Երևանում կայացել է «Վըսկէ ծերքեր» երկրորդ փառատոնը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Երևանում կայացել է «Վըսկէ ծերքեր» երկրորդ փառատոնը

Երևանում կայացել է «Վըսկէ ծերքեր» երկրորդ փառատոնը

Երևանում ապրիլի 7-ին կայացել է արցախցի կանանց աշխատանքների «Վըսկէ ծերքեր» երկրորդ փառատոնը: 65 արտադրողների մասնակցությամբ Երևանի Թումանյան’ս ART սրճարանի բացօթյա տարածքում իրականցվել է ցուցահանդես-վաճառք, որն ուղեկցվել է մրցույթներով, հետաքրքիր անակնկալներով ու երաժշտական կատարումներով: Վաճառքին ներկայացված էին արցախցի արտադրողների աշխատանքները՝ ձեռագործ, ասեղնագործ իրեր, քաղցրավենիքներ, թեյեր, օճառներ և այլ:

2023թ. դեկտեմբերին Արցախում պլանավորված փառատոնն անցկացվել էր Երևանում, որին ներկայացված էին ավելի քան 50 ստեղծագործ արցախցիների ձեռքի աշխատանքներ և արտադրանք։

Արևիկ Պետրոսյանը ծնունդով Մարտակերտի շրջանից է, ապրում էր Ստեփանակերտում: Նա ներկայացնում է «Արևիկ» բրենդը, պատրաստում է մկրտության պարագաներ, մանկական հագուստ, մանկական աքսեսուարներ: «Արդեն վեց տարի է՝ զբաղվում եմ այս գործով: Սիրով մասնակցում ենք տոնավաճառին, Արցախում բավականին պատվերներ ունեինք, այստեղ էլ փորձում ենք նույնը շարունակել՝ առայժմ փոքր տեմպերով, բայց մեծ հույսերով»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ կկարողանա նոր միջավայր դուրս գալ, ավելի ճանաչելի դառնալ հայաստանյան շուկայում:

Հաջորդ տաղավարում Ստեփանակերտից Էռնա Մկրտչյանն է, նա ձեռագործ տիկնիկներ է պատրաստում և փորձում իր տեղը գտնել հայկական արտադրանքի շուկայում: «Աշխատում էի Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում որպես պատանի նկարիչ խմբակի խմբակավար: Արցախում որպես հոբբի էի զբաղվում, իսկ այստեղ սոցիալական խնդիրները հաղթահարելու համար»,- ասում է մասնագիտությամբ նկարչուհի Էռնան:

«Heliun» առցանց խանութը ներկայացնող Անահիտ Բադալյանը սիրած գործով զբաղվում է դստեր՝ Անժելայի հետ: Նրանք Ասկերան քաղաքից են և այժմ ՀՀ-ում փորձում են զարգացնել փոքրիկ բիզնեսը:  «Ինչքան ինձ հիշում եմ ՝միշտ ձեռագործ աշխատանքներ եմ արել: Հիմա ներկայացրել ենք տակդիրներ և պայուսակներ, որոնք լվացվում և արդուկվում են: Քանի որ սկիզբն է, մի քանի ամիս առաջ ենք բացել օնլայն էջը, հաճախորդները չեմ ասի շատ են, բայց քիչ-քիչ ակտիվությունը մեծանում է»,-նշում է Անահիտը: Անժելայի խոսքով էլ՝ ձգտում են տեսականին ընդլայնել, որ ավելի հետաքրքիր լինի հաճախորդների համար:

Ծովինար Գրիգորյանը Ստեփանակերտից է, նա Արցախում աշխատում էր հարկայինում, իսկ կարուձևը սիրած զբաղմունք էր: «Հայրիկս դերձակ էր, նրանից եմ սովորել կարի հետ կապված հմտությունները: Սիրում էի կարը, ուղղակի սիրողական, հիմա այստեղ չեմ աշխատում, որոշել եմ սիրած աշխատանքը բիզնեսի վերածել»,- ասում է Ծովինարը: Նա Ստեփանակերտում կարում էր մանկական անկողնային պարագաներ, բոժոժներ, ծամիկներ, իսկ այստեղ դեկորատիվ ասեղնագործ իրեր, հույս ունի, որ ժամանակի ընթացքում  կկարողանա հաստատվել նաև հայաստանյան շուկայում:

