«Եթե չգանք, ուրեմն չկանք...»
Գլխավոր » Գաղափարական » «Եթե չգանք, ուրեմն չկանք...»

«Եթե չգանք, ուրեմն չկանք…»

ՀՅԴ անդամ Արցախ-Դալտոն Ասլանի Բունիաթյան

Բժիշկ ու ազատամարտիկ, գրող ու հրապարակախոս, հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Արցախ-Դալտոն Ասլանի Բունիաթյանը ծնվել է 1939 թ. մարտի 2-ին Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում։ Գրեթե 9 տարի է, ինչ մեր օրերի լավագույն հայերից մեկը մեզ հետ է իր երկնային կյանքով (վախճանվել է 2012 թ. հուլիսի 18-ին):
1950 թ. ընտանիքով տեղափոխվել են Հոկտեմբերյան քաղաք: Մինչ Արցախյան շարժումը, Ա. Բունիաթյանն այն եզակի հայերից էր, ով մասնակից եղավ Գարեգին Նժդեհի շիրիմը Վլադիմիրից գաղտնի տեղափոխելուն եւ Սպիտակավոր եկեղեցու բակում ամփոփելուն: Ինչպես ցանկացել էր մեծ զորավարը, նրա նշխարներից ողն ամփոփել են Խուստուփ լեռան լանջին՝ դարձնելով սրբավայր: Այս մեծ գործի մասնակիցներ Վարագ Առաքելյանը, Պավել Անանյանը (Նժդեհի շիրիմը բերողը), Աթանաս վարդապետը եւ այլք այդ օրը երդվել էին՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 6-7-ը այցելել իրենց հիմնած սրբավայր: Ստեղծել էին իրենց թեւավոր խոսքը. «Եթե չգանք, ուրեմն չկանք…»: Այսօր արդեն նոսրացել է այդ բույլը, սակայն այցելուների թիվն ավելացել է:
«Նժդեհի վերադարձը». այդպես վերնագրեց իր գիրքը Արցախ Բունիաթյանը: Արցախյան շարժումն առավել ակտիվացրեց նրան. առաջին իսկ օրվանից պայքարի կիզակետում էր: Կինը՝ Սոնա Հովեյանը, պատմում էր՝ ինչպես ամուսինն ստացավ Արցախ անունը՝ փոխելով օտարահունչ Դալտոն անունը: Հիշատակեց Վարագ Առաքելյանի հուշը՝ ինչպես են Էջմիածնի եկեղեցում Արցախ կնքել իրենց գաղափարակից ընկերոջը: 1992 թ. սկզբներից մինչեւ 1995 թ. նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում որպես վիրաբույժ մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին: Եվ այդ ողջ շրջանը դարձել է նրա ութհատորյակի գրական հարուստ նյութը: Նրա գրական ժառանգությանը ծանոթ եմ, խմբագրել ու սրբագրել եմ որոշ հատորներ։ «Արյունոտ օրեր» գիրքը լույս է տեսել 8 հատորով, տարբեր վերնագրերով: Վերջին հատորը՝ «Հուշագրությունը», ներկայացնում է 1994 թ. մայիսը: Այս եւ բոլոր հատորները գրվել են ըստ օրագրի:
Պարզապես հիանալ կարելի է Արցախի աշխատասիրության ու նվիրվածության համար: Ներկայացնում է հարյուրավոր ազատամարտիկների, Մարտակերտի շրջանի բնակիչներին, ովքեր դիմել են բժշկական օգնության: Ընթերցելով գիրքը՝ կճանաչենք շատ շատերին, որոնց բուժել է բժիշկը, նրանց, որոնց կյանքի համար պայքարել է, սակայն ի զորու չի եղել փրկել: Եվ այս ամենը մեծ վերք են բացել Արցախի սրտում: Գիշերները մոմի ու լամպի, հաճախ լուսնի լույսի տակ է գրի առել: Գրողի համար անձնավորված կերպար են դարձել հայրենի երկրի հողն ու ջուրը, անտառները, թռչուններն ու Սարսանգի ձկները: Ցավով է նկարագրում ռումբերից տնքացող հողը, արմատախիլ եղող ծառը, անտեր մնացած շներին ու կատուներին: Բացի գեղարվեստական գործ լինելուց, նրա գործերը հանրագիտարանի արժեք ունեն: Ընթերցողը լավ կճանաչի Մարտակերտի շրջանը, հարյուրավոր ազատամարտիկների, տարբեր օտարազգի ու սփյուռից եկած մարդկանց, ովքեր 90-ականներին արցախցու կողքին էին, կծանոթանա ժամանակի բարքերին: Այս ամենով հանդերձ՝ Արցախի ամենամեծ գործերից եղավ 1996 թ. Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնումը, որտեղ աշխատեց մինչեւ 2008 թ., եւ որը 2016-ից կոչվում էր հիմնադրի անունով: 2019-ի աշնանը բուժմիավորումը տեղափոխվեց նոր կառուցված շենք, որն ապահովված էր բոլոր սարքավորումներով, գույքով։ Մուտքի մոտ Արցախի կիսանդրին էր։
Ցավ է՝ այսօր դատարկ է մնացել հիվանդանոցի շենքը, դատարկվեց Քաշաթաղի շրջանը, կրկին գերեվարվեց այն տարածքը, որի կայացման գործում մեծ էր բժշկի ներդրումը։ Նրա՝ բուժմիավորման գործադիր տնօրեն լինելու ժամանակ շրջանում ծնված բոլոր երեխաներն ստանում էին հայկական անուն, տղաներից շատերը՝ Արցախ։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արցախ Բունիաթյանն արժանացել է կառավարական ու գերատեսչական բազում պարգեւների: 1998 թ. մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով: 2008 թ. ապրիլի 22-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է վաստակավոր բժշկի կոչման: Սակայն այս ամենից առավել կարեւորը նրան ճանաչողների կարծիքն է, կարեւորը, որ ժողովուրդն է նրան կոչել ԲԺԻՇԿ։ Պատահական չէ՝ թե կենդանության ժամանակ եւ թե հետագայում մշտապես նշվել են նրա ծննդյան, նաեւ հիշատակի օրերը՝ Բերձորի դպրոցներում, քաղաքային գրադարանում, թանգարանում, Երեւանում, Աբովյան քաղաքում, որտեղ բնակվում էր մինչեւ Բերձորում հաստատվելը։ Ամփոփված է Եռաբլուրում՝ իր զինակիցների կողքին։

Զոհրաբ Ըռքոյան

hhpress.am

1