Լիբանանում վիճակը խիստ անորոշ է

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին այս պահին ամենահավանական թեկնածուն է վարչապետի պաշտոնի համար։ Վարչապետը պիտի լինի սուննի համայնքից, իսկ այդ համայնքում նման պաշտոնի համար ամենաներկայացուցչական դեմքը Հարիրին է։ Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29–ին՝ Լիբանանում կառավարական ցույցերի 13-րդ օրը, ուղիղ հեռուստաեթերում Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին հայտարարեց, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:
«Վարչապետը Լիբանանում ցուցարարների պահանջներին ընդառաջ գնաց՝ հայտարարելով հրաժարականի մասին։ Ավելին՝ Հարիրին միշտ էլ մնաց տեխնոկրատ կառավարություն կազմելու պահանջների կողմնակիցը։ Սա պահանջում էին հենց ցուցարարները։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Լիբանանի կառավարությանը նախկինում դրսից տրամադրվող օժանդակությունները կապասառեցվեն Հարիրիի՝ վարչապետ լինելուց և տեխնոկրատ կառավարության ձևավորումից հետո միայն»,–ասաց Գանտահարյանը։
Հարցին՝ արդյոք Հարիրիի վերանշանակումը ցուցարարների շրջանում կրքերը դարձյալ չի՞ բորբոքի, Գանտահարյանը նշեց՝ ցուցարարների շրջանում այս հարցի վերաբերյալ միասնական որոշում չկա․ նրանց մի մասը դեմ է, որ երևէ քաղաքական դեմք նոր կառավարության կազմում լինի, այդ թվում՝ Հարիրին․
«Ցուցարարների մի մասն էլ համոզված է, որ Հարիրին վայելում է միջազգային ընտանիքի զորակցությունը և իր գլխավորած տեխնոկրատ կառավարությունը կարող է լուծումներ տալ հարցերին։ Չկա միասնական կոնսենսուս այս հարցում։ Կառավարության հրաժարականը ցուցարարների պահանջի առաջին հանգրվանն էր։ Երկրորդը՝ սեղմ տեխնոկրատ կառավարության ձևավորումն էր, որի հիմնական գործառույթը պետք է լիներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը։ Այս ամենի նպատակը վարչակառավարման համակարգի ապահամայնքայնացումն էր, այսինքն՝ համայնքային կառավարման համակարգից հրաժարում և քաղաքացիական պետության ձևավորում»։
Գանտահարյանը նաև նշեց, որ Սաադ Հարիրիի վերանշանակումը դեռ չի ենթադրում, որ նոր կառավարությունը շուտով կձևավորվի. պետք է համընդհանուր կոնսենսուս լինի նախարարական կազմի շուրջ․«Եթե ձևաչափի, ընդհանուր կազմի բնութագրի, նախարարական պորտֆելների, նախարարների անունների շուրջ ընդհանուր համաձայնություն չլինի, կարող է իրավիճակը երկար ձգվել։ Նախադեպեր եղել են։ Չնայած՝ Հարիրիի մոտ նկատվում էր այս ամբողջ փաթեթի համաձայնության դեպքում միայն վարչապետի պաշտոնը վերստանձնելու պատրաստակամությունը։ Դեռևս պարզ չէ այս ամենը»։
Անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական կյանքին՝ Գանտահարյանը նշեց՝ երկրում վիճակը խիստ անորոշ է․ «Սպասվում է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարի այցը Բեյրութ։ Վարչապետի նշանակման վերաբերյալ խորհրդակցությունները երկրորդ անգամ հետաձգվեցին։ Հատկապես երեկոներին մայրաքաղաք Բեյրութում ճանապարհներ փակելու եղանակով բողոքի ակցիաները շարունակվում են։ Երեկ ակցիաները հատկանշվեցին զանգվածային խուլիգանական ակտերով։ Ֆինանսատնտեսական տագնապը խորանում է, գործազրկությունն աճում է»,-եզրափակեց Գանտահարյանը։
Հեղինակ Քրիստինա Բոյաջյան
arfd.am