Ես գրիչն եմ բռնել. դա էլ զենքի տեսակ է
Գլխավոր » Լրահոս » Ես գրիչն եմ բռնել. դա էլ զենքի տեսակ է

Ես գրիչն եմ բռնել. դա էլ զենքի տեսակ է

Մեծ ուրախությամբ համաձայնեցի մասնակցել այս նախագծին: Երևանից դուրս որտեղ էլ համերգի համար առաջարկեն, ես առանց երկմտելու կհամաձայնեմ, առավել ևս Արցախ: Այս մասին «Ապառաժ»-ին պատմում է երգիչ, երգահան, Երուսաղեմում գործող  «Apo and The Apostles» ռոք-խմբի հիմնադիր Ափօ Սահակեանը: Մայիսի 7-ին և 8-ին Արցախի Մարտունի և Ստեփանակերտ քաղաքներում ելույթներ ունեցած երգիչը զարմանքով է արձանագրում, որ տղամարդիկ համերգների քիչ են մասնակցում: Սակայն ուրախությամբ նշում է, որ պատանիներ էին շատ, հատկապես Մարտունիում: «Հուսով եմ, որ այս երեխաները մեծանալուց հետո կսկսեն համերգների գնալ: Մշակույթը շատ կարևոր դեր է խաղում անձի հասունացման, կայացման գործում»,- նշում է նա:

Չնայած շատ անգամ է եղել Արցախում, նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, սակայն Արցախում մինչ այս համերգ չէր ունեցել: «2009թ.  Շուշիում մի աղջկա համար երգեցի: Սիրահարված էի, հյուրանոցում կիթառ կար, ու մոտ մեկ ժամ երգեցի միայն նրա համար»,- ժպտալով հիշում է երգիչը:

Երգչի երգացանկում կան ինչպես ժողովրդական, հայրենասիրական երգեր, այնպես էլ Մուսալեռան, Համշենի բարբառով ստեղծագործություններ: Արցախյան վերջին պատերազմից հետո դրանց ավելացել է Հադրութի բարբառով «Կյասս, քիսս» երգը (երգում է Արթուր Խաչենցի հետ), Անի Խառատյանի հետ միասին ներկայացրել են «Քարին տակ» երգը, որի խոսքերի և երաժշտության հեղինակը մեր զրուցակիցն է:

Խոսելով պատմական հայրենիքի կողքին նոր կորսված տարածքներին ստեղծագործություններ նվիրելու, մշտապես տուժածի կարգավիճակում լինելու մասին՝ Ափօ Սահակեանը նշում է, որ 100 տարի, միգուցե ավելի երկար ժամանակ է՝ շրջապտույտի մեջ ենք: «Բայց ես հիասթափված չեմ: Իմ գաղափարախոսության հիմնադիրները Քրիստափորը, Ռոստոմը, Զավարյանը, Արամը, Նժդեհը, Սոսեն ու Սերոբն են: Երբ լեռը հաղթահարում ես, չի նշանակում, թե պայքարը վերջացել է: Եթե մենք վաղը չէ մյուս օրը էլի Շուշին, Վանը վերցնենք, ծովից ծով Հայաստանը վերականգնենք, դա չի նշանակում, թե պայքարն ավարտվելու է: Դա նշանակում է, որ նոր պայքարի փուլեր են լինելու (ենթադրենք՝ բնապահպանություն կամ արդյունաբերության ինչ-որ ճյուղ): Պայքարը երբեք չի ավարտվում»,- համոզված է դաշնակցական արվեստագետը: Եթե քեզ խփեն, ու գետնին ընկնես, դա չի նշանակում, թե գետնին պիտի մնաս:

Չպիտի ասես՝ ինձնից ուժեղ են, դու պիտի ձևեր գտնես և շրջապտույտից դուրս գաս: Ես հիմա զինվոր չեմ, զենք բռնել չգիտեմ, ես մշակույթի ներկայացուցիչ եմ, ես իմ բաժինն եմ անում: Եթե վաղը չէ մյուս օրը Շուշին հետ վերցնենք, հավերժ կվերցնենք, որովհետև մեր սկզբունքներն ու հիմքերը ավելի ճիշտ կլինեն, ու այդ շրջապտույտից դուրս կգանք»,- ասում է նա:

Իսկ ի՞նչ պիտի անի Արցախում և Սփյուռքում ապրող մարդը այդ շրջապտույտից դուրս գալն արագացնելու համար:

«Ամեն մարդ իր գործը պիտի անի: Բոլորս պիտի աշխատենք ու նախաձեռնենք: Դու նախ և առաջ պիտի նախաձեռնես, չսպասես՝ քեզ ասեն՝ ինչ անես: Պետք է անկախ լինես քո քայլերի, նախաձեռնությունների մեջ, քո ճակատագիրը պիտի կառուցես առանց որևէ մեկից կախվածության: Եթե ամեն հայ լինի Արցախում, Հայաստանում, Սփյուռքում, ամեն մեկն իր գործն իբր անհատ, բայց հավաքական շահի համար անի, արդյունքները կտեսնենք: Ես չեմ ակնկալում, որ այսօր կամ վաղը կտեսնեմ սա: Ես շատ համբերատար եմ: 2000 տարի էլ կարող ենք համբերել: Մենք երգ ունենք «Համբերե հոգիս, համբերե»»,- նշում է Ափօն:

Նա Արցախում եղել է նոյեմբերի 14-ին: Խոսելով իր նկատած փոփոխությունների մասին՝ հույս է հայտնում, որ արդեն միամիտ չենք, որ հավատանք, թե աշխարհը կգա ու կփրկի մեզ: «Մենք մեզ պետք է փրկենք նախ և առաջ: Ինչո՞ւ պիտի  ոչ հայը գա ու փրկի քեզ. նա իր շահն ունի, դու քո շահը, նախաձեռնիր քո ճանապարհը: Բայց համբերությամբ նախաձեռնիր, կարևոր չէ, թե երբ հնարավորություն կլինի այն իրագործելու: Զգում եմ, որ մարդիկ ավելի զգոն են, ավելի արթուն են, ավելի քիչ միամիտ են: Հիմա պետք է ավելի շատ խորամանկ լինենք: Ի վերջո դեռ Արցախը կա, մարդիկ դեռ ապրում են Ստեփանակերտում, հնարավոր է վախով, անորոշությամբ, բայց ապրում են»,- ասում է երգիչը՝ կարևորելով մարդկանց վճռականություն հաղորդելը, վրեժի գաղափարը արթուն պահելը:

Ինչո՞ւմ է տեսնում երգիչը Հայաստանի փրկությունը՝ երգո՞վ, թե՞ զենքով:

«Ես դաշնակցական եմ և գիտեմ, որ միայն զենքով կա հայոց փրկություն: Բայց չմոռանանք, որ Դաշնակցության զինանշանի մեջ երեք խորհրդանիշներ կան՝ գրիչը, բահը և սուրը: Ես գրիչն եմ բռնել, ու դա էլ զենքի տեսակ է: Վերջերս «Forbes»-ում մի հոդված է հրապարակվել իմ նոր ալբոմի մասին: Ալբոմում տարբեր բարբառներով ստեղծագործություններ կան, այդ թվում՝ Արցախի՝ Հադրութի բարբառով: Հոդվածում «Forbes»-ը առաջին անգամ մեր պատմությունը ներկայացրեց, նշվեց, որ Ադրբեջանը էթնիկ զտում  է արել: Դա էլ իմ զենքն է միջազգային ասպարեզում, դա էլ պայքարի ձև է»,- համոզված է երգիչը:

1