Եթե դեռ ողջ ենք Արցախի կորստից հետո՝ մնացած բոլոր դժվարությունները դրա մոտ ամաչելու աստիճան չնչին են
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/arina-Chakmazyan.jpg)
2020-ին Հադրութից տեղահանված, բազմամյա մանկավարժ Արինա Չաքմազյանը շարունակում է իր գործունեությունը Երևան քաղաքում։ Նա չի վհատվում։ Անկախ ամեն ինչից՝ շարունակում է դիմանալ, պայքարել ու ապրել։ Վհատվելու իրավունք չունի․․․
—Տիկին Չաքմազյան, 2020-ին դուք զգացիք տեղահանված լինելու դառը զգացողությունը։ Հադրութն ընկավ, հադրութցիները սփռվեցին աշխարհով մեկ։ Ինչպե՞ս եք կարողացել հաղթահարել այդ արհավիրքը։
-Մի անգամ, դա 2020-ի սեպտեմբերից շատ առաջ էր, ՖԲ ընկերուհիներիցս մեկը հարցրել էր՝ Հադրութից այն կողմ աշխարհ կա՞։ Ինձ համար Հադրութից սկսվում ու Հադրութով վերջանում էր աշխարհը։ Երբեք չեմ մտածել ուրիշ տեղ ապրելու մասին։ Հադրութն օդի պես էր՝ շնչելիս չես զգում, բայց երբ չկա՝ խեղդվում ես։ Դե, ընդհանրապես ինչպես բոլոր հայրենիքները․․․
Դպրոցում էի աշխատում, կորոնայից հետո այնպես կարոտած էինք գնացել աշխատանքի, անքան երջանիկ էինք, որ կարող ենք ազատ շփվել, լիարժեք աշխատել․․․
Երբեք չեմ մոռանա 27-ի առավոտը։ Ու դրան հաջորդող մղձավանջային գիշերներն ու ցերեկները․․․
Հիմա ավելի քիչ ենք հանդիպում իրար, բոլորս ցրվել ենք, ավելի շատ իրարից տեղեկանում ենք սոցցանցերի միջոցով։ Այստեղ չես էլ հասցնի, մի տեսակ ինքդ քո ժամանակի տերը չես, պիտի շարունակ վազքի մեջ լինես․․․
— Կարողացա՞ք արդյոք հարմարվել նոր միջավայրին։ Ի՞նչն է ձեզ ուժ հաղորդել վերստին արարելու, ապրելու համար․․․
-Ինձ սկզբնական շրջանում շատ են օգնել ընկերներս (երբեք հնարավորությունը բաց չեմ թողնում շնորհակալություն ասելու), նաև մշտապես սպասում էի, որ հետ ենք գնալու։ Իսկ նոյեմբերի 9-ից հետո պարզապես գնալու տեղ չունեինք։ Ամենահարազատ մարդիկ այստեղ էին, միասին գոնե հեշտ կլիներ ցավին դիմակայել։ Հարմարվել հնարավոր չէ, բայց դիմակայել պետք է։ Նաև Եռաբլուրը․․․
Մի խոսքով՝ մնացինք։ Գոնե գիտեինք, որ թեկուզ վիրավոր, ծվատված, բայց կա՛ Արցախը։ Ու դրա հետ նաև հույսն էր ապրում, որ հետ կգնանք։
Շատ լավ մարդկանց եմ հանդիպել կյանքիս այդ դաժան փուլում, ովքեր ինձ օգնել են գտնել հենման կետ, որ կարողանամ նորից առաջ գնալ։ Աշխատանքս դպրոցում, երեխաները, հիանալի կոլեկտիվը, նաև վստահությունն իմ հանդեպ ապրեցրել ու ապրեցնում են։
-2023-ի սեպտեմբերին կատարվեց սարսափելին։ Հայաթափվեց Արցախը։ Դա մի նոր հարված էր 2020-ից հետո դեռևս ուշքի չեկած հադրութցիների համար․․․
-Շրջափակման ամիսներին շարունակ ինձ մեղադրում էի, որ Արցախում չեմ, ինձ դավաճան էի զգում, որ Երևանում եմ։ Մինչև հիմա չի լքել ինձ այդ զգացողութունը։ Ամաչում էի խոսել այնտեղ գտնվող հարազատներիս հետ։ Ու մի օր էլ, դասի էի, հաղորդագրություն ստացա։ Երբեք դասի ժամանակ հեռախոսիս չեմ նայում, այդ ժամանակ բացեցի հաղորդագրությունը։ Մի շատ հարազատ մարդ էր գրել՝ ոնց որ մեզ մոտ էլի սկսվեց, նկուղներում ենք։ Մնացածի մասին լռեմ․․․ 2020-ի հոկտեմբերի 5-ին ես չգիտեի, որ անվերադարձ եմ հեռանում իմ տնից, իսկ 2023-ին եկողները գիտեին։ Ու մղձավանջը շարունակվում է․․ Ոնց որ պատմության դասագրքում ապրեմ, ոչ թե իրականության մեջ։ Արցախի կորուստը ծանր հարված է յուրաքանչյուրիս համար։
—Արցախցին նոր կարգավիճակ ունի, նա փախստական է․․․
-Երևի վերջիններից մեկն էի, որ դիմեցի այդ չարաբաստիկ վկայականի համար, հիմա բոլորի նման ես էլ փաստաթղթով փախստական եմ։ Բայց ես ինձ փախստական չեմ համարում, որովհետև ես իմ հայրենիքում եմ։
Մի բան գիտեմ, որ ոչ մեկի վրա հույս դնել պետք չէ։ Այստեղ գալուցս ի վեր մտածել եմ, որ պետք է ինչ-որ ձևով պահպանենք Հադրութի (այժմ նաև մնացած շրջանների) բարբառը։ Խելամիտ մի որոշմամբ գոնե կարողանան ըստ շրջանների մարդկանց հնարավորինս համախմբել մի վայրում։ Գոնե այն, ինչ մեզնից խլել հնարավոր չէ, պահպանենք։
Վստահ կասեմ՝ ես Հայաստանից դուրս ապրելու ցանկություն չունեմ։ Եթե դեռ ողջ ենք Արցախի կորստից հետո՝ մնացած բոլոր դժվարությունները դրա մոտ ամաչելու աստիճան չնչին են։
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/arina1.jpg)
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