Եղցահող. առաջնագծում հայտնված բնակավայր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Եղցահող. առաջնագծում հայտնված բնակավայր

Եղցահող. առաջնագծում հայտնված բնակավայր

2022թ. սեպտեմբերի 30-ից հետո, երբ թշնամուն հանձնվեց Աղավնոն, Ներքին Սուսը, Բերձոր քաղաքն ու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի մի մասը, նոր գծված սահմանի մի կողմում, Մեծ շենի դեմ դիմաց բլուրների վրա ծվարած մնաց Շուշիի շրջանի՝ մեր տիրապետության տակ մնացած Եղցահող գյուղը: Եղցահող հասնելու համար պետք է Ստեփանակերտ-Գորիս մայրուղու նոր կառուցված ճանապարհի՝ Մեծ շեն տանող խաչմերուկից անցնել 5 կմ, իսկ ճանապարհին տեղակայված խաղաղապահներն էլ հուշում են, թե որտեղից պետք է թեքվել դեպի Եղցահող:

Եղցահող «Ապառաժ»-ի այցը համընկել էր սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ սահմաններում սանձազերծած ռազմական գործողությունների հետ, բայց սահմանապահ գյուղում, այնուամենայնիվ, խուճապային տրամադրություններ չկային, և մարդիկ զբաղված էին իրենց առօրյա հոգսերով: Գյուղում հանդիպեցինք համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանի հետ, ով ներկայացրեց գյուղում ստեղծված իրավիճակն ու կատարված աշխատանքները:  

-Պարո՛ն Հակոբյան, ինչպիսի՞ իրավիճակ է տիրում գյուղում, ինչպիսի՞ն է գյուղացիների տրամադրվածությունը:

 -Ինչպես Արցախի այլ բնակավայրերում, արդեն նաև Հայաստանի Հանրապետության համայնքներում մարդկանց մոտ նկատվում է մտավախություն՝ կապված ստեղծված անորոշ կացության հետ, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով, խնդիրներով, զվաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, որն այս տարի բավականին բարձր բերքատվություն է արձանագրել համայնքում: Գյուղի բնակչության թիվը, 2020թ. պատերազմի նախորդող ցուցանիշների համեմատ, աճել է: Գյուղից տեղահանություն չի եղել, մարդիկ գյուղը չեն լքել անգամ պատերազմի թեժ օրերին. թե՛ կանայք, թե՛ երեխաները գյուղում են եղել: Պատերազմից հետո տեղահանված ընտանիքներից 6 ընտանիք՝ 1-ը Հադրութի շրջանի Արևշատ, Մեկը Շուշիի շրջանի Քիրսավան և 4 ընտանիք Բերձոր համայնքներից բնակություն են հաստատել Եղցահողում:

 — Ինչպիսի՞ կորուստներ է կրել համայնքը պատերազմի ընթացքում:

— Տարածքների առումով համայնքի վարչական տարածքի 65 տոկոսից ավելին անցել է թշնամու տիրապետության տակ, ինչը դժվարացրել է անասնապահությամբ զբաղվելը։ Այս պահի դրությամբ, օգոստոսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական առաջխաղացումներով պայմանավորված՝  նրանց դիրքը մեր բնակելի հատվածից հեռու է ընդամենը 500-600 մ։ Այս ընթացքում արդեն արձանագրվել է անասնագողության 6 դեպք և ձիերի՝ 4, որոնց մասին տեղեկացրել ենք մեր իշխանություններին։ Իմ ունեցած տեղեկություններով՝ ձիերի պահով երևի աշխատանքները դրական արդյունք կտան և հետ կվերադարձվեն։

-Իսկ նախքան առաջխաղացումը որքա՞ն հեռու էին տեղակայված թշնամու դիրքերը։

-Նախքան առաջխաղացումը նրանք գյուղից հեռու էին շուրջ 5 կմ։ Այս դեպքերից հետո նրանք ավելացրել են 7-8 դիրք։ Ընդհանրապես, նույնիսկ Հայաստանում կատարված ռազմական գործողությունների ժամանակ գյուղում խուճապային տրամադրություներ չեն նկատվել: Իհարկե, անհանգստություն միշտ էլ կա, սակայն կյանքը համայնքում շարունակվել է բնականոն հունով։ Դպրոցը գործում է, համայնքում շարունակվում են առանձնատների վերանորոգման աշխատանքները, կապիտալ վերանորոգվում է նաև համայնքապետարանի շենքը, որն ավարտելուց հետո կսկսվի նաև մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Գյուղում կատարվում է նաև ներքին ցանցի և ջրամբարի վերանորոգման աշխատանքներ։

-Առանձնատները տեղահանվածների համա՞ր է, թե՞ նաև տեղի բնակիչների։

-Հիմնականում տեղահանվածների համար է, բայց նշեմ, որ նախագահի հետ հանդիպումից հետո, համայնքում բնակելի տների 70 տոկոսը ենթարկվել է վերանորոգման։ Նախագահը խոստացել է, որ այդ աշխատանքները պետք է կատարվեն 100 տոկոսով։ Տեղահանվածներին բնակարաններ են հատկացվել համայնքի բնակարանային ազատ ֆոնդից։

