«ԵՍ»-ի ու «ՄԵՆՔ»-ի պայքար
Մոտենում ենք Արցախի համապետական ընտրությունների՝ օրենքով սահմանված քարոզարշավի մեկնարկին: Թեեւ արդեն շուրջ մեկուկես տարի է՝ զանազան կուսակցություններ եւ անհատներ սկսել են քարոզչությունը՝ այն անվանելով կուսակցաշինություն, նոր կուսակցությունների հիմնում, հանդիպում Արցախի տարբեր շրջանակների հետ, սրանք բոլորն անպաշտոն քարոզչություն են: Մյուս կողմից, ակներեւ է նյութական ռեսուրսների մեծ չափերով կասկածելի շրջանառությունը, որն արտահայտվում է կուսակցական շքեղ շտաբների առկայությամբ:
Այս ու այն կողմ չեն պակասում նաեւ խոստումները: Խոստումների մի ստվար հատված միտված են՝ ընտրվելու դեպքում պաշտոնների բաշխմանն ու աշխատանքով ապահովելուն: Նկատելի է նաեւ պետական տարբեր օղակների պաշտոնյաների արտոնությունների եւ լիազորությունների չարամտորեն շռայլումը՝ համակիրներ ձեռք բերելու եւ քվե ապահովելու նպատակով:
Այս իրողություններին առնչվում ենք յուրաքանչյուրս, եւ դա վկայում է այն բանի մասին, որ հասարակությունը հաշտվել է այն բանի հետ, որ ընտրությունները տեղի են ունենալու ոչ թե գաղափարների շուրջ համախմբվելու սկզբունքով, այլ առարկայական եւ նյութական պահանջներ բավարարելու անհատական ակնկալիքներով:
Այստեղ այլեւս ճշտի ու սխալի, արդարի ու անարդարի, արժանիի ու անարժանի, իրավացիի ու անիրավի, զարգացման եւ հետընթացի պայքարը չէ, որ խնդրո առարկա է դառնում, այստեղ «ԵՍ»-ը հաղթում է «ՄԵՆՔ»-ին:
Այս իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին հանրությանն առաջնորդելու հավակնություններ ունեցող մարմիններն են ու կառույցները, այդ թվում՝ հասարակության մեջ իրենց կարեւոր դերն ու անելիքն ունեն քաղաքական կուսակցությունները: Կուսակցությունները, բացի սրա ու նրա շահը պաշտպանելուց, ունեն նաեւ գաղափարական ռահվիրայի առաքելություն: Իսկ կուսակցությունների գաղափարական այդ լիցքը հենց այն բաղադրիչն է, որը քաղաքականությանը հաղորդում է բարոյական տարր:
Ժամանակին ՀՅ Դաշնակցության կողմից առաջարկվող միասնական օրակարգը միտում ուներ քաղաքական դաշտում ծավալվող երկխոսությունը բերելու գաղափարական հարթություն: Միասնական օրակարգ ձեւավորելու Դաշնակցության ջանքերն իրենց դրական արդյունքը տվեցին մինչեւ այն պահը, որ դարձյալ հաղթեց եսակենտրոնությունը:
Արցախի դեմ-հանդիման ծառացած մարտահրավերները սպասվածից շատ ավելի լրջություն ու խոհեմություն են պահանջում: Վստահ ենք, որ 2020 թվականի ընտրությունների ավարտից եւ Արցախի նոր իշխանությունների ձեւավորման փուլն ամբողջանալուց հետո առիթ ենք ունենալու դարձյալ օրակարգային հարց դարձնել մեր երկրի զարգացման իրական ծրագրերի եւ դրանց իրականացման հեռանկարների շուրջ համախմբմանը:
Հասարակության մեջ տիրող եսակենտրոն մթնոլորտն անհրաժեշտաբար ունենալու է իր ավարտը: «Մենքի» շուրջ համախմբումը զարգացման այն ուղենիշն է, որը ժամանակի անհրաժեշտություն է դառնալու:
«Ապառաժ»-ի խմբագրական,
06 փետրվարի, 2020թ.