Երեկ կարող էինք, իսկ այսօ՞ր. Վահագն Խաչատրյան
Գլխավոր » Երիտասարդական » Երեկ կարող էինք, իսկ այսօ՞ր. Վահագն Խաչատրյան

Երեկ կարող էինք, իսկ այսօ՞ր. Վահագն Խաչատրյան

Երջանիկ ազգ ենք…

Համենայն դեպս, այդպես ասում են միջազգային փորձագետները։

Զարգացել ենք…

Սա նույնպես միջազգային փորձագետների գնահատականի համաձայն։ Դե, ժողովրդավարությունից չխոսենք անգամ, տարածաշրջանում առաջատար ենք այդ առումով։ Իհա՛րկե, ինչպե՞ս կարող ենք չհամաձայնել, երբ ինքներս ենք քաղում այդ հաղթանակի պտուղները. չէ՞ որ վերջապես կարողացանք յուրացնել եվրոպական, արևմտյան արժեհամակարգերը` մեր մեջ խեղդելով «ավանդական հետամնացությունը»։

Վերջապես խոսքի ազատություն ենք ստացել, կարող ենք ասել և անել այն, ինչ մենք ենք ուզում, մտածել` միայն մեր մասին։

Հետաքրքիր ազգ ենք…

Երեկ կարող էինք ոչնչից պետություն կերտել, իսկ այսօր եղած պետությունը քանդել, կամ էլ քանդմանն ականատես լինել, լինել անտարբեր: Պարզապես լինել…

Երեկ կարող էինք երկրպագել անկախություն կերտած հերոսներին, իսկ այսօր ուրանալ նրանց վաստակն ու մեզ համար կեղծ հերոսներ հորինել՝ քաջնազարանման։

Երեկ կարողացանք փրկվել Դեր֊Զորի շիկացած ավազներից, իսկ այսօր գլուխներս ենք պարզել թուրքի յաթաղանին։

Երեկ մտավորականը կարող էր մի խոսքով անգամ փրկել իր ժողովրդին, իսկ այսօր հաճոյանալ ստորաքարշաբար՝ աչք փակելով մահվան տարած սերունդների վրա։

Երեկ կարող էինք համախմբվել, բռունցքվել և կանգնել Արցախի կողքին՝ նրա համար դառնալով անխոցելի վահան, իսկ այսօր՝ մոռանալ նրա գոյության մասին։

Երեկ կարող էինք միջազգային կառույցների գրասենյակների դռներ ջարդել, իսկ այսօր մի բառ անգամ չասել Արցախում ստեղծված աղետալի վիճակի մասին։

Երեկ կարող էինք չլինել, բայց եղանք: Վաղն էլ կարող ենք չլինել, բայց կլինե՞նք: Կարծում եմ` շատերի համար սա արդեն կարևոր չէ։ Դե, մի՛ զարմացեք, ի՞նչ կարող ենք անել։ Ի՞նչ ազգ, ի՞նչ Հայրենիք, ի՞նչ սահման, ի՞նչ թշնամի, չէ՞ որ բոլորս մարդ ենք` երկրագնդի քաղաքացիներ և ապրում ենք 21-րդ դարում` նոր արժեհամակարգով: Եվ հոգ չէ, թե հարևանդ՝ դարերի ոխերիմ թշնամիդ, 1,5 տարի առաջ քեզ հիշեցրեց իր անմարդկային, չփոփոխվող էության մասին, հիշեցրեց, թե ինչպես էր 100 տարի առաջ պապերիդ եղեռնի ենթարկում, իսկ այսօր «բարեկամական» իր ձեռքն է մեկնում։ Նա սպանելու ձևը չի մոռացել, բայց մենք, կարծես թե, մոռացել ենք՝ ինչպես ենք սպանվել։

Թերևս բթացել ենք… Կարծում եք՝ ցավի՞ց։ Գուցե և ոմանք ցավից, բայց շատերը՝ նոր արժեհամակարգից, նոր հայացքներից։ Կարող ես գործի բերումով լինել Երևանում և խենթանալ անհոգ կյանքից (դե եկ վարդապետ…հիմա այնքան հասկանալի է խենթանալդ)։

Ի՞նչ կարևոր է, թե Արցախում մարդիկ օրերով տաք ջուր ու կերակուր չունեին, թե թշնամին ամեն օր հոգեբանական և ֆիզիկական ճնշման է ենթարկում նրան, ստիպում լքել հայրենի օջախը, հակառակ դեպքում սպառնալով պարզապես ոչնչացնել նրան: Ի՞նչ կարևոր է, թե Սյունիքում թշնամին քայլ առ քայլ առաջ է գալիս, իսկ Տավուշում և Երասխում գնդակոծում հայկական դիրքերը։ Հեռվից այդ ամենը չի երևում: Երևանում՝ ևս, չեն տեսնում, չեն զգում:

