիմնական խնդիրը համարում է անվտանգությունը: «Մյուս բոլոր խնդիրները լուծվող են: Եթե անվտանգության առաջվա մակարդակը լինի, երկիրը կբարգավաճի»,- նշում է Դավիթ Անանյանը: