Երկիրն ու պատիվը վաճառում են 24 միլիոն «փրկագնով»
Գլխավոր » Լրահոս » Երկիրն ու պատիվը վաճառում են 24 միլիոն «փրկագնով»

Երկիրն ու պատիվը վաճառում են 24 միլիոն «փրկագնով»

Աղմկահարույց նախագծի շուրջ դիտարկումներս փոքր ինչ երկար են ստացվել, սակայն փորձել եմ չբավարարվել ընդհանուր գնահատականներով ու անդրադարձել եմ այդ նախաձեռնության բոլոր՝ անվտանգային, օրենսդրական, հոգեբանական, հասարակական վտանգներին։

Շրջանառության մեջ դրված փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է՝ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, ( https://www.e-draft.am/projects/4679/justification )

1․Նախագծի այս հիմնավորումը սխալ է, քանի որ 2021 թ.-ի օգոստոսին ՀՀ ԱԺ ներկայացված ծրագրով ՀՀ Կառավարությունը խոստանում էր՝ «հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական, և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»: ( https://www.gov.am/files/docs/4586.pdf ), էջ 25

Խոստումը վերաբերում էր զինծառայության ժամկետի կրճատմանը եւ ոչ թե առանձին անձանց համար ժամկետների կրճատմանը։ Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ զինծառայության ժամկետների կրճատում եզրույթը իշխանական քարոզչամեքենան օգտագործում էր հանրությանը մոլորեցնելու համար, թե ՀՀ բոլոր զորակոչային տարիքի անձանց ծառայության ժամկետն է կրճատվում։

Ուշագրավ է նաև, որ Կառավարության ծրագրի այս հատվածը գրեթե կրկնօրինակված է ԱԺ ներկայացված ՀՀ Կառավարության 2017 թ.-ին ԱԺ ներկայցված 2017-2022 թթ ծրագրից.

«…մինչև 2020 թվականի ավարտը՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զինված ուժերի արհեստավարժ բաղադրիչն ընդլայնելու համար ապահովել հավաքագրման շահավետ պայմաններ, հատկապես կարևորելով այնպիսի ծրագրային նախագծերի ներդրումը, ինչպիսիք են՝ պարտադիր զինվորական ծառայությանը զուգահեռ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու պայմանով շարքային կազմի կամ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն կրթություն ստացած անձանց կողմից սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայության իրականացումը, ինչպես նաև շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Միաժամանակ, ձևավորել պահեստազորի պատրաստության արդյունավետ համակարգ՝ որպես զինված ուժերի համալրման առանցքային ուղղություններից մեկը…»: ( https://www.gov.am/files/docs/2207.pdf )

Նախագծի հիմնավորումների բաժնի՝ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները հատվածում ներկայացվում է դեռ 2018-ի հունվարին, ձմեռային զորակոչի ընթացքում կյանք ստացած «Ազգ-Բանակ» հայեցակարգի շրջանակներում «Ես եմ» ծրագրի չեղարկման մասին։ «Ես եմ» ծրագրի անունը չհիշատակելով՝ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ դրա հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով ներդրված Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցման մասին»։

Հիշեցնենք՝ «Ես եմ» ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա քաղաքացին ՊՆ-ի հետ կնքում էր պայմանագիր, ըստ որի՝ ծառայության ժամկետ է սահմանվում 3 տարին, որից առաջին 6 ամիսը պետք է լինի ուսումնական զորամասում։ Հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար պետք է անցկացներ մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։ 3 տարին լրանալուց հետո, երբ զինծառայողը զորացրվում է, նրան տրամադրվում է 5 միլիոն դրամ պատվովճար, որը նա կարող էր օգտագործել միայն բնակարան գնելու կամ ուսման վարձի կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։

Երկար-բարակ գրառումից հետո այս Նախագծում նշվում է, թե ծրագրի շահառուներն ամեն տարի նվազել են ու հիմա միայն երեքն են, որոնք զորացրվելու են 2023 թվականին։ Հատկանշական է մեկ դրվագ հիմնավորումում՝ «Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին»։ ( https://www.e-draft.am/projects/4679/justification 

Փաստորեն՝ կրկին պատերազմը։

Հիշեցնենք, որ դեռ 2018 հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակի մարտունակության բարձրացման նպատակով ընդունվել է 7-ամյա զարգացման ծրագիր, որի մշակման մասին հայտարարել էր դեռ 2017 թ. հոկտեմբերի 24-ին

https://www.president.am/…/President-Serzh-Sargsyan…/… )։

Այն, որ «Ես եմ» , «Պատիվ ունեմ» 2018-ից սկսյալ ՀՀ ՊՆ եւ ՀՀ իշխանությունների կողմից անտեսել են, չեն քարոզվել, գրավիչ չեն դարձվել, ակնառու է ու դրա մասին բազմիցս է խոսվել։

Ընդհանրապես, 2017 թվականից հայտարարված «Ազգ-բանակ» հայեցակարգն այս իշխանությունների կողմից ի սկզբան անտեսվեց, ավելին՝ այն սվիններով էր ընդունվել այսօր իշխանության բարձրագույն ատյաններում եղածներից շատերի կողմից։ Բերեմ մի քանի օրինակ.

-«Ազգ-բանակի շուրջ կառուցվող իդիլիան փլուզվեց»։ 2017 թվականի նոյեմբերի 8-ին գրառել է Փաշինյանն իր էջում ( https://m.facebook.com/nikol…/posts/1931476713839381… ) ու տարածել էր իսկ խմբագրած թերթի իր իսկ գրած խմբագրականը՝ «Ազգ-բանակ, դասադուլ-հացադուլ, ցավդ տանեմ-կյանքիդ մեռնեմ» վերնագրով ( https://armtimes.com/hy/article/124610… )։ Այն նվրիված էր տարկետման դեմ ուսանողական բողոքին, որի նախաձեռնողը Ռեստարթի անդամներն էին, որոնք հետո իշխանությունում զբաղեցրին տարբեր պաշտոններ, որոշները, օրենքի փոփոխությունից օգտվելով, իբր գիտությամբ զբաղվելու հիմքով, ծառայության չանցան ու նաեւ գիտությամբ չզբաղվեցին։

Արդեն իշխանության գալուց հետո, 2018-ի մայիսի 21-ին Փաշինյանը նշել է.

«Եթե մի տարվա քարոզչությունից հետո որեւէ մեկը լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում «Ազգ-բանակը», նշանակում է ոչ մեկ չի պատկերացնում։ Սարգսյանն (ի նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին) իր դեմ է արել այդ հայտարարությունը։ Պատկերացնում եք, մի տարի մարդը խոսել է այդ մասին, եւ որեւէ մեկը չի լսել, կամ լսել, հնարավոր չի եղել հասկանալ, թե ինչէ ասում։ Կոչ եմ անում թատերականացված կոչերից զերծ մնալ….. Ունենք կոնկրետ օրենք, որը գործում է, որը ունի կոնկրետ դրույթներ, դրա մի մասն էլ «Ես եմ» ծրագիրն է, իսկ «Ազգ-բանակը» որտե՞ղ է գրված… Եթե «Ազգ-բանակն» այն է, որ զինվորները հրամանով քվեարկեն, չի լինելու դա»:

Գրել էր Փաշինյանը։ Իսկ 2021թ.-ին արդեն հակառակը եղավ։

«Ազգ-բանակ» կոնցեպտը, հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: Դա է պարզ լուծումը, պետք չէ մարդկանց սովորեցնել»: Սա արդեն բանակի մոլի քննադատ, պարբերաբար«Ազգ-բանակ» կոնցեպտի դեմ հանդես եկած ԱԽ ներկայիս քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերն են, ասված «Ազատություն» ռադիոկայանի եթերում, 2018 թվականի մայիսի 20-ին։

Նրանից մեկ այլ մեջբերում՝ «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- նշել է նա:

Հակաքարոզչության նման օրինակների շարքն անվերջ է:

2․Նախագծով առաջարկվող 24 հազար դրամ «փրկագնի» չափի հաշվարկման հիմքը հետեւյալն է՝ «Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռնվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է»:

Ստացվում է, որ, առաջարկության հեղինակների տրամաբանությամբ, պարտադիր զինծառայությունից ազատվածի վճարած գումարի հաշվին 5 տարի շարունակ պայմանագրային ծառայության մեջ կլինի ՀՀ մեկ այլ քաղաքացի։ Նույն տրամաբանությամբ, պարտադիր զինծառայության ամեն մի զորակոչիկ իր փոխարեն կարող էր առաջարկել զորակոչել այլ մեկին, պայմանով, որ ինքն է վճարելու նրա վարձատրության գումարը: Սա ամբողջովին խաթարում է ՀՀ քաղաքացու՝ Հայրենիքի պաշտպանության պարտավորության առնցքային սկզբունքները:

3․Հիշյալ նախագիծը վտանգավոր է նաեւ հանրային հարաբերությունների, ՀՀ Զինված ուժերի նկատմամբ հասարակության վերաբերմունքում փոփոխությունների առումով։
Փողով պարտադիր զինծառայությունից ազատվելու մեխանիզմի արդյունքում պարտադիր զինծառայությունը, Հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելը դիտվելու է ոչ ունեւորների առաքելություն ու պարտականություն։ Իսկ մեծահարուստն ազատ է այդ պարտականությունից։

4․Նախագիծն իր մեջ պարունակում է նաեւ ՀՀ Սահմանադրության դրույթների հետ հակասություններ։

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածն ամրագրում է, որ երկրի պաշտպանությանը մասնակցելը յուրաքանչյուրի պարտավորությունն է՝ «3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:

Այս նախագծով արդեն իսկ պարտականությունը դառնում է ընտրողական ու ըստ ցանկության։

5․Գումարով պարտադիր զինծառայությունից ազատվելու հնարավորության ներդրումը խտրականություն է պարտադիր զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված է խտրականության արգելքը. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Այնինչ, ներկայացված նախագծով սոցիալական անբարենպաստ պայմաններով քաղաքացու նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք։

6․Նախագծում նշված է, որ «Օրենքի նախագծի ընդունումն առաջիկա հինգ տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում»:

Այնինչ չկա հաշվարկ, թե քանի քաղաքացի պատրաստակամություն կհայտնի գումարի դիմաց ազատվել պարտադիր ծառայությունից, որի վճարած գումարների հաշվին հնարավորություն կստեղծվի (ինչպես նշված է նախագծում) պայմանագրային նոր զինծառայողների ընդգրկել ՀՀ Զինված ուժերի շարքում։

7․Միաժամանակ, սահմանելով զինծառայողի պատրաստության ուսումնական փուլ, հստակ չի, թե դա ինչպես պետք է անցնի՝ զորամասո՞ւմ, ուսումնական զորամասերո՞ւմ, թե՞ այլ կերպ։

Եթե ենթադրվում է ուսումնական զորմասերում, ապա այդ ստորաբաժանումների համար ստեղծվում է լրացուցիչ բեռ, երբ պարտադիր զորակոչի արդյունքում, ըստ զինված ուժերի տեսակների պահանջների, կատարվում է ուսումնական զորմասերում նորակոչիկների բաշխում, հետագայում զինված ուժերի առանձին ստորաբաժանումները համալրելու ծրագրի։ Այս նախագծի դրույթների կյանքի կոչելու դեպքում, ուսումնական զորմասերից շատերն ուղղակի չեն համալրելու զինված ուժերի կազմերը։ Արդյունքում ունենալու ենք ուռճացված ուսումնական զորմասեր ու ծախսային նոր բեռ։

8․Նախագծով հստակ չէ, թե որքան է նախատեսվում 24 միլիոն գումար վճարած անձանց պարտադիր ծառայության ժամկետը։ Նշված է միայն «միջինը՝ չորսուկես ամիս»։

Ինչպե՞ս հասկանալ միջինացվածությունը։ Մեկը՝ երե՞ք ամիս, մյուսը՝ հի՞նգ։ Չկա հստակ եւ կոնկրետ ժամկետ։

9․Վերջապես, պետք է հաշվի առնել հանրային տրամադրությունները, ետպատերազմական վիճակը, հակառակորդ պետության ու դրա զինված ուժերի կողմից պարբերական թիրախավորումներն ու հասարակական անհանգստությունները։ Այն իր հետ բերելու է պարտադիր զինծառայությունից ամեն գնով ազատվելու անառողջ մթնոլորտ ու ստիպելու է որոշներին մտնել անասելի, իրենց համար շատ հաճախ անլուծելի ֆինանսական բեռի տակ, ամեն գնով պարտադիր զինծառայությունից ազատվելու համար։

10․Ի դեպ, նախագծում խոսք կա նաեւ «Հայրենյաց պաշտպան» նոր ծրագրի գործարկման մասին, որը դեռ շատ խմորատիպ է, գաղափար ու իրավական ընթացք չի ստացել։

11․Եվ վերջում, Կառավարության՝ 2021 թվականին ԱԺ ներկայացրած ծրագրում խոսվում էր Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մասին։ Պարբերաբար այդ նախագծի մասին խոսվել է ԱԺ ամբիոնից։ Պաշտպանության հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորների հարցապնդումներին պատասխանվել է, թե փաստաթուղթն արդեն պատրաստ է։

Սակայն 2022 թվականի փետրվարի 9-ին, ԱԺ ամբիոնից պաշտպանության նորանշական նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց. «Ես այդ աշխատանքով բավարարված չեմ ու հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքները առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, ՊՆ-ն բաց է»: Այդ հայտարարությունից անցել է արդեն յոթ ամիս, սակայն մինչ այժմ ռազմավարական փաստաթղթի մասին որեւէ հայտարարություն չկա, ու շարունակվում են իշխանության քաղաքական շահերը սպասարկող օրենսդրական կոսմետիկ փոփոխությունները, որոնք, ինչպես ակնհայտ է, ոչ ամենևին ուղղված են ՀՀ պաշտպանական համակարգի, Զինված ուժերի բարեփախումներին»:

Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

1