«Խոսել ենք նաեւ ճնշումների մասին, որոնք կան Հյուսիսային համալսարանի ռեկտորի կողմից». ՀՅԴ ցուցարարներ
«Մենք երբեք չենք թաքցրել մեր ով լինելը: Երբ երեկ Հյուսիսային համալսարանի ուսանողները միացան մեզ, մենք ողջունեցինք նրանց, ես էլ իմ խոսքում նշեցի, որ սա վերկուսակցական պայքար է, եւ սա միայն մեր երիտասարդական միության պայքարը չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը՝ անդրադառնալով Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի այն հայտարարությանը, որ երեկ, երբ իր ուսանողները միացել են ՀՅԴ երիտասարդների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, հասկացել են, որ շարժումը քաղաքական է, ուստի այլեւս չեն մասնակցելու բողոքի գործողություններին:
Գոռ Սարգսյանը նկատեց. «Մենք լինենք այս պայքարի առաջամարտիկները, թե ոչ, սա, այո, քաղաքական գործընթաց է, որովհետեւ այս մարդը (նկատի ունի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին), որն այս նախարարության պատասխանատուն է, քաղաքական պաշտոն է կրում եւ քաղաքական թիմի ներկայացուցիչ է: Անկախ ամեն ինչից, երբ խոսում ենք այս մասին, հարցը դառնում է քաղաքական: Բայց շեշտում եմ, որ սա վերկուսակցական շարժում է»:
ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն էլ նկատեց՝ իրենց համար խնդրահարույց է այն փաստը, որ Հյուսիսային համալսարանի ուսանողների փոխարեն ռեկտորն է հայտարարել, որ ուսանողներն այլեւս չեն մասնակցելու բողոքի գործողությանը. «Մենք դա դիտարկում ենք որպես ճնշում: Ուսանողներն ազատ են իրենց բողոքը ներկայացնելու այնտեղ, որտեղ կկամենան: Նրանց հորդորել են չմասնակցել նստացույցին կամ բողոքի գործողություններին: Հասկանում ենք՝ մասնավոր համալսարան է, որն ակնկալվող փոփոխությունների շրջանակում պետք է սիրաշահի նախարարությանը»:
Քրիստինե Վարդանյանը նաեւ նշեց՝ երբ երեկ Հյուսիսային համալսարանի ուսանողները նախարարության դիմաց միացել են իրենց, խոսվել է նաեւ ճնշումների մասին, որոնք կան ռեկտորի կողմից:
Գոռ Սարգսյանն էլ հավելեց՝ Հյուսիսայինի ուսանողներն ասել են, որ իրենց ռեկտորը դեմ է այս ամենին, բայց իրենք չեն լսել նրան. «Հյուսիսային համալսարանի ուսանողների կողմից մենք չենք լսել, թե սա կուսակցական է, եւ իրենք միանալ չեն ուզում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
arfd.am