Խրամորթ. Ազերիների մուղամներն ու հեռանալու կոչերը
Գլխավոր » Հասարակական » Խրամորթ. Ազերիների մուղամներն ու հեռանալու կոչերը

Խրամորթ. Ազերիների մուղամներն ու հեռանալու կոչերը

ԱՀ Ասկերան շրջկենտրոնից 6 կմ, իսկ Ստեփանակերտից 21 կմ հեռավորության վրա, Ակնայի անմիջական հարևանությամբ է գտնվում Խրամորթ գյուղը:

Գյուղ մտնելուն պես աչքի են զարնվում գյուղի ավերակները, որոնք վկայում են, որ վաղ անցյալում այստեղով է անցել եւ իր անջնջելի հետքը թողել պատերազմը: Նախքան 44-օրյա պատերազմը գյուղն Արցախի այն եզակի գյուղերից էր, որտեղ խնդիրներ քիչ կային, սակայն այսօր պատկերն ընդհանրապես այլ է։

2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված խայտառակ պայմանագրով Ակնան դավադիր ստորագրությամբ հանձնվեց թշնամուն, Խրամորթը հայտնվեց թշնամու դիրքերից 600-800մ հեռավորության վրա, թեև սահմանամերձ լինելու հանգամանքը խոչընդոտ չդարձավ, որ պատերազմից հետո իր հողին ամուռ կառչած խրամորթցին վերադառնա և շարունակի ապրել իր տանը։ Բացի խրամորթցիներից, գյուղում է հաստատվել նաև տեղահանված 11 ընտանիք։

Թվում էր, թե խաղաղասիրության և բարեկամության կոչերից հետո բնակիչներն այսուհետ պետք է կարողանային խաղաղ ապրել ու արարել, զբաղվել կենցաղային աշխատանքներով, այգեգործությամբ ու հողագործությամբ, որը շատ գյուղացիների համար ապրուստի հիմնական  միջոց է, սակայն թշնամուն լավ ճանաչողները, իհարկե, գիտեին, որ դա հնարավոր չէր լինելու։

Եթե պատերազմից հետո ռուս խաղաղապահների ներկայությամբ գյուղացիները կարողացել են աշխատել իրենց այգիներում, ապա այսօր նույնիսկ նրանց ներկայությունը չի զսպում թշնամուն, ով պարզապես արգելում է գյուղացիներին աշխատել իրենց այգիներում։ Բացի այդ, մերթընդմերթ լսվում են նաև կրակոցներ։

Թշնամու կողմից այսպիսով սադրանքները չեն ավարտվել։ Փետրվարի 24-ին՝ 10:00-11:00 ընկած ժամանահատվածում, գյուղի մոտ տեղակայված ադրբեջանցիները բարձրախոսներով փորձել են ահաբեկել բնակիչներին։ Ահազանգին առաջինն արձագանքել է «Ապառաժ»-ը և ահազանգի հետքերով այցելել Խրամորթ, որտեղ բնակիչները տեղեկացրել են, որ ադրբեջանցիները բարձրախոսներով հայերեն հայտարարություններ են արել` ասելով՝ լքեք մեր տարածքները, խաղաղ ճանապարհով հեռացեք, այլապես ուժի կդիմենք և այլն։

Գյուղացիներն անծանոթ մեքենա տեսնելով՝ դուրս էին եկել տներից՝ մտածելով, որ իշխանության ներկայացուցիչներն են եկել իրենց հետ հանդիպելու։ Տեսնելով մեզ՝ ահաբեկված գյուղացիները հարցնում էին՝ արդյո՞ք այդ հայտարարությունները ճիշտ էին, թե՝ ոչ։

«Ապառաժ»-ի հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ այստեղից գնալու տեղ չունեն, ո՞ւր գնան։ «90-ականներին երեխայիս հետ դուրս եմ եկել, 2020-ին երեխաս է թոռներիս հետ  դուրս եկել, հիմա ո՞ւր գնանք»,-ասել է գյուղացիներից մեկը։

Մի այլ բնակիչ էլ նշեց, որ 3 անգամ այս գյուղում տուն է կառուցել։

Դպրոցի կազմակերպիչ Հասմիկ Անդրյանը նշեց, որ դասի էին, երբ գյուղացիներից մեկը զանգեց՝ հարցնելու համար, թե ի՞նչ հայտարարություն է տարածվոմ Ադրբեջանի Հանրապետության տարածքը լքելու մասին։ «Մենք չէինք լսել, ուստի ասացի, որ տեղյակ չեմ։ 15 ր-ից կրկին զանգեց, ու ասաց, որ հիմա նորից հայտարարություն է տարածվում, դուրս գամ ու լսեմ։ 11-րդ դասարանի տղաներից մեկին ուղարկեցի բակ՝ լսելու, թե ինչ հայտարարություն է տարածվում։ Տղան վերադարձավ՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, որպեսզի խուճապի չմատնվենք։ 3-րդ անգամ երբ զանգ եկավ, արդեն ես դուրս եկա, տեսա, որ մեքենան կանգնեցրած՝ բարձրախոսներով մաքուր հայերենով հայտարարություն են տարածում»,-ասել է Հ. Անդրյանը։

Նրա խոսքով՝  շարունակել են դասապրոցեսը առանց  խուճապի մատնվելու։

Անորոշ իրավիճակում գյուղացիները չեն կարողանում որևէ աշխատանք կատարել։ Տղամարդիկ հորդորում են կանանց չվախենալ, իսկ կանայք էլ պատասխանում են, որ թուրքից չեն վախենում, այլ նորագույն զենքերից, որ հեռվից անգամ կարող են հարվածել։

Գյուղի Բնակչուհի Անժելա Ղահրամանյանը չի  պատկերացնում իր կյանքն ուրիշ տեղ և մինչև պատերազմը չէր էլ պատկերացնում, որ այսպիսի իրավիճակում կհայտնվեին. հավատում էր «հաղթելու ենք» կարգախոսին և մինչ պատերազմի վերջին օրը չի լքել Արցախը։

Փետրվարյան այս օրերի հետ զուգադիպված սադրանքներն ու բռնի տեղահանման սպառնալիքները  հիշեցնում են 1988թ. սումգայիթյան օրերը։

Գյուղացիները բողոքում են, որ դաշտերում զբաղվում են բանվորությամբ, սակայն արդեն ինչքան ժամանակ է՝ նույնիսկ ռուսների ներկայությամբ չեն թողնում աշխատեն և վաստակեն իրենց օրվա գումարը։

Մեր այցից հետո սադրանքները չեն դադարել, ավելին՝ սկսել են միացնել և հնչեցնել իրենց մուղամները։

Փետրվարի 26-ին Խրամորթ են այցելել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները։

«Գյուղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական հերթական գործողություններն իրականացվում են հատուկ պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։ Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվել ու սոցիալական ցանցերում տարածվել են 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո՝ ադրբեջանական քարոզչություն իրականացնող ալիքներով։

Կոչերի բովանդակությունից պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում Խրամորթ համայնքի խաղաղ բնակիչների նկատմամբ՝ նպատակ ունենալով զրկել նրանց սեփական հայրենիքից, խաղաղ ու անվտանգ ապրելու, արժանապատիվ աշխատանքով բնականոն կյանք վարելու իրավունքից»,- փաստում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Փետրվարի 27-ին ԱՀ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության հաղորդմամբ՝ խաղաղապահները վստահեցրել են, որ խնդիրը կլուծվի առաջիկա 2-3 օրերի ընթացքում։

Սրանք ադրբեջանական հերթական սպառնալիքներն են, որով նրանք նպատակ ունեն խուճապ տարածելու հայերի շրջանում։

Վահագն Խաչատրյան

1