Երբեք չէր վարանում զենք վերցնել ու առաջ նետվել․․․ Հավերժ փառք
2020 թվականի սեպտեմբերի 27—ին՝ Հայոց օրացույցի ամենաչարաբաստիկ օրը, Լեռնիկ Համբարձումյանը ևս շտապեց համալրելու Հայրենիքի պաշտպանության ու փրկության համար ոտքի կանգնածների շարքը։ Իմանալով, որ վարորդի կարիք կա` առանց երկմտելու սկսեց զենք ու զինամթերք հասցնել ամենավտանգավոր դիրքեր։ Ավա՜ղ, հերթական անգամ դիրքեր զինամթերք հասցնելու ճանապարհին, հոկտեմբերի 23-ին, ԱԹՍ—ի հարվածից անմահացավ Լեռնիկը՝ միանալով հազարավոր անմահների աստղաբույլին։ Գնաց գիտակցված մահվան՝ կնոջ, դստեր, և հարազատների հոգում թողնելով անպատում ցավ ու մորմոք։ Հետմահու պարգևատրվել է գովասանագրերով և հուշամեդալով։
Լեռնիկը ծնվել է 1975 թվականի մայիսի 25-ին հերոսածին Վարազաբուն գյուղում։ Միշտ հպարտանում էր Մեծ հայրենական պատերազմում գյուղի երկու ԽՍՀՄ հերոսներով:
16 տարեկան էր, երբ կամավորագրվեց Արցախյան ազատամարտին և միշտ պատվով էր կատարում իր առջև դրված բոլոր խնդիրները: Երբեք չէր վարանում զենք վերցնել ու առաջ նետվել, նա դա կատարել է նաև 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ:
Մարտական ընկերները հիշում են․
-90-ականների պատերազմի ժամանակ իր անցած մարտական ուղիով և անբիծ կենսագրությամբ Լեռնիկը եզակիներից մեկն էր: Նա մարդկային այն տեսակից էր, որը պատերազմում չի պարտվում, այլ պայքարում է մինչև վերջ և զոհվում որպես հերոս: Նա այն եզակի տղաներից էր, որ մասնակիցը եղավ Արցախյան բոլոր պատերազմներին:
Ցավոք, մենք չկարողացանք տեր կանգնել նրանց արյունով թրծված Արցախի հողին։ Այսօր, առավել քան երբևէ մենք հետ նայելու, անցյալի դասերը խորհելու, ուղեցույց դարձնելու, մեր մեջքը շտկելու և առաջ նայելու խնդիր ունենք:
Համագյուղացիները պատմում են․
-Լինելով հմուտ մեխանիզատոր` անմնացորդ նվիրված էր հարազատ ժողովրդին, սիրած գործին, օգնում էր բոլորին և երբեք չէր կարողանում որևէ մեկին մերժել:
Բարի, աշխատասեր, խիզախ երիտասարդ էր Լեռնիկը․․․ Նվիրված ամուսին էր, արժանի զավակ, հավատարիմ ընկեր: Առանձնակի ջերմությամբ ու քնքշությամբ էր կապված մինուճար դստեր՝ Անժելայի հետ։ Նրա կորուստը շատ ծանր էր մեր ձորակի բնակչության համար։
Տարիներ շարունակ Ասկերանի շրջանի Նախիջևանիկի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվում էին հիշատակի միջոցառումներ, որոնք հայրենասիրության դասեր էին մատաղ սերունդների համար։ Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր, Վարազաբուն բնակավայրերի բնակչությունը, որ բազմիցս է տուժել թշնամուց, մինչև Արցախի բռնատեղահանման վերջին պահը կառչած էր իր հողից։ Ընկան պատմական գյուղերը, անտերության մեջ մնացին մեր գերեզմանները, պատմաշակութային արժեքները։
2020-ի պատերազմից հետո Նախիջևանիկում Լեռնիկ Համբարձումյանի հիշատակին կառուցված հուշաղբյուրը, որը իր մեջ ամփոփում էր Արցախյան պատերազմների հետ կապված բոլոր հիշողությունները, արցունքները, խոհերը, ինչպես նաև մեր զոհված տղաների պայքարի կոչն էր, ընկավ վանդալների ձեռքը։
Ցայտաղբյուր—հուշարձանն ուխտատեղի պետք է լիներ ժողովրդի համար, իսկ հոսող ջուրը՝ կյանքի ու լինելիության խորհրդանիշ․․․Այն մնաց մայր հողում՝ որպես քարեղեն հիշողությանը պահ տված մի ողջ պատմություն։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