Եթե ազգերի ինքնորոշման իրավունքը մնար ՀՀ քաղաքականության կիզակետում, արդյունքն այլ կլիներ. Արա Մարջանյան
Գլխավոր » Լրահոս » Եթե ազգերի ինքնորոշման իրավունքը մնար ՀՀ քաղաքականության կիզակետում, արդյունքն այլ կլիներ. Արա Մարջանյան

Եթե ազգերի ինքնորոշման իրավունքը մնար ՀՀ քաղաքականության կիզակետում, արդյունքն այլ կլիներ. Արա Մարջանյան

ՌԴ արտործնախարար Սերգեյ Լավրովը սկզբունքային հայտարարություն արեց, որ միջազգային իրավունքի տեսակետից տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի է միայն այն երկրների հանդեպ, որոնք երաշխավորում են իրենց կազմում գտնվող փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքը եւ չեն խոչընդոտում դրա իրացմանը․ սա Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակագրի առանցքային դրույթներից է։

https://youtu.be/w0zvzcXboAE

Արդյո՞ք ՀՀ իշխանությունները չպետք է ՄԽ համանախագահող երկրի արտգործնախարարի այս հայտարարությունը պրոյեկտեն Արցախյան հարցի կարգավորման վրա․ այս հարցին ՄԱԿ-ում Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում պատասխանեց, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը պետք էր հետևողականորեն դարձնել Արցախյան գործընթացի հիմնաքարերից մեկը։

«Արցախյան հարցի հետ կապված բոլոր գործընթացներում, ըստ էության, Արցախը շարժվել է նաև այդ սկզբունքով, և եթե ՀՀ-ն հետևողականորեն և վճռականորեն այդ ուղղությամբ գնար՝ արդյունքները կլինեին այլ»,-ասաց Արա Մարջանյանը։

Օրինակ, ասաց նա, եթե ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը անընդհատ մնար կիզակետում, բարձրացվեր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այդ տարածքներում Ցեղասպանության հնարավորության հարցը, և ամենակարևորը, անընդհատ որոնվեին և առաջարկվեին լուծումներ ողջ Արցախի բնակչության քաղաքական, սոցիալական և մարդկային կյանքի անվտանգությունն ապահովելու համար, ահա այդ դեպքում արդյունքները վստահաբար այլ կլինեին։

«Սա միջազգային իրավունքի հիմնադրույթներից մեկն է, կան նաև այլ հիմնադրույթներ, բայց սա իր բովանդակային, մարդկային և քաղաքական առումներով ամենահիմնական հիմնադրույթներից է։ Եվ այստեղ հետևողական դիրքորոշումն իր արդյունքները կտար»,-ասացփորձագետը։

Նրա գլխավորած կազմակերպությունը 2018 թ-ի վերջին նոր իշխանություններին առաջարկել է, որ Հայաստանը հիմնի 4-րդ Դաշնային Հանրապետություն, որի կազմում կներառվի Լեռնային Ղարաբաղը թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի, թե՛ այլ ազգությունների բնակիչների կոնստիտուտուցիոնալ իրավունքների պահպանմամբ, բայց դա իրականություն չդարձավ։

Ադրբեջանցիներն ինտենսիվ կրակում են Արցախի Նորշեն և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ․ Արա Մարջանյանը վստահ է, որ սա անմիջականորեն կապ ունի Ուկրաինայում զարգացումների հետ։

«Վստահ եմ, որ Ադրբեջանը Ուկրաինայի և Թուրքիայի հետ կոորդինացնում է իր գործողությունները։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը, Ուկրաինան և Վրաստանը գտնվում են նույն քաղաքական բլոկում, որը կոչվում է ՎՈՒԱՄ և ունի ընդգծված հակառուսական ուղղվածություն»,-ասաց փորձագետը։

Նա կարծում է թուրք-ադրբեջանական սադրանքները նպատակ ունեն, որ հայկական կողմի նյարդերը տեղի տան, իրադրությունը շիկանա, և ստեղծվի նոր ճակատ, որը  ռուսական կողմից իր վրա կվերցնի որոշակի ջանք և ռազմական ներուժ։

«Այս ամբողջը տեղավորվում է մի հայտնի ռազմավարության մեջ, որը կոչվում է «ճկել Ռուսաստանը», որ Ռուսաստանի ողջ պարագծով անընդհատ լարվածության օջախներ ստեղծվեն՝ ջլատելով և ապակենտրոնացնելով ռուսական քաղաքականությունը»,-ասաց նա։

Արա Մարջանյանը համարում է, որ նույն տրամաբանության մեջ էին նաև Ղազախստանի դեպքերը, Թուրքմենստանում հասունացող իրադարձությունները, և այն քողարկված, դեռ մակերես դուրս չեկած գործընթացները, որոնք ընթանում են Ուզբեկստանում և Ղրղզստանում։ Ադրբեջանական սադրանքները, նրա համոզմամբ, միանգամայն տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։

Հայաստանը, ըստ փորձագետի, պետք է տեղի չտա սադրանքներին, փորձի կառավարել իրավիճակը, հետևողականորեն բարձրացնի այն հարցը, որ սկսած մայիսից Հայաստանի սուվերեն տարածքում են գտնվում ադրրբեջանական ուժերը, ինչը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղարար գործընթացի մեջ և ուղիղ կերպով հակասում  է եռակողմ երեք հայտարարությունների տրամաբանությանը։ Հայաստանը պետք է փորձի պահել հավասարակշռությունը մինչև պարզերեսվեն ընթացող պրոցեսների վերջնախաղերը։

Աննա Բալյան

1