«Սյունե» ապրանքանիշը ստեղծվել է 2021թ. Արցախում, արտադրում է հայկական զարդանախշերով շարֆեր: Ապրանքանիշն Արցախում բավականին հայտնի էր, ա յստեղ էլ կամաց-կամաց փորձում են հարմարվել նոր պայմաններին, վաճառքը հիմնականում Instagram-ի էջով են իրականացնում:

Իրինա Գասպարյանն Արցախում փրկարար ծառայությունում էր աշխատում, ՀՀ-ում դեռ մշտական աշխատանք չունի և այս տարվա հունվարից ընկերուհու հետ սկսել է զբաղվել ձեռագործ օճառի արտադրությամբ: Հումքը ՌԴ-ից են ներկրում, այն անվտանգ ու հակաալեգիկ է: «Օճառների նկատմամբ հետաքրքրությունը նվեր ստանալուց հետո է առաջացել, դրանից հետո որոշել ենք ինքերս զբաղվել: Այն շատ դրական լիցքեր է փոխանցում դիմացինին»,- ասում է Իրինան: Նրա խոսքով՝ վաճառքը դժվարանում է, քանի որ անծանոթ են ոլորտին ու միջավայրին:

Տաղավարներից մեկում էլ տեսանք տարբեր մրգային չրեր, թեյերի տեսականի, մոտեցողները կարող էին համտեսել նաև բնական չրերը:  Էլինա Աղաջանյանը «Sunny Artsakh»-ով սկսել է զբաղվել մի քանի տարի առաջ: Նա երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին: զգում ենք ինչպես Արցախում: Սկզբնական շրջանում տան պայմաններում պատրաստում էր ընտանիքի համար, հետագայում հարազատների խորհրդով սկսել է զբաղվել վաճառքով: «Բնական, առանց շաքարի չրեր են, պատրաստում ենք նաև մրգային թեյեր: Վաճառքը կա, պահանջված է, ուղարկում ենք նաև արտերկիր: Դպրոցում եմ աշխատում որպես ուսուցչուհի ու միաժամանակ զարգացնում փոքրի բիզնեսը»,- պատմում է նա: Էլինան նպատակ ունի  մեծ արտադրամաս ստեղծել  ու սրճարան բացել,ո րտեղ կմատուցի իր պատրաստած չրերը:

Կարինե Մուսայելյանի հեղինակած «Karin home» ապրանքանիշը գործում է 2020թ. պատերազմից հետո: Հիմնական հաճախորդները սոցիալական ցանցերից են, պատվիրում են տարբեր երկրներից ու ՀՀ-ից: «Այլ տեղ էլ եմ աշխատում, սա ինձ համար փոքրիկ բիզնես է, սիրած զբաղմունք: Այստեղ եկել եմ արցախցիներին տեսնելու համար ու հայտնվել եմ փոքրիկ Ստեփանակերտում»,- նշում է Կարինեն:

Բոլոր մասնակիցները նշում են, որ վաճառքից ու նոր պատվիրատուներ գտնելուց զատ կարևորում են առաջին հերթին Արցախի շունչը զգալը, ծանոթ դեմքեր տեսնելը, կիսվելը:

«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ հիմնադիր Մարիամ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշում է, որ փառատոնը կրկնելու մտահողացումը ծագել է առաջին «Վըսկէ ծերքեր» փառատոնից հետո, որից ստացել են բավականին դրական արձագանքներ:

Նրա խոսքով՝ այս անգամ գրանցումը եղել է հայտադիմումով, մասնակիցներին ընտրել են ելնելով որոշակի ստանդարտներից՝  ուշադրություն դարձնելով գին-որակ չափանիշներին ու հայտատուի սոցիալական կարգավիճակին:

«Առաջին փառատոնն առանձնացավ այն առումով, որ հնարավոր եղավ դրա միջոցով լուծել մի շարք հոգեբանական խնդիրներ, որը մենք նույնիսկ չէինք պատկերացնում: Կային արտադրողներ, որոնք անձնական կորուստներից կամ սոցիալական շատ բարդ իրավիճակից ելնելով վատ վիճակում էին գտնվում, բայց փառատոնը հույս ներշնչեց աշխատելու ու հոգեբանական այդ ծանր վիճակը հաղթահարելու համար»,- մանրամասնում է Մարիամը: Նա հույս ունի, որ փառատոնների միջոցով կնպաստեն, որպեսզի արցախցիներն իրենց տեղը կգտնեն հայաստանյան շուկայում:

Հաջորդ փառատոնի կազմակերպումն էլ ֆինանսական աջակցությունից է կախված. նախաձեռնությանն աջակցում են մասնավոր կազմակերպությունները:

1