Բայց հետո, երբ մի օր անտարբեր այս մարդիկ կարթնանան այդ գունավոր երազից, թշնամին արդեն իրենց տան շեմին կլինի, գուցեև Երևանի մատույցներում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհրաժարվի լքել Էջմիածինը, իսկ վարչապետը զենք ձեռքին մարտի կնետվի ժողովրդի հետ՝ փրկելու հայոց վտանգված Հայրենիքը, հայի արժանապատվությունը… Չէ՛, այս պատմությունն արդեն լսել եմ, բոլորին է այն հայտնի: Բայց այս անգամ այն նույն ավարտը չի ունենա, ավելին, կարծում եմ՝ այս անգամ ճիշտ հակառակը կլինի, լավագույն դեպքում կլքեն վտանգված ամրոցը, վատագույն դեպքում՝ դարպասները կբացեն թշնամու առաջ։ Ժողովուրդը նամակ կգրի ռուսաց ցարին կրկին ու կրկին։ Ե՞րբ տեղ կհասնի, «ռուսի սապոկը» կրկին կօրհնե՞նք, թե չէ` ժամանակը ցույց կտա։

Իսկ վերոնշյալ գունավոր երազին զուգահեռ Արցախում ամեն ինչ սև ու սպիտակի մեջ է։ Պատերազմից հետո մաքառող այս կղզյակում ապրում է շուրջ 100 000 մարդ։

Մարդիկ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, իրենց տներն ու… երազանքները, և ովքեր շրջապատված են թշնամիներով։ Արցախցու կամքի մասին լեգենդներ են պատմում: Դրան ականատես ենք լինում հենց այս օրերին։ Ընդհանրապես, պատերազմից հետո սկսել ենք ամեն ինչին այլ տեսանկյունից նայել, այլ կերպ արժևորել մեր ունեցածը։ Սարսափելի ցրտին առանց գազի ու հոսանքի, առանց տաք ջրի ու կերակուրի մնացած, հացի փակված արտադրամասերով, պարապմունքները հարկադրաբար դադարեցրած մանկապարտեզներով ու դպրոցներով, ցուրտ հիվանդանոցներում ու աշխատասենյակներում, գնդակոծվող գյուղերում, թշնամու սպառնալիքների ներքո շարունակում է ապրել ու արարել, շարունակում է արնաշաղախ հողը մշակել և նոր ծիլեր տնկել այդ հողում։

Պատերազմը մեզ հեռացրեց աշխարհից: Պատերազմը ստիպեց մեզ ճանաչել աշխարհն իր ողջ էությամբ, իր ողբերգությամբ։ Մի՞թե կեղծ չէ այն, որն անընդհատ բարձրաձայնում է մարդու իրավունքների, ազատությունների մասին, սակայն թե՛ պատերազմի, թե՛ այս հումանիտար աղետի օրերին կույր, խուլ ու համր էր ձևանում, մինչդեռ Ուկրաինայի համար աղաղակում է։ Պատճառն, անշուշտ, հասկանալի է. մեծ դերակատարներն իրենց դերն են խաղում կյանքի բեմում՝ իրենց հաստատուն տեղն ունենալու, այն չկորցնելու համար:

Ո՞րն է Հայաստանի դերն այդ բեմում: Ետնաբեմում մոռացության մատնվե՞լը, թե՞ …

Իսկ Արցախում այսօր մարդիկ ապրում են ի հեճուկս բոլոր դժվարությունների: Ապրում են, որովհետև ապրելու և ապրեցնելու պարտք ունեն։ Արցախում այլևս գրավիչ չեն Լաս Վեգասի լույսերն ու հեքիաթային Փարիզը, գրավիչ չեն պատմական Հռոմն ու Միջերկրական ծովի տաք ջրերը, քանի որ այդտեղ այլևս չես գտնի մարդկային կարեկցանք ու պարզություն։ Ավելին, Արցախում այլևս չեն բողոքում ցուրտ եղանակից, առօրյա խնդիրներից, թշնամու սանձարձակ պահվածքից, ուշադրություն չեն դարձնում հնչեցվող սպառնալիքներին ու թշնամու կրակոցներին. պնդաճակատ ենք, սովորել ենք։

Ավելի վատ էլ է եղել, կրկին ապրել ենք: Հիմա էլ ենք ապրելու՝ հույսներս մեզ վրա դրած, Խրիմյան Հայրիկի թղթե շերեփից դասեր քաղած, աշխարհի թոհուբոհին անտարբեր։

Իսկ Արցախում առատ ձյուն է տեղացել ու ընդծել մեր պարզությունն ու մաքրությունը։ Եկել է ուրախացնելու մռայլ իրականության մեջ ապրող մեծ ու փոքրին, եկել է ջերմացնելու մեր տղաների շիրմաթմբերը։ Եկել է, որ Արցախում կրկին «հին կոճղից նոր բողբոջներ պայթեն»։

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

1