Երբ եմ ես վերադառնալու Արցախ՝ իմ հայրենիք․ արցախցի լրագրող Մնայիք կռվեիք․ ՀՀ ԱԺ նախագահ
Գլխավոր » Լրահոս » Երբ եմ ես վերադառնալու Արցախ՝ իմ հայրենիք․ արցախցի լրագրող Մնայիք կռվեիք․ ՀՀ ԱԺ նախագահ

Երբ եմ ես վերադառնալու Արցախ՝ իմ հայրենիք․ արցախցի լրագրող Մնայիք կռվեիք․ ՀՀ ԱԺ նախագահ

Սա այն խոսույթն է ինչ տեղահանվելուց հետո, ցավոք, մայր հայրենիքում, որոշ շրջանակներից լսում է արցախցին։ Հասարակ ժողովրդին հասկանալի է, նրանք տեղյակ չեն իրականում ինչ է կատարվել, կռվել է արդյոք արցախցին, սակայն ՀՀ իշխանությունները ներկայացնողները շատ լավ գիտեն արցախցին ինչպես է կռվել առանց թիկունք, ինչ հնարավորություններ ուներ կռվելու եւ ով էր նրա երաշխավորը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր արցախցի լրագրողը հարցրեց. «Երբ եմ ես վերադառնալու Արցախ՝ իմ հայրենիք»։ «Երբ որ անվտանգ կլինի, երբ որ մենք խաղաղության պայմանագիր կկնքենք»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե վերադարձի շուրջ բանակցություններ կա՞ն, Սիմոնյանը պատասխանեց. «Դուք դրա մասին շատ լավ տեղյակ եք, երբ որ անվտանգ կլինի, բնական է, այդ հարցը կբարձրացվի։ Էլ ի՞նչ հարցեր ունեք, էլի հարց կա՞։ Ամեն ինչ կարվի, որ դուք վերադառնաք այնտեղ այն ժամանակ, երբ դուք անվտանգ կլինեք»։

Լրագրողը նաեւ հետաքրքվեց՝ ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները խուսափում Արցախ բառից։ «Դուք Ղարաբաղ չեք ասո՞ւմ, դուք չեք ասո՞ւմ՝ մենք ղարաբաղցիներ ենք, Ղարաբաղի հայ ենք»,- արձագանքեց ԱԺ նախագահը։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Արցախ չի ասում, քանի որ ինքը քաղաքական գործիչ է։ «Ես դեմ եմ, որ ինչ-որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկը անվանի թուրքական, ադրբեջանական անուններով, եւ ես քաղաքական գործչի էթիկան պետք է պահպանեմ։ Ձեզ թվում է, որ ես քաղաքացիական ակտիվիստ եմ եւ պետք է հաճո բաներ ասե՞մ»։

Ըստ երեւույթին նրանք խուսափում են Արցախ օգտագործել՝ Ալիեւին հաճոյանալու համար։

Այնուհետեւ նա դիմեց արցախցի լրագրողին. «Դուք դուրս եկաք այնտեղից, երբ անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչեւ վերջ, բայց դուք դուրս եկաք»։ <Ինչպե՞ս պետք է պայքարեինք> հարցին պատասխանեց. «Այն զենքերով, որը ՀՀ-ն իր ամբողջ բանով տվել ու թողել էր, այն քաղաքական սատարումով։ Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է»։

Հարցին, թե արցախցին չի կռվե՞լ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ պետք էր կռվել։ «Եթե դուք հիմա ինձ մեղադրում եք եւ ինչ-որ հարց եք տալիս, պետք չէր այնտեղ իշխանություն փոխել, բերել հաճո իշխանություն եւ դրանից հետո օրեր անց ստորագրել այդ հռչակված պետության վերացման մասին»,- հավելեց նա։

Մեկօրյա պատերազմ, ավելի քան 200 զոհ, որից 20-ը խաղաղ բնակիչներ ու դեռ չի կռվել արցախցին։

1