Երբ միջազգային հանրությունը ճնշում է, պետք են սուր հակազդեցություններ
Radar Armenia—ի հետ զրույցում միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթի կետերին։
— Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ելույթում հայտարարեց, թե միջազգային հանրությունը առաջարկում է մի փոքր իջեցնել ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը։ Ո՞րն է այդ նշաձողը, և ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պահանջը։
— Կարծում եմ՝ հետևողականությունը քաղաքական դիրքորոշումներում պետք է պահել։ Երբ ասվում է, որ Երևանը իրավասություն չունի Արցախի ժողովրդի անունից բանակցել կամ որոշում կայացնել, հիմա չի կարելի քննարկել պահանջի կամ առաջադրանքի նշաձողի աստիճանաչափի ճշտումը Երևանի կողմից, բայց կա ավելի էական խնդիր։ Արցախյան հակամարտության ամբողջ էությունը հիմնվել է ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային սկզբունքի վրա։ Սա է մեկնակետը, որն ընդունել է հայկական կողմը, այն, որ Արցախը անկախացել է ՍՍՀՄ-ից, ինքնորոշվել ամենաժողովրդավար եղանակներով և միջազգային իրավաչափություններին ընդառաջ։ Միշտ առաջադրվել է Ստեփանակերտի՝ բանակցային սեղան վերադարձի անհրաժեշտության մասին։ Այս բոլորը նկատի ունենալով, կարծում եմ, կարգավիճակի նշաձողի աստիճանաչափի քննարկումը՝ իբրև սկզբունք, հիմնովին կխախտի հարցի էության ուղղությամբ հայկական կողմի բանակցային և իրավաքաղաքական փիլիսոփայության հիմնադրույթները։
— Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նաև անդրադարձավ պատերազմի պատճառներին՝ հայտարարելով, թե մեղավոր է, որ հասարակությանը չի ներկայացրել հակամարտության իրական վիճակը և միջազգային հանրության պահանջները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Կարո՞ղ էինք խուսափել պատերազմից։
— Որքան էլ քաղաքականորեն համոզիչ հնչի, որ 44-օրյա պատերազմը ռուս-թուրքական պայմանավորվածության հիմքեր ուներ, և, ըստ էության, Անկարան կանաչ լույս ստացավ՝ ներգրավվելու պատերազմին, այդուհանդերձ, կային շատ ճակատագրական սխալներ, որոնցից օգտվեց Բաքուն։ Տավուշյան դեպքերի հայկական արձագանքը, արված գնահատականները Անկարային պատրվակ հրամցրեցին՝ իր ներգրավումն ու հովանավորությունը 44-օրյային օրինականացնելու։ Գաղափարախոսական առումով ընկալելի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը՝ հնչած Ստեփանակերտում, բանակցությունների վերսկսման հնարավորության բացառում էր և Բաքվի նախահարձակողականության կարևոր հաղթաթուղթ։ Սրանք նախապատերազմյան ժամանակահատվածին են վերաբերում։ Պետք է հավելել հավաստիության կորուստը, ապատեղեկատվոթյունը, ռազմական ճակատագրորոշ սխալները, որոնք հանգեցրին պատերազմի արդյունքին։ Իհարկե, չպետք է մոռանալ Անկարայի ներգրավվածությունը, իսրայելյական ռազմատեխնոլոգիան և վարձկանների համալրումը։
— Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասում է, որ պահանջում են, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց աղետալի դիրքորոշումից։ Այս հանգամանքը ինչպե՞ս կմեկնաբանեք, ինչու՞ է նման սուր հակադրություն նկատվում։
— Երբ միջազգային հանրությունը ճնշում է, երբ առնչված պետությունները շտապում են, երբ Երևանը թուլացած դիրքերից գնալու է բանակցությունների, անհրաժեշտ են սուր հակազդեցություններ, ժողովրդական բողոքներ, իսկ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը, կարծում եմ, տեղին է և հետևողական՝ նախապես արված հայտարարություններին։ Չմոռանանք, որ Արցախի ԱԺ-ն ընդունեց դեօկուպացիայի մասին օրենք, նաև, վերադառնալով հակամարտության լուծման հայկական կողմի ամենահիմնական մեկնակետային սկզբունքին, փաստենք, որ արցախահայությունն է տերն իր ճակատագրի։ Արցախը ինքնորոշվել է, և բացառվում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում։
Անուշ Մկրտչյան
radar.am