Ես չեմ գալիս, դու գնա…
Գլխավոր » Գաղափարական » Ես չեմ գալիս, դու գնա…

Ես չեմ գալիս, դու գնա…

Հայրենիքի նեցուկը դեռ մանկուց նրա հետ խաղացող իր զավակն է: Զավակներին հատուկ է անձնուրացությունը, երբ գալիս է հայրենիքի լինել-չլինելու օրհասական պահը: Նրանք չեն մտածում՝ գնա՞լ, թե՞ չգնալ, նրանք նետվում են առաջ՝ իրենց երակներում զգալով մայր հողի կանչը։ Նրանցից շատերի արյունը շաղախվում է հայրենի հողին, և նրանք էլ սրբանում են հողի հետ․․․

Նրանցից մեկն էլ Դավիթն է, ում մասին անցյալ ժամանակով խոսել չի լինում, որովհետեւ նրա կարճ, բայց իմաստալից կենսագրությունը միշտ ներկա է։

Դավիթ Համլետի Հովհաննիսյանը ծնվել է 2001 թ.-ի դեկտեմբերի 21-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում: Սկսել է ծառայել Հադրութում, հուլիս-օգոստոս  ամիսներին, դեռ մի քանի օրվա ծառայող էր, երբ սկսվեց  պատերազմը: Չգիտեր պատերազմն ինչ է, բայց գիտեր մի բան, որ ավելի զորեղ էր՝ կանգնել ու կռվել մինչեւ վերջ, որովհետեւ հողի կանչը դա էր թելադրում։  Շուշի համար մղվող մարտերին նա իրեն լավագույնս դրսևորեց և հենց այնտեղ էլ  հերոսի պես զոհվեց: Չընկավ, այլ՝ հերոսացավ․․․

Դավիթի եղբոր` Արտյոմի հետ զրույցի ժամանակ նա պատմում է, որ դեռ մանկուց Դավիթի մեջ արտացոլված էր հայրենասիրությունը, սիրում էր հայրենիքի ամեն քարն ու թուփը։ Նաեւ հպարտ էր, նեղացկոտ, միաժամանակ՝ ընկերասեր ու մարդասեր:   Արտյոմի խոսքով՝ պատերազմի ժամանակ Դավիթը ոտքից վիրավոր մի զինվորի տեղափոխել է ապահով վայր՝ վտանգելով սեփական կյանքը։ Զինվորը ողջ է և այժմ ստանում է համապատասխան բուժում:

Մոր հանդեպ առանձնահատուկ սեր էր տածում: Մայրը` Մելինեն, պատմում է, որ որդին իրեն հաճախ էր անակնկալներ մատուցում, ծաղիկներ էր նվիրում, սիրում  էր նրան ուրախ  տեսնել ու առիթը բաց չէր թողնում մոր դեմքին ժպիտ նկարելու համար… «Ամեն օր  Դավիթիս փոշոտ կոշիկներն եմ համբուրում, շորերն եմ գրկում ու ագահորեն շնչում նրա բույրը, մտածում եմ՝ գոնե էդպես կարոտս կառնեմ, բայց  չի ստացվում: Դավիթս շարունակում է ապրել հոգեպես, նա իմ սրտում միշտ կենդանի է, գիտեմ՝ չէր ցանկանա, որ ես տխրեի, սգայի նրա մահը, բայց  կարոտը հաճախ այլ բան է թելադրում», -ասում  է մայրը :

Հորեղբոր տղան` Արմենը, պատմում է, որ Դավիթը սիրած աղջիկ ուներ․ մի դասարանից էին, իրեն հասցրել էր պատմել այդ մասին, բայց աղջկան՝ ոչ: Գնաց՝ սերը սրտի մեջ պահած։

Արմենն ասում է, որ Դավիթը մարտի դաշտից մի կերպ հեռախոսային կապ էր գտել ու զանգահարել  սիրած աղջկան, սակայն հեռախոսին տատիկն է պատասխանել, Դավիթն էլ ամեն անգամ ասել է, թե  շփոթել է հեռախոսահամարը: Արմենն առանձնացնում  է անսովոր մի բան՝ Դավիթի հուղարկավորության օրը իրար կողքի դրված երկու կալաներից «լացել է» այն մեկը, որը Դավիթն էր խնամում մինչև ծառայության անցնելը : Երևի բնությունն էլ էր սգում նրա մահը ․․․

Ինչպես ասում են` ընկերությունը սովորաբար համարվում է ավելի ուժեղ միջանձնային հարաբերություն, քան որևէ սովորական սոցիալ-հասարակական հարաբերություն: Ընկերության մեջ Դավիթն անկաշկանդ էր․ եթե սիրում էր, ապա նվիրվում էր մինչեւ վերջ, կաներ ցանկացած գործ՝ ընկերներին ուրախություն պատճառելու համար։ Դավիթի մանկության ընկերներից մեկի` Սահակի հետ զրույցի ժամանակ նա հիացմունքով ու ափսոսանքով է խոսում  ընկերոջ մասին: Սահակը պատմում է, որ  ընկերական հավաքների ժամանակ Դավիթը հաճախ էր համեղ ուտելիքներ էր պատրաստում, միաժամանակ երգել-պարելով ուրախացնում  էր իրենց: Հիմա էլ են  ընկերներով հավաքվում, սակայն առանց Դավիթի ամեն բան այլ է, նա ներկա է լինում բոլոր հավաքներին՝ իր հետ կապված բազում պատմություններով, իր ժպիտով, իր երգերով, իր զրույցներով։ Նա միշտ  երազել է հայտնի դառնալ բոլորին… «Ամեն օր քնում և արթնանում եմ այն սպասումով, որ կասեն՝ Դավիթը վերադարձել է։ Թեկուզ  տարիներ անցնեն, միևնույնն է, այդ սպասումը չի դադարելու», — ասում է Սահակը :

Դավիթի մարտական ընկերներից մեկն էլ երկար զրույցի փոխարեն այս երկխոսությամբ կիսվեց․

— Նահանջի հրաման է, Դավի՛թ :

— Գիտե՛մ :

-Արի՛, պետք է նահանջենք :

Խնամքով զինվորական բաճկոնը փռեց գետնին, պառկեց ու ասաց .

-Ես  չեմ գալիս, դու գնա …

Անմահացավ՝ մայր հողի կանչը ականջներում․․․

Լանա Համբարձումյան

Լրագրության առաջին կուրսի ուսանողուհի

1