Ես եմ, ես կա՛մ. Համազգայինի նախաձեռնությամբ կայացավ 44-օրյա պատերազմի նահատակների ստեղծագործությունների ցուցահանդեսը և համանուն խորագրով պատկերագրքի շնորհանդեսը
Գլխավոր » Լրահոս » Ես եմ, ես կա՛մ. Համազգայինի նախաձեռնությամբ կայացավ 44-օրյա պատերազմի նահատակների ստեղծագործությունների ցուցահանդեսը և համանուն խորագրով պատկերագրքի շնորհանդեսը

Ես եմ, ես կա՛մ. Համազգայինի նախաձեռնությամբ կայացավ 44-օրյա պատերազմի նահատակների ստեղծագործությունների ցուցահանդեսը և համանուն խորագրով պատկերագրքի շնորհանդեսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 7-ին Հայաստանի նկարիչների միությունում կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված գեղանկարիչ և քանդակագործ հերոսների ստեղծագործությունների ցուցահանդեսը, ինչպես նաեւ նույն ստեղծագործությունները ներկայացնող, «Ես եմ, ես կա՛մ» խորագրով պատկերագրքի շնորհանդեսը։ Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ Ներկաներին ուղղված իր սրտի խոսքն ասաց Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, ով անձամբ է զբաղվել Տղաների անունների փնտրտուքով՝ կապ հաստատելով Հայաստանի տարբեր ուսումնական հաստատությունների, հերոսների հարազատների հետ՝ հավաքագրելով ստեղծագործական աշխատանքները։ Ռ. Առաքելյանն իր խոսքում շեշտեց գործի անմահության գաղափարը և նշեց, որ 25 հերոս Տղաները միշտ կան, ապրում են մեր սրտերում, ուստի պատահական չէ միջոցառման խորագիրը՝ «Ես եմ,ես կա՛մ»։

Օրհնության ու զգաստության խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ում խոսքը ներկաների համար հնչեց որպես պատգամ՝ արժանապատվորեն շարունակել ու ավարտել հանուն Հայրենիքի նահատակված հայորդիների գործը։ Ելույթով հանդես եկան նաեւ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ, գրող Սպարտակ Ղարաբաղցյանը, ՀՀ գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի տնօրեն Աննա Մնացականյանը, անմահացած հերոսի՝ Խորեն Հաջաթյանի մայրը։Միջոցառմանը հնչեցին ազգային-հայրենասիրական կատարումներ։ Ցուցահանդեսը կգործի երեք օր։ 

Համազգային Երևանի գրասենյակ

1