— Խախտումներ լինո՞ւմ են թշնամու կողմից՝ նոր դիրքերում տեղակայվելուց հետո։

-Այս պահի դրությամբ, իրենց առաջխաղացումից հետո բացարձակապես ոչ մի կրակոց չի արձանագրվել։ Միայն թե, թուրքը չի փոխում իր ձեռագիրը՝ զբաղվում են գողությամբ։ Անասնագողությունը նրանց մոտ միշտ էլ կար, դեռևս մինչև Արցախյան առաջին պատերազմը, նրանց մոտ այդ զբաղմունքը հոբբիի էր վերածվել։ Այդ ժամանակներում ևս անասնապահությամբ զբաղվելը մեր գյուղացիների համար խնդիր էր։ Ամեն ինչ փոխվեց առաջին պատերազմում ունեցած հաղթանակից հետո. մեր գյուղացիներն արդեն ազատ կարողանում էին զբաղվել անասնապահությամբ, մինչև 2020 թ. պատերազմն ու դրա թողած հետևանքները։

Այնուամենայնիվ, անասնապահության համար գյուղում ստեղծված ոչ բարվոք պայմանները չեն խանգարում գյուղացիներին զբաղվել այդ աշխատանքներով. վերջերս նկատվում է խոզերի, հավերի, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի հետ, իսկ քանի որ Բերդաձորի ենթաշրջանը նպաստավոր է մեղվաբուծության համար, գյուղում սկսել են շատ զբաղվել նաև մեղվաբուծությամբ։

— Այսօր ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան, մասնավորապես՝ Ձեր գյուղի համար ստեղծված նոր կացության պարագայում։

-Մեր գյուղի առումով պետք է նշեմ, որ մշտապես գտնվում ենք Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, իսկ ինչ վերաբերվում է Արցախի ճակատագրին, ապա ես լավատես եմ, որովհետև այսքան կորուստներից հետո նորից ավելի վատ լինել չի կարող։ Մեզ մնում է միայն համախմբվել, միասնական լինել և աշխատանքներ կատարել դիվանագիտական դաշտում. դիվանագիտությունը մեր ռուս բարեկամների հետ պետք է տարվի, քանի որ խաղաղությունն այսօր նրանք են պաշտպանում, որտեղ սակայն ինչ-ինչ պատճառներով թերացումներ եմ նկատում։

Գյուղում առաջինը մեզ հանդիպեցին դպրոցի բակում խաղացող երեխաները։  Ինչպես գյուղը, այնպես էլ գործող գյուղի դպրոցը մեծ ուշադրության են արժանանում։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է դպրոցի տնօրեն Լենա Իշխանյանը։

-Տիկին Իշխանյան, ի՞նչ խնդիրներ կան այսօր դպրոցում։

— Արդեն 5 տարի է՝ դպրոցում տնօրեն եմ աշխատում ։ Փառք Աստծո, դպրոցը մեծ ուշադրության կենտրոնում է և առանձնապես խնդիրներ չկան։ Այս պահի դրությամբ՝ միակ խնդիրը գազի բացակայության խնդիրն է։ Քանի որ դպրոցը գազիֆիկացված է, իսկ ճանապարհի փոփոխությունից հետո գյուղը զրկվել է գազամատակարարումից, ուստի գազամատակարարման բացակայությունը խնդիր է ստեղծում դպրոցի համար։ Պատկան մարմինները խոստացել են, որ շուտով կլուծվի հարցը։ Այժմ  աշխատանքներ են տարվում գազամատակարարման հին գիծը նորոգելու ուղղությամբ։

-Ո՞րքան է դպրոցում սովորող աշակերտների թիվը։

— Դպրոցում սովորում է 15 աշակերտ։ Պատերազմից առաջ 22 աշակերտ ունեինք, բայց պատերազմից հետո 7 աշակերտ տեղափոխվել և մնացել են Հայաստանի Հանրապետությունում։

-Դպրոցում կա՞ն ուսուցիչների ազատ հաստիքներ։

— Դպրոցն ապահովված է մասնագետներով, ընդ որում՝ բոլորը տեղացի են. դրսից հրավիրյալ մասնագետներ չունենք։

-Այս իրավիճակի հետ կապված՝ ինչպիսի՞ն են տրամադրությունները դպրոցում։

— Ներքին մտավախություն, անհանգստություն կա, բայց խուճապ չկա. այն չի խոչընդոտում մեր դպրոցի բնականոն աշխատանքներին։

— Իսկ գյուղի մոտակա դիրքերը, որոնք անգամ անզեն աչքով են տեսանելի դպրոցականների համար, չի ազդում դպրոցի աշակերտների հոգեբանության վրա։

— Ոչ, նույնիսկ երբ փորձում եմ երեխաների տրամադրությունները ստուգել, նրանք ասում են. «Ո՛չ, ընկե՛ր Իշխանյան, ինչի՞ց վախենամ, նրանք ո՞վ են, որ մենք նրանցից վախենանք»։ Դե, երեխաներ են, շատ հաճախ գիտակցաբար կամ անգիտակցաբար են մոտենում հարցին, բայց նրանց մոտ ոգևորություն կա. նույնիսկ պատերազմի օրերին մեր երեխաները ընկճված չէին։

-Ո՞րպես մանկավարժ՝ ո՞րն եք համարում Ձեր առաքելությունը։

— Այս պահին իմ առաքելությունը համարում եմ մեր գյուղում  ապրելը: Այդպես թշնամուն ապացուցում ենք, որ նրանք մեզանից ուժեղ չեն։

Վահագն Խաչատրյան

1