Եթե եռակողմ պայմանագրի համաձայն փորձեն Արցախի հարցը լուծել, ապա այն ի վնաս Արցախի է․ Արմեն Սարգսյան
Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նախագահ Պուտինի Ադրբեջան այցից հետո, տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ կողմերն ընդգծել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված հետագա պայմանավորվածությունների կարևորությունը՝ Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովելու համար։ Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Բազմիցս նշվել է, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ պայամանգիրը չի գործում, Ռուսաստանը եւ Ադրբեջանը հրաժարվում են կատարել ստանձնած պարտավորությունները։ 2020թ-ից Արցախը մաս-մաս հանձնվել է Ադրբեջանին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի այցի ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Հայաստանին, որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։
Հայաստանի ԱԳՆ մեկ օր հետո լրագրողների խնդրանքով արձագանքելով Լավրովի հայտարարությանը նշել է, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ-ն կառուցողական ներգրավվածությունը:
Արցախի նախագահի նախկին խորհրդական, քաղաքական գործիչ Արմեն Սարգսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում գտնում է, որ Ռուսաստանի կողմից 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի շուրջ բանակցությունների կառուցումը կարող է լինել ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների բացման համար․ «Մի կողմից եռակողմ համաձայնագիրը օրակարգ բերելը նշանակում է, որ Արցախի հարցը փակված չէ։ Սակայն, չի բացառվում, որ կողմերը սկսեն համաձայնագրի մի քանի կետերի վրա աշխատել։ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը հենց դա է նշանակում։ Ըստ նրա Հայաստանը խոչընդոտում է եռակողմ համաձայնգրի այն կետերին, որով պետք է բացվեն կոմունիկացիոն կապերը։ Սա նշանակում է, որ նրանք այս մասով են փորձում օգտվել պայմանագրի կետերից եւ դրա շուրջ են կառուցում բանակցությունները։ Հաշվի առնելով Արցախի հանդեպ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը նրանք կարող են հաջողության հասնել այդ իմաստով»։
Արմեն Սարգսյանի խոսքով՝ դրանից է բխում, որ կողմերը համաձայնում են հարգել միմյանց սուվերենությունը եւ ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը․ «Երկու պետություններ իրար հետ հարաբերվում են, բնական է, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ես գտնում եմ, որ այս մասին Ռուսաստանը նշել է շեշտելու համար, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, այսինքն, հաստատում են, որ համաձայն են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Սա էլի ի վնաս Արցախի հարցի լուծման է, որովհետեւ, եթե եռակողմ պայմանագրի համաձայն փորձեն Արցախի հարցը լուծել, ապա Արցախը նրանք ճանաչում են Ադրբեջանի կազմում, որին արցախցիները համաձայն չեն։ Նաեւ կոմունիկացիաների ապաշրջափկման հարցը այսօր կարեւոր է եւ շահագրգիռ կողմերն ակնհայտ են։ Վերջերս հանդիպում է եղել նաեւ Հայաստան-Հնդկաստան-Իրան ձեւաչափով, ակնհայտ է, որ փորձում են այս համաձայնագիրը կնքել «Զանգեզուրի միջանցք»-ի համար։ Ուրիշ բան է, որ հաշվի առնենք «Զանգեզուրի միջանցք»-ում թուրքական գործոնը եւ ՀՀ իշխանությունների կողմից մեղմ ասած այսօրվա իրավիճակի համար շատ սխալ քաղաքականությունը։ Այսօրվա պայմաններում շատ դժվար է Ռուսաստանից մտնել Եվրոպա, Չինաստանը նման խնդիր չունի, հետեւաբար այս խնդիրը որոշ չափով ունի Հնդկաստանը, որը ռուսական շուկայում որքան էլ ներդրում ունենա Եվրոպական շուկա մտնելու համար «Զանգեզուրի միջանցք»-ը անհրաժեշտություն է»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Հայկական մեդիադաշտն այս օրերին տարբեր կերպ է վերլուծում եռակողմ պայմանագրի Ռուսաստանի դաշնության նախագահի հիշատակումը։
ՀՀ-ից պաշտոնական արձագանք միայն հնչել է ԱԳՆ խոսնակի մակարդակով։