Ես գլխարկս հանում եմ Արցախի մարդկանց առջեւ եւ հարգանքս արտահայտում, որ հաղթահարեցին այն ամենը, ինչ տեղի ունեցավ այս ձմեռ

Ռուբեն Վարդանյանն Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե որպես երբեւէ պետական պաշտոն չզբաղեցրած գործիչ, 112 օր Արցախի պետնախարար աշխատելու փորձն իրեն ի՞նչ տվեց, ասել է. «Երբեք այս ժամանակահատվածին որպես պետական ծառայողի տեսանկյունից չեմ նայել, որովհետեւ դա այնքան էլ սովորական ժամանակահատված չի եղել: Ես Արցախ եկա օգոստոսի վերջին եւ ասացի, որ պատերազմը չի ավարտվել, որ նոյեմբերի 9-ին մենք նույնիսկ հրադադար չենք ստորագրել, որ պարզապես ռազմական գործողությունները կանգնեցվել են, իսկ պատերազմն իրականում շարունակվում է: Ես զգում էի, որ պետք է լինեմ այստեղ ձեզ հետ միասին:
Որպես ամբողջ կյանքում մասնավոր եւ բարեգործական ոլորտներում աշխատած մարդու, այս փորձառությունն ինձ համար բացառիկ է, քանի որ դա մարտահրավերների ժամանակահատված էր: Կդիմանա՞նք ծանրագույն ձմռանը, թե՞ չենք դիմանա: Բառացիորեն մի քանի օր մնաց գարնան գալուն: Այս առումով ֆանտաստիկ փորձառություն էր: Որ դժվար ձմեռ կարող է մեզ սպասվել, ասել եմ Արցախ գալուց արդեն մի քանի օր հետո: Նշել եմ հինգ ճգնաժամ. ֆինանսական, սահմանադրական բարեփոխումների, որ սկսվել է 2022 թվականի հունվարին եւ մինչեւ հիմա այդպես էլ չի ավարտվել, ծանր իրավիճակում պետություն կառավարելու, պոտենցիալ շրջափակման կամ ծանր ձմռան եւ հիասթափության ու անտարբերության ճգնաժամ:
Այս հինգ ճգնաժամերի մասին խոսելը եւ դրանց դեմ պայքարելը ես համարել եւ համարում եմ կարեւոր: Որոշ բաներ փոխել մեզ հաջողվել է, որոշները՝ ոչ: Մենք ձմեռ մտանք ոչ այնքան պատրաստված, որ այն կլինի այսքան կոշտ: Եվ ես իսկապես գլխարկս հանում եմ Արցախի մարդկանց առջեւ եւ հարգանքս արտահայտում, որ հաղթահարեցին այն ամենը, ինչ տեղի ունեցավ այս ձմեռ»: