Երաժշտությունը որպես գոյատևման և հույսի աղբյուր. արցախցի տեղահանված արվեստագետների պատմությունը

Արցախցի անկախ լրագրող Սիրանուշ Սարգսյանի Արցախից տեղահանված երգիչների, երաժիշտների, երաժշտական խմբերի մասին հոդվածը հրապարակվել է ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագրում:
Պատերազմի և բռնագաղթի տրավմա ապրելուց հետո արվեստագետները կորցնում են ոչ միայն հայրենիքը, տունը, այլև իրենց աջակցող հանդիսատեսին, դիմացկունությունը և ստեղծագործական միջավայրը, որտեղ կարող էին արարել:
Այս խոր ճգնաժամերը կարող են հանգեցնել նաև մշակութային ինքնության կորուստի։ Ինչպե՞ս են հազարավոր արցախցի տեղահանված արվեստագետներ շարունակում ստեղծագործել՝ ամեն օր բախվելով մարտահրավերների, երբ փորձում են հարմարվել նոր իրականությանը, վերագտնել իրենց ստեղծագործական ուղին։

Երևանի փողոցների եռուզեռը, մայրաքաղաքի երթևեկության աղմուկը երբեմն մեղմվում է տաքսիից հնչող դասական երաժշտության հնչյուններով։ Ղեկի մոտ նստածը 58-ամյա Լևոն Սարդարյանն է, որի կյանքը հակադրությունների յուրօրինակ սիմֆոնիա է։ Օրվա ընթացքում նա վարում է տաքսի, իսկ մնացած ժամանակ կանգնում է նվագախմբի առաջ՝ որպես Արցախի ազգային նվագարանների նվագախմբի դիրիժոր։
Սարդարյանի երկակի կյանքը արտացոլանքն է ավելի մեծ ողբերգության։
Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ինչպես և նյութական մշակույթը ծանր վնասներ կրեցին 2020 և 2023 թվականների պատերազմների ընթացքում, երբ Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեին ջնջել արցախահայերի ինքնությունը, պատմությունը և սոցիալական համախմբվածությունը։
Մշակութային ժառանգության հիմնական գործառույթը՝ հատկապես ոչ նյութականի, սոցիալական միասնության ամրապնդումն է և համայնքային ինքնության պահպանումը, ինչը կենսական է ցանկացած ազգի գոյատևման համար։ Սա հատկապես հրատապ է արցախահայերի համար, որոնք 2023-ին ենթարկվեցին էթնիկ զտման և բռնագաղթի ու այլևս չեն ապրում իրենց բնօրրանում։
Այսօր արցախահայերը զրկված են ոչ միայն իրենց հայրենիքից, այլև իրենց ոչ նյութական ժառանգությունը պահպանելու, փոխանցելու հնարավորությունից, ինչը լուրջ վտանգի տակ է դնում նրանց համայնքային ինքնությունն ու մշակութային ավանդույթների պահպանումը։

Սարդարյանը 120,000 հայերից մեկն է, ովքեր հարկադրված լքեցին Արցախը 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ հարձակման արդյունքում՝ մեկօրյա պատերազմի հետևանքով, որի արդյունքում Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրա համար, ինչպես շատերի, կյանքը դարձել է բարդ հավասարակշռություն՝ գոյատևման և այժմ վտանգված մշակութային ինքնության պահպանման միջև։
Դրան նախորդել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհի գրեթե տասը ամիս տևած շրջափակումը, որը բնակչությանը կանգնեցրեց ծանր հումանիտար ճգնաժամի առաջ՝ փաստացի դարձնելով նրանց սովի ու պաշարման զոհ։
Սակայն նույնիսկ արտաքսման մեջ Սարդարյանի նվիրվածությունը երաժշտությանը չի մարել։ Հայաստան հասնելուց ընդամենը մի քանի օր անց նա կրկին հավաքեց իր նվագախմբի երաժիշտներին, որոնցից շատերը իրենց հետ բերել էին միայն ամենափոքր գործիքները՝ թողնելով ոչ միայն ունեցվածքը, այլև այն վայրերը, որտեղ իրենց մշակույթը ծաղկում էր։
«Սկզբում բոլորը կասկածում էին՝ արդյոք սա ճիշտ ժամանակն է, արդյոք երաժշտությունն ամենակարևորն է»,- հիշում է Սարդարյանը։ Բայց նա հավատում էր, որ երաժշտությունը կարող է հանել իր երաժիշտներին հուսահատությունից։ «Սա հիմա միակ ճանապարհն է, որով կարող ենք պահպանել Արցախի անունը՝ մշակույթի և երաժշտության միջոցով»,- ասում է նա։
Շրջափակման ժամանակ նվագախումբը ելույթներ էր ունենում Ստեփանակերտում՝ չնայած դժվարություններին ու անորոշությանը։ Բռնագաղթից հետո նրանք ցրվեցին Հայաստանում, որտեղ գոյատևումը կախված է պատահական աշխատանքից։ Սարդարյանն ու իր արվեստագետ որդին այժմ տաքսի են վարում։ Նա նաև երկու երաժշտական դպրոցում է դասավանդում՝ փորձելով Արցախի երաժշտական ժառանգությունը փոխանցել նոր սերնդին տեղահանությունից հետո։

Նվագախմբի մյուս անդամները աշխատում են սուպերմարկետներում՝ առաքիչներ են, վարսավիրանոցներում կամ հրուշակարաններում։ Ոմանք, աշխատանք չգտնելով, մեկնել են Ռուսաստան՝ կորուստ, որը Սարդարյանը խորապես զգում է։
Սարդարյանի համար տեղահանության ցավը խորանում է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ սպառնալիքով։ «Մենք ծնվել ենք՝ երգելով մեր պատմական Մուշի և Վանի կորուստների մասին»,-ասում է նա՝ հիշելով մեկ դար առաջ կորցրած հայրենիքը։ «Այսօր երգում ենք Արցախի կորստի մասին»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պատասխանելով բռնի տեղահանված արվեստագետներին աշխատանքի տեղավորելու և նրանց խնդիրերը լուծելու հարցին, նշել է. «Մենք սերտորեն համագործակցում ենք այլ պետական կառույցների հետ՝ տեղահանված արվեստագետներին Հայաստանի մշակութային դաշտում ինտեգրելու համար»։ Դանիելյանը նկատի ունի Տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը։ Սակայն, թվերը ավելի մռայլ պատկեր են ցույց տալիս։
Արցախի մշակութային ժառանգությունը, որը կուտակվել է դարերի ընթացքում, կանգնած է կորուստի վտանգի առաջ, քանի որ համույթներն ու մշակութային խմբերը տեղահանության և պատճառով չեն կարող շարունակել իրենց գործունեությունը, պահպանել ավանդույթները կամ տարածել իրենց ստեղծագործությունները։ Այժմ նրանք պայքարում են գոյատևելու համար՝ նրանց շարունակականությունը վտանգված է ֆինասական աջակցության գրեթե բացակայության պատճառով։
Այս իրավիճակին արձագանքելով՝ Երևանում ստեղծվեց «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն։ Նրա առաքելությունն է՝ աջակցել տեղահանված մշակութային խմբերին ու խթանել համայնքային համախմբվածությունը՝ պահպանելով Արցախի ոչ նյութական մշակությաին ժառանգությունը։ Կենտրոնի ջանքերը կարևոր են, սակայն մարտահրավերները՝ ահռելի։
Արցախից տեղահանված 1,400 մշակութային մասնագետներից մոտ 250-ը արդեն լքել են Հայաստանը՝ գործազրկության պատճառով։ Միայն 150-ն են կարողացել պետական աջակցությամբ աշխատանք գտնել։ Միայն մեկ խումբ՝ Արցախի Պետական պարային համույթը, ստացել է ժամանակավոր ֆինանսավորում, մյուսները մնացել են անորոշության մեջ։ «Առանց նույնիսկ նվազագույն աջակցության այս արվեստագետները չեն կարող գոյատևել այստեղ»,-ասում է կենտրոնի ղեկավար Ապրես Մարգարյանը, որը դրամահավաք է սկսել իրավիճակը մեղմելու համար։
Նախաձեռնությունը նպատակ ունի ուղղակիորեն զբաղեցնել 214 տեղահանված մշակութային աշխատողի և անուղղակիորեն աջակցել ևս 500-ին՝ որպես ժառանգության կրողներ։ Բայց կարիքները շատ ավելին են, քան արձագանքը․ ինքնազբաղ արվեստագետները հատկապես դժվարությունների առաջ են՝ բյուրոկրատական խոչընդոտներ և ֆինանսական անկայունություն։ Մարգարյանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ նվազագույն ֆինանսական աջակցությունը մեծ ազդեցություն ունի՝ աջակցություն ստացող խմբերը մնում են, իսկ առանց դրա՝ հիմնականում արտագաղթում են՝ հատկապես Ռուսաստան։
Չնայած դժվարություններին՝ Սարդարյանը հույսով է լցված։ Եթե անվտանգութայն համար երաշխիքներ տրվեն, նա խոստանում է վերադառնալ Արցախ ու նորից ապրեցնել ազգային երաժշտությամբ. «Պետք է հույսով ապրենք՝ վերադառնալու մեր կորցրած հայրենիք»,- ասում է նա։

29-ամյա Լիլիթ Ավանեսյանը երգչուհի է։ Մինչև բռնագաղթը նա երգում էր «Ղարաբաղ պետական էստրադային համույթում» և դասավանդում Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում։ Նա հանդես էր գալիս հայրենասիրական, ջազ և բլյուզ ժանրերում։
«Հիմա հայրենասիրական երգերը արժեք չունեն. եթե Արցախ չկա, էլ ինչի՞ մասին երգես»,- ասում է նա դողացող ձայնով։ «Հպարտության փոխարեն՝ արցունքների դեմ եմ պայքարում»։
Ավանեսյանը մնացել է մինչև վերջ՝ կամավոր աշխատելով հիվանդանոցներում, որոնք ծանրաբեռնված էին պատերազմի ու պայթյունի հետևանքով։ «Դեղորայք, անձնակազմ, նույնիսկ վիրակապեր չկային», -հիշում է նա։ Երբ ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցի զինվորները գրկախառնվեցին Ստեփանակերտի կենտրոնում, նա հասկացավ, որ ամեն ինչ ավարտված է։ «Այդ գրկախառնությունը կոտրեց ինձ,-ասում է նա,-ես հեռացա՝ վերցնելով միայն իմ ինքնագնացը և ստուդիայի գործիքները՝ ուրիշ ոչինչ կարևոր չէր»։
Նրա ստուդիան դիմակայության վառ օրինակ է։ Այն բացել էր շրջափակման ժամանակ՝ երիտասարդ երաժիշտներին Արցախում պահելու նպատակով, բայց գործեց ընդամենը մեկ ամիս՝ Ադրբեջանի հարձակման նախօրեին։ Երևանում նա այն վերաբացեց՝ անվճար դասեր առաջարկելով տեղահանված երեխաներին։ Բայց ամսական 350 դոլար վարձավճարը սպառնում է դրա գոյատևմանը։ «Ես դասավանդում եմ երեխաներին, որոնց ընտանիքները երբեմն հաց գնելու հնարավորություն չունեն»,- ասում է նա։ «Ինչպե՞ս խնդրեմ նրանց վճարել»։
Ավանեսյանը նկարագրում է իր և մյուս արվեստագետների դժվարությունները, որոնց նրանք բախվել են տեղահանությունից հետո:
Ըստ նրա տեղահանված արվեստագետների 90 տոկոսը հիմա աշխատում է այլ ոլորտներում՝ որպես խոհարար, դայակ, գիշերային պահակ։ «Մենք դարձել ենք գոյատևման, ոչ թե երաժշտության մասնագետ»,-ասում է նա։ Ոմանք զբաղվում են եղունգների ձևավորմամբ կամ վարսահարդարմամբ, մյուսները արտագաղթել են։ Համերգները, որոնք նախկինում սովորական էին, հիմա հազվադեպ են։
«Մարդիկ ասում են՝ հասկանում են մեր ցավը, բայց ով չի անցել այդ ցավի միջով, չի կարող հասկանալ»,- ասում է նա։
Ավանեսյանի երգացանկը փոխվել է։ Նա դեռ երազում է Շուշիի Ղազանչեցոց տաճարում երգելու մասին, որտեղ ցանկանում է կատարել իր 2021-ի քաղաքին նվիրված երգը։ Այսօր նրան ցավ են պատճառում տեսանյութերը, որտեղ ադրբեջանցի էքսկավատորավարները քանդում են Ստեփանակերտի պատմական թաղամասերը։ «Մեզ ջնջում են երկու անգամ՝ նախ ուժով, հետո՝ հիշողությամբ»,- ասում է նա։
Հայաստանը ապաստան է, բայց ոչ արմատներ։ «Սա իմ հայրենիքն է, բայց իմ տունը Արցախն էր»,-ասում է Ավանեսյանը։ Բայց նա դեռ հույս ունի. «Եթե կարողանայի վերադառնալ, նույնիսկ սողալով կգնայի՝ հողը շոշափելու համար»։
Պատերազմը և Ջազը


Արցախի պետական ջազ նվագախմբի գործիքները՝ սաքսոֆոններ, թրոմպետներ, կոնտրաբաս, երբեք նախատեսված չէին հայնտվել տարագրության մեջ։ Բայց երբ 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը ստիպեց հայերին լքել Արցախը, դիրիժոր Տիգրան Սուչյանը կանգնեց անհնարին ընտրության առաջ․ մի կողմից հասկանում էր, որ մարդիկ պետք է իրենց ամենաանհրաժեշտ իրերը վերցնեն, մյուս կողմից չէր կարող հանգիստ թողնել այդ թանկարժեք և դժվարությամբ ձեռք բերված ջազ նվագախմբի գործիքները։
Սուչյանի հուսահատ կոչը Ֆեյսբուքում մեծ արձագանք գտավ։ Իհարկե, շատ քչերը կարողացան օգնել․ նախարարության և հասարակ մարդկանց օգնությամբ գտան մեծ մեքենա, որով գործիքների մեծ մասը տեղափոխեցին Երևան։
Սուչյանը, ով ծննդով Երևանից է, 2020թ. պատերազմի ժամանակ Արցախից դուրս եկած պատանիների մասնակցությամբ ստեղծեց երաժշտական խումբ։ Պատերազմից հետո տեղափոխվեց Ստեփանակերտ՝ ղեկավարելու Արցախի պետական ջազ նվագախումբը։ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով նա 2022-ին մնաց Հայաստանում, բայց հեռավար աշխատում էր երաժիշտների հետ, և վերջին համերգը կայացավ 2023թ. Ջազի միջազգային օրը՝ բռնագաղթից մի քանի շաբաթ առաջ։
Տեղահանությունից հետո նվագախումբը ապաստան գտավ Երևանի «Ուլիխանյան» ջազ ակումբում։ «Որպեսզի կարողանանք երաժիշտներին դուրս բերել հոգեբանական ճգնաժամից և ֆինանսապես աջակցել նրանց, ովքեր ամեն ինչ կորցրել են»,- բացատրում է Սուչյանը։
Ոմանք քննադատում էին նրանց, որ տեղահանությունից հետո այդքան արագ են սկսել նվագել, բայց Սուչյանը հակադարձում է․ «Ցավը պահանջում է արտահայտում։ Ջազը թույլ է տալիս առանց բառերի գոռալ»։ Նա երաժշտությունը համեմատում է դեղորայքի հետ՝ ոչ թե բուժում, այլ ցավը մեղմող միջոց։ «Երաժշտությունը ցավը պատմելու միջոց է։ Բժիշկը բուժում է իր ձևով, երաժշտությունը՝ իր», -ավելացնում է Սուչյանը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին, նվագախմբի դիրիժորը հույսը չի դնում պետության կամ այլ կառույցների վրա․
«Հույսդ պիտի դնես սեփական կարողությունների վրա՝ ստեղծիր հաճելի երաժշտություն, և հանդիսատեսի գնահատանքը կհետևի»,-ասում է նա։ Նվագախումբը արդեն հրավերներ է ստացել արտերկրում ելույթ ունենալու համար։ Հոկտեմբերին՝ արտագաղթից մեկ տարի անց, ջազ խումբը Երևանում անցկացրեց իր ամենամեծ համերգը։


34-ամյա սաքսոֆոնահար Ավետ Բալայանը՝ նվագախմբի անդամներից մեկը, մինչև բռնագաղթը ապրում էր Արցախի Ասկերանի շրջանում։
Վերհիշելուվ Արցախում վերջին համերգը՝ նշում է, որ նույնիսկ անհանգստություն կար՝ այդքան մարդկանց հավաքվելու մի տեղ ադրբեջանցիների դիտակետի տակ, բայց որոշեցին այնուամենայնիվ անցկացնել համերգը․ «Մարդիկ ապրում էին մշտական սթրեսի ու վերահաս պատերազմի սպասման մեջ, ուզում էինք գոնե մի պահ կտրել նրանց այդ ամենից»,- ասում է նա։ Նույնիսկ էլեկտրականությունը անջատեցին համերգի ժամանակ, բայց ամեն ինչ լավ անցավ։
Բալայանը հիմա ապրում է կնոջ և երկու երեխաների հետ Հայաստանի Խաչպար գյուղում։ Նա սցենարներ է գրում ֆիլմերի համար, ինչը լուծում է իր հիմնական ֆինանսական խնդիրները՝ հնարավորություն ստեղծելով նաև նվագախմբում նվագելու։
Բռնի տեղահանված արցախցիների խնդիրները բազմաթիվ են․ բոլորը ապրում են վարձով։ «Միայն երաժշտությամ զբաղվելով սոցիալական կարիքները չես կարող բավարարել»,-ասում է Բալայանը․ դժվարությունները շատ են։ Նա ափսոսում է այն ընկերների համար, ովքեր նվագախմբից դուրս մնացին՝ երաժշտության հետ բոլորովին կապ չունեցող աշխատանք գտնելով և այլևս չեն նվագում։
Բալայանը հիշում է, թե ինչպես էր իր երաժշտական գործիքը տեղափոխում տեղահանության ժամանակ․ «Յուրաքանչյուրն իր ամենակարևոր իրերն էր տանում»։ Ամենամեծ վտանգը ընտանիքի՝ ոչ միայն իր, այլև կնոջ, երեխաների, մոր ու տատիկի անվտանգությունն ապահովելն էր՝ երեք օր ճանապարհ էին անցել։
Ամեն օր նա մտածում է այնտեղ թողածի մասին․ «Դժվար էր թողնել տունը, հողը, գերեզմանները՝ իմ ամբողջ ապրած կյանքը, բայց այլընտրանք չկար»,- ավելացնում է նա։
Երաժիշտը, որ մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը, դեռ պատրաստ չէ վերադառնալ՝ իր երեխաներին անապահով միջավայրում մեծացնելու․ «Չեմ ուզում, որ իմ երկամյա երեխան զենք վերցնի»։
Արցախի երաժիշտների համար նվագելը դարձել է դիմակայելու գործողություն։ Թեև ցրված են Հայաստանում և Հայաստանից դուրս, նրանք կիսում են կորստի զգացողությունն ու մշակութային ժառանգությունը պահպանելու վճռականությունը։ Նրանց արմատներն է կտրվել հայրենի հողից, բայց ոչ ձայնը։ «Պատերազմի ու կորստի ժամանակ կա մի լուծում՝ նվագել երաժշտություն»- ասում է Բալայանը։