Խնապատից Մեծավան. Վրեժ Մելքումյանը շարունակում է զբաղվել ջերմոցային տնտեսությամբ
Գլխավոր » Լրահոս » Խնապատից Մեծավան. Վրեժ Մելքումյանը շարունակում է զբաղվել ջերմոցային տնտեսությամբ

Խնապատից Մեծավան. Վրեժ Մելքումյանը շարունակում է զբաղվել ջերմոցային տնտեսությամբ

Վրեժ Մելքումյանն ընտանիքով բնակություն է հաստատել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղում։ Այս գյուղում ապրում են 79 արցախցի ընտանիքներ։

Վրեժը հայրենի Խնապատ գյուղում թողել է իր ողջ կյանքի ստեղծածը։ Այսօր ինքն իրեն հարց է տալիս՝ այդ ի՞նչ ուժ ու եռանդ ուներ, որ կարողացավ այդքանը ստեղծել․ նրա թևերը կինն ու 4 դուստրերն են, որ այստեղ ևս շարունակում են օգնել ու վերստին ոտքի կանգնել։

Վրեժը դեռևս 2020-ին Ակնայի տարածքում է թողել 8 հա նռան և արքայախնձորի բերքատու այգիներ, անասնաֆերմա, փոքրիկ ձկնաբուծարան։ Կորցնելով եկամտի այդ աղբյուրները՝ նա չի վհատվել ու շարունակել է գյուղատնտեսությամբ զբաղվել Խնապատում։ 2023-ի սկսզբին 1000 քառ․ մետր հողատարածքի վրա ջերմոց է հիմնել և Արցախի շրջափակման ընթացքում կարողանում էր խառը բանջարեղենով ապահովել ժողովրդին։

2023-ի սեպտեմբերի վերջին Վրեժ Մելքումյանի ընտանիքը ողջ արցախահայության հետ ձեռնունայն բռնագաղթել է Արցախից։ Միանգամից եկել ու հաստատվել են Մեծավան գյուղում։ Վրեժն աշխատանքի է անցել <<Տաշիրի կոմունալ տնտեսություն, բարեկարգում>> ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնում, կինը՝ Մեծավանի մշակույթի տանը։ Ