Երկու տարի առանց քեզ

Հուլիսյան տաքուկ առավոտ էր: Թվում էր՝ սովորական, ոչ մի օրերից չտարբերակվող օր պիտի սկսվեր: Սակայն այդ օրը մեր գերդաստանի համար դարձավ ամենալուսավորը, ամենագունագեղն ու ամենաերջանիկը, քանզի լույս աշխարհ եկար դու՝ նոր կարգավիճակ տալով մորդ ու հորդ, հորեղբորդ ու հորաքրոջդ: Երկինքն ավելի պայծառացավ՝ չնայած հեռու-հեռուներում լսվում էր թնդանոթի համազարկ և ինքնաձիգների ճարճատյուն: Քո ծնունդով մի նոր զինվորի սիլուետ գծագրվեց երկնակամարում, որ պիտի դառնար Արցախ աշխրահի տերն ու տնօրենը…
Պապդ Արտակ կոչեց քեզ, Արտակ, գուցե աչքի առաջ ունենալով քաջ Մոկացուն, որ Ավարայրի դաշտում հանուն հավատքի նահատակվեց…
Մուտքդ մեր գերդաստան ոչ միայն երկար սպասված էր, այլև՝ ցանկալի: Դու նման չէիր բոլոր այն մանչուկներին, որ այդ ժամանակ լույս աշխարհ էին եկել:

Քո մեջ կար անսովոր, ինքնատիպ ու յուրահատուկ մի բան, որ առաջին իսկ հայացքից զգացվում էր: Հաճախ փորձում էի ինչ-որ անուն տալ այդ զգացողությանը՝ խորաթափանցություն, թե իմաստասիրությո՞ւն: Եվ հիմա եմ հասկանում, որ այդ երկուսն էլ միախառնված էին իրար ու քո քո մշտական ուղեկիցներն էին…
Մանկապարտեզ, դպրոց, բուհ, թե շարքային բանակ. Ամենուր աչքի էիր ընկնում քո մաքրամաքուր ազնվությամբ ու շիտակությամբ, ճշտախոսությամբ ու կարգապահությամբ, ընկերներին չդավելւո կարգախոսով և հայրենիքին ու հարազատներին անմնացորդ նվիրվելու պատրաստակամությամբ…

Ուրիշ էր անգամ նայվածքդ ու ժպիտդ՝ խորախորհուրդ, վարակիչ, կյանք պարգևող ու կյանքի վերադարձնող: Քեզ հետ մեկ անգամ շփվողը երբեք չէր կարող մոռանալ այն բավականությունը, այն դրական էներգիան, որ ճառագում էր քեզնից…

-Մեծի հետ մեծ է, փոքրի հետ՝ փոքր,- լսում էինք քո մասին ասվածը և հպարտանում, որ դու մերն ես, մեր հարազատը, ինչքան բախտավոր ու երջանիկ էինք քեզնով…
Ուրիշ էր նաև հարսանիքդ՝ սովորականից տարբերվող. Այլ կերպ էլ չէր կարող լինել, քանզի ամեն ինչ քո սիրասուն քրոջ երևակայական աշխարհի արգասիքն էր…

Զավակիդ՝ Ռուբենի, ծնունդն ավելի է ամբողջացրել քո կերպարը՝ հոր ու ամուսնու կարգավիճակով… Աշխարհը՝ աշխարհ, քո բալիկը՝ մի նոր աշխարհ: Սակայն պատերազմ կոչվածը տակնուվրա արեց ամեն ինչ…
Առաջին անգամ չէր, որ խաղաղ, անվրդով կյանքդ փոխարինեցիր գորշ համազգեստով. Ապրիլյան պատերազմի օրերին ևս ռազմի դաշտում էիր և հաղթանակով վերադարձար…

Սակայն այս մեկն այլ էր. Նախապես ամեն ինչ պլանավորված, անգամ ջահել-ջիվանների նահատակումը, միայն թե ամուր կառչած մնան իրենց աթոռներին:
Հրաշք լիներ և դուք՝ անմահներդ , վերադառնայիք իսկ աթոռներն էլ փոշիացներին այդ անտոհմ, անհայրենիք, անհավատ փառասերներին, որ Հայաստան աշխարհս ու Արցախս շնչեին, դուրս գային հաշմված վիճակից…
Դարձյալ արև էր այդ օրը, դարձյալ ոսոխը բոլոր ուղղություններով կրակ էր թափում, բայց դու քո ընկերների հետ կանգնած էիր Ձեզ վստահված դիրքում՝ «Ոչ մի քայլ հետ» կարգախոսով ու մեծ հավատքով, արցախցին կհաղթի…
Բայց թշնամին գտավ ձեզ՝ չխնայելով ո՛չ ձեր մատաղ կյանքը, ո՛չ էլ՝ ձեր հարազատների սիրատոչոր զգացմունքերը:
Ասուպներ դարձաք, որ շողշողաք երկնակամարից ու լուսավոր պահեք հազար կողմից խոցված Արցախ աշխարհս…
Երկու տարի առանց քեզ, առանց քո լիաթոք ժպիտի և խորախորհուրդ հայացքի…
Չկա առավել անտանելի պատիժ, քան մեր այս կարգավիճակն է…

Հրաշք լիներ ու դու վերադառնայիր, խինդով լցնեիր դատարկված տունդ, ժպիտ պարգևեիր տիկնոջդ, ծնողներիդ, սիրասուն, հրաշք Ռուբենիդ և բոլոր-բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին քեզ, ի՛մ անմոռանալի, անգնահատելի Արտակ…
Հորաքույր Լիանետա Իշխանյան