Եթե գյուղը չլինի, էլ ի՞նչ գյուղատնտեսական երկիր. Սասուն Սարգսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Եթե գյուղը չլինի, էլ ի՞նչ գյուղատնտեսական երկիր. Սասուն Սարգսյան

Եթե գյուղը չլինի, էլ ի՞նչ գյուղատնտեսական երկիր. Սասուն Սարգսյան

Պառավաթումբ համայնքը խորհրդային ժամանակաշրջանում զրկված էր առանձին գյուղ կոչվելու հնարավորությունից, քանի որ Կաղարծիին շատ մոտ լինելու պատճառով հաճախ գյուղացիներին Կաղարծիի բնակիչներ էին անվանում, սակայն Պառավաթումբն այսօր առանձին համայնք է իր ոչ մեծաթիվ բնակչությամբ:

Համայնքի ղեկավար Սասուն Սարգսյանի խոսքով՝ գյուղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասնավորապես ոլորտի ավանդական ճյուղերն են փորձում զարգացնել՝ անասնապահությունն ու հողագործությունը:

«Գյուղը հողով աղքատ է: Գյուղի վարելահողը 93 հա է: Բազմամյա տնկարկների քչության պատճառը ջրի սակավությունն է: Արտեզյան ջրհոր կարելի է կառուցել, եթե ցանկություն լինի: Ունենք նաև մեծ ջրամբար՝ 2000 տ տարողությամբ, որը ոռոգման համար է նախատեսված և ինքնահոս հասնում է գյուղ, սակայն համայնքի բյուջեն թույլ չի տալիս ապահովել պահպանման ծախսերը: Իհարկե, օգտագործում ենք, սակայն կապիտալ նորոգման կարիք ունի, սնուցող համակարգը ևս փոխելու կարիք կա»,- նշել է Ս. Սարգսյանը:

Պատերազմից հետո երիտասարդները հիմնականում աշխատում են Պաշտպանության բանակում, ինչը ևս խանգարում է գյուղատնտեսության զարգացմանը, քանի որ, համայնքի ղեկավար խոսքով, գյուղատնտեսությամբ պետք է զբաղվեն և զարգացնեն երիտասարդները:

«Գյուղատնտեսության զարգացման մեծ խնդիր ունենք: Չկա գյուղատնտեսական նշանակության տեխնիկա: Հարակից գյուղերից ենք մի կերպ գտնում բերում, որպեսզի կարողանանք իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները, սակայն տեխնիկայի բացակայության պատճառով ուշանում են աշխատանքները, որն էլ իր հերթին ազդում է բերքատվության վրա: Ի՞նչ է նշանակում՝ մարդ հող ունի, որի  համար աշխարհը կռվում է, բայց չի կարողանում մշակել: Բոլորն էլ ուզում են մշակել, արդյունք ունենալ, բայց որոշակի պատճառներ կան, որոնք թույլ չեն տալիս: Պետք է մշակվի այնպիսի մի ռազմավարություն, որը մարդկանց կշահագրգռի հողագործությամբ զբաղվել: Այսքան կռվում ենք մեր հողերի համար, բայց եթե չենք կարողանում մշակել մեր հողը, էլ ինչո՞ւ ենք կռվում: Ինչո՞ւ են մարդկանց սեփականատեր դարձրել, եթե չեն օգնելու մշակեն հողը: Իմ կարծիքով՝ պետության հիմնական գործառույթն այն պետք է լինի, որ օգնի իր քաղաքացիներին աշխատել և լավ ապրել»,- ասել է Ս. Սարգսյանը:

Գյուղում զարգացած է մեղվաբուծությունը. ունեցած մեղվափեթակների քանակով համայնքը շրջանում առաջատարներից է:

Որպես գյուղի առաջնային խնդիր համայնքի ղեկավարն առանձնացրեց գազի բացակայության և հոսանքի խափանումների հարցը, իսկ անդրադառնալով ընդհանուր  խնդիրներին՝ Ս. Սարգսյանը նշել է, որ գյուղական համայնքների խնդիրները շատ-շատ են:

«Եթե արհեստավարժ ու արագ լուծումներ առաջարկվեն, կարելի է զարգացնել գյուղական համայնքները, պարզապես պետք է մի քիչ խելամտորեն ու արդարացի մոտեցում ցուցաբերել, որն իսպառ բացակայում է մեզ մոտ:

Առաջին հերթին պետք է գյուղում գյուղտեխնիկա լինի, ոչ թե ստեփանակերտցին կարողանա լավ տեխնիկա ունենալ, իսկ գյուղացին՝ ոչ: Բահով չես կարող երկիր պահել:

Շատ ենք խոսում ճանապարհից, բայց եթե այնպես չեն անելու, որ գյուղում մարդու կենցաղը նորմալ լինի, բնակչության թիվն ավելանա, ճանապարհն ո՞ւմ է պետք: Իմ կարծիքով՝ սխալ ենք աշխատում: Այն, ինչ սկզբում պետք է անենք, վերջում ենք անում, և հակառակը:

Իհարկե, գյուղի մի մասն ասֆալտապատվել է, մյուսն էլ ընթացքի մեջ է, սակայն մեր՝ որպես գյուղատնտեսական երկրի զարգացման հիմքում ասֆալատապատումը չէ, այլ՝ գյուղը: Եթե գյուղը չլինի, էլ ի՞նչ գյուղատնտեսական երկիր»,- նշել է համայնքի ղեկավարը:

Սասուն Սարգսյանը համոզված է՝ եթե Արցախում ապագա ենք տեսնում, հետևաբար՝ Պառավաթումբում նույնպես պետք է տեսնենք:

Վահագն Խաչատրյան

1