Եռամիասնական ջանքերով
Գլխավոր » Լրահոս » Եռամիասնական ջանքերով

Եռամիասնական ջանքերով

«Ազդակ բացառիկ 2020»-ում լույս է տեսել «Ապառաժ» թերթի խմբագիր Արա Պուլուզյանի «Եռամիասնության ջանքերով» հոդվածը.

Շուրջ երկու տարի առաջ «Ազդակ» օրաթերթի խմբագիր, մեր սիրելի ընկեր Շահան Գանտահարեանն Արցախում էր, Ստեփանակերտում: ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի հրաւէրով ժամանել էր մասնակցելու ՀՅԴ 127-ամեայ տարեդարձի տօնակատարութեանը` որպէս բանախօս: Ընկերը ցանկութիւն յայտնեց այցելել Ապրիլեան քառօրեայ պատերազմում նահատակուած ընկեր Միքայել Հաջեանի որդու` կամաւորական Նորայրի շիրիմին: Ընկեր Հաջեանի հետ ուղեւորուեցինք գերեզմանատուն: Շահանը ցանկութիւն յայտնեց անձամբ գնել ծաղիկներ` շիրիմին խոնարհելու համար: Խանութ մտնելուց անմիջապէս յետոյ ծաղկավաճառն անսպասելի ճանաչեց ընկեր Շահանին, մի քիչ զարմացած ակամայ բացագանչեց. «Սա սփիւռքի մեր էն տղան ա: Վիճակը ոնցա՞յ Սիրիայում»: Մենք էլ զարմացանք, իսկ Շահանն ակնյայտ յուզուեց եւ իր իւրայատուկ ժպիտը դէմքին պատասխանեց. «Լաւ է, լաւ է»:

Դէ, ի հարկ է, այդ օրերին Սիրիայի մեր հայրենակիցների վիճակը մեր բոլորիս  մտահոգութեան առարկան էր, եւ այդ առիթով հայկական զանազան լրատուամիջոցներ կապւում էին «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիրի հետ` տեղեկանալու համար Սիրիայի մեր հայրենակիցների կացութեան մասին:

***

Պէյրութը, ժամանակին Միջին Արեւելքի «Հարսն» էր: Տեղի հայկական համայնքը եւ հաստատութիւնները համարուել են սփիւռքի կեդրոնը:

Դա ունի իր պատճառները: Նախ` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հաստատումը Անթիլիասում, ապա` տարիներ շարունակ ՀՅԴ Բիւրոյի նստավայրը Պուրճ Համուտում, դրանց կողքին` Ճեմարանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը, ՀՄԸՄ-ը, հայակերտման ու հայապահպանման առաքելութիւնը ստանձնած միւս հաստատութիւնները:

1970-ական թուականների Լիբանանի պատերազմը, տարածաշրջանի անկայուն կացութիւնը, իսրայէլապաղեստինեան հակամարտութիւնն ու դէպի Արեւմուտք գաղթը անդառնալի վնասներ են հասցրել Լիբանանի հայ համայնքին:

Այս օրերին` լիբանանեան հայկական կառոյցները, եւ յատկապէս նրա տեղեկատուական ու գաղափարախօսական սիւներից մէկը` «Ազդակ» օրաթերթը, բոլորիս աջակցութեան կարիքն ունեն: Լիբանանի ներքաղաքական կացութիւնը վերջին ամիսներին բազում եւ բազմազան դժուարութիւնների դէմ յանդիման են կանգնեցրել աւելի քան 90 տարի հայկական ինքնութիւնը պահպանող, հայկական համայնքը համախմբող եւ նրա գաղափարական խօսափողներից մէկը հանդիսացող «Ազդակ»-ին:

Ինչպէս տեսանք` «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիրին ճանաչում են նաեւ Արցախում, Շահանին գիտեն հայկական օրակարգով հետաքրքրուող իւրաքանչիւր հայկական օճախում, ընդունում ու գնահատում որպէս մերձաւոր հարազատի: Եւ ինչպիսին ինքն է իր անուրանալի լաւագոյն արժանիքներով, նոյնպիսին եւ իր խմբագրած օրաթերթն է` «Ազդակ»-ը  հայակերտումի եւ հայրենակերտումի, հայեցի ազգապահ-պանման ու համախմբման իր իմաստալի ու քաջալերիչ խօսքով` տոգորուած հայոց  համազգային նուիրական իղձերի ու նպատակների իրականացման վճռականութեամբ ու լաւատեսութեամբ: Արցախցիներիս համար, բնականաբար, առանձնակի կարեւորւում են «Ազդակ»-ի եւ նրա գլխաւոր խմբագիրի քաղաքական անդրադարձերն ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան բանակցային կարգաւորման ընթացիկ եւ հնարաւոր զարգացումներին:         

Ասուածը դրուատանքի խօսք չէ, այլ անժխտելի վկայութիւն առ այն, որ, չնայած մինչ այդ կրած կորուստներին ու մեր բարեկամ երկրի ներքաղաքական կեանքի վերջին շրջանի լարուածութեամբ պայմանաւորուած ընթացիկ դժուարութիւններին, Լիբանանի հայ համայնքը՝ շարունակում է մնալ հայկական սփիւռքի կարեւորագոյն կեդրոնը, իսկ «Ազդակ»-ը` համահայկական լրատուական դաշտի պահանջուած պարբերականներից մէկը: Հետեւապէս, մենք բոլորս պարտաւոր ենք  համատեղ, համակողմանի օժանդակութեամբ սատար կանգնել ծանր կացութեան մէջ յայտնուած մեր լիբանանահայ քոյրերին ու եղբայրներին, համայնքի հաստատութիւններին, այդ շրջածիրում մեծ եւ անուրանալի ազգային արժէք ներկայացնող «Ազդակ» օրաթերթին` որպէս մեզնից իւրաքանչիւրի հոգու պարտք եւ Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան հերթական արտայայտութիւն: 

Արա Պուլուզեան

1