Երեկուայ թուրք «ջանբէզար»-ը եւ այսօրեայ «ադրբեջանցի բնապահպան»-ը․․․

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս, պ.գ.թ. Կարեն Խանլարյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը.
«Բերձորի միջանցքի շրջափակմանը եւ Քարինտակի խաչմերուկի պաշարմանն ի տես, ինչքան աւելի եմ փորփրում պատմական փաստերը, նոյնքան աւելի եմ համոզւում, որ անցեալի խորքերից եկած մեթոդաբանութեան ոգին է վերստին տիրում այսօր Թուրքիա-«Ադրբեջան» պետական դոկտրինաներում։ Դժուար թէ այլ եզրահանգման էլ հասնի մարդ․ իհարկէ նրանք փայլուն սերտել եւ կրկնում են պատմական դասերը․․․ Ահա թէ այս մասին ինչպիսի դիպուկ «ներքին տեսութիւն» է տուել «Մուրճ» ամսագիրը, 1905թ․ օգոստոսին, հայ-թաթարական ընդհարումների օրերին․
«Գաւառներում հանգստութիւնը դեռ եւս վերականգնուած չէ: Այդպէս, օրինակ, Գողթնից մեր ստացած մասնաւոր նամակները ցոյց են տալիս, որ ԵՐԹԵՒԵԿՈՒԹԻՒՆԸ հայ գիւղերի միջեւ շատ վտանգաւոր է դարձել շնորհիւ զինուած թուրք սրիկաների, որոնք իրանց «ջանբէզար» (անձուրաց- Կ․ Խ․) են անուանում եւ նպատակ են դրել, սպանութիւններով եւ աւարառութիւններով, շարունակ ահաբեկման մէջ պահել հայ ժողովրդին եւ, զզուեցնելով նրան, ստիպել գաղթելու․․․
․․․Այդ եւ նման փաստերը ցոյց են տալիս, որ անկարգութիւնների սուր կերպարանքը անցել է եւ թուրքերը փորձեր են անում տեւողական դարձնել իրանց ստեղծած դրութիւնը, որպէսզի, երեւի, իրագործեն այն խօսքերը, որ նրանք լկտի պարծենկոտութեամբ յայտնել էին մի երկու ամիս առաջ․․․ «հայերին չենք թողնելու այստեղ ապրեն, նրանց վերջացնելու ենք»։
Սակայն այդ մոլեռանդ եւ գազանաբարոյ մարդիկ այնքան տգէտ էին, որ չէին հասկանում մի մեծ տարբերութիւն՝ Թիւրքիայի եւ Կովկասի մէջ. այդ այն է, որ Կովկասում հայը չի կարող իրաւազուրկ ռայա դառնալ եւ վերջի վերջոյ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՄԲ կը քանդի իր այդ նամարդ հարեւանի թշնամական բոլոր դաւերը եւ երբէք չի փախչի իր ծննդավայրից, որ ոռոգուած է դեռ ասորաբաբելական գոռոզ բռնակալների ժամանակներից սկսած՝ իր նախնիների քրտինքով եւ արիւնով:
Ճիշտ է, սկզբում հայերը յանկարծակիի բռնուած՝ սաստիկ ահաբեկուելով այնքան վհատել էին, որ պատրաստ էին տուն տեղ թողած փախչել, գաղթել, սակայն ՊՐԻՆՑ ԼՈՒԻ ՆԱՊՈԼԷՕՆԻ ԽՕՍՔԵՐԸ տուին նրան վստահութիւն շարունակելու իր կուլտուրական մեծ միսսիան հայրենի հողի վրայ եւ նա չգաղթեց եւ չպիտի գաղթի․․․» (գլխագրով ընդգծումները մերն են,- Կ․ Խ․)։
(Մուրճ գրական, հասարակական եւ քաղաքական ամսագիր, Թիֆլիս, 1905 օգոստոս, No 8, էջ 152-153)
․․․ Ինչքան աւելի եմ փորփրում պատմական փաստերը, նոյնքան աւելի եմ համոզւում, որ հայութիւնն էլ ունի եւ պէտք է ունենայ իր անցեալի խորքերից եկած սեփական մեթոդը, որը վստահ եմ չի ուշանայ․․․»: