Երկու ուղղություններով շեղում մեկ ամսվա ընթացքում
Գլխավոր » Լրահոս » Երկու ուղղություններով շեղում մեկ ամսվա ընթացքում

Երկու ուղղություններով շեղում մեկ ամսվա ընթացքում

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը ներկայացրել է իր մտահոգությունները.

«Օրենքով Հաշվեքննիչ պալատի անդամին ներկայացվում է և պաշտոնի և աշխատանքային փորձի պահանջ: Դրանցից մեկը վերացնելով մեկ անգամ ևս հաստատում եք, որ քաղաքական նպատակահարմարությունն է գործում: Հարցն այն է, որ այստեղ նստածներից յուրաքանչյուրը պետք է լավ գիտակցի, որ մարդու համար օրենք փոխելը լավագույն տարբերակը չէ: Այդ սահմանափակումները պետք է հարմարեցնել թեկնածուին, ոչ թե կոնկրետ թեկնածուի համար օրենք փոխել: 2, 3 կամ 5 տարի հետո էլ  քաղաքական հանգամանքների փոխվելուց հետո կարող է օրենքը փոխվել և նոր թեկնածուին հարմարեցվել: Սա լավ տեղ չի տանում:

Հանրապետության նախագահն իր երդմնակալության արարողությունից հետո սկզբունքներ է հռչակել, որոնք, անկեղծ ասած, բոլորի սրտովն են: Երդմնակալությունից հետո մի ամիս է անցել, ես չեմ կարծում, որ այս օրենքի նախագիծը որևէ աղերս ունի այդ սկզբունքների հետ: Կարելի է փաթեթավորումը ներկայացնել, որ սխալ եք հասկացել, այլ հիմնավորումներ բերել, բայց իրականությունը սա է: Իրականությունից փախչել չի լինի: Սա վերաբերում է նաև 5-րդ ալիքին: Լրատվամիջոց է փակվել, հետո ասել, գիտեք ինչ, սա տեխնիկական պատճառով, կայծակի պատճառով է: Պարզվում է՝ կայծակը քաղաքական էր, ոչ թե բնական: Արդյունքն այն է, որ մեր բազմահազար քաղաքացիները զրկվել են լավագույն ալիքներից մեկը դիտելու հնարավորությունից: Էլի կարելի է հիմնավորումներ ներկայացնել, ասել մեր կարծիքն այսպես կամ այնպես է:

Մի ամիս ժամանակ է անցել, արդեն երկու ուղղություններով շեղում է նկատվում: Մեկը, որ մարդու համար օրենք եք փոխում, մյուսը 5-րդ ալիքի հետ կապված խնդիրն է: Մի քիչ շո՞ւտ չէ, որ մի ամիս անցած շեղվենք այդ ճանապարհից: Այսպես շարունակելով  6 ամիս,  1 տարի հետո կարող ենք արձանագրել, որ այդ սկզբունքները պարզապես մնացել են որպես բարի ցանկություններ»:

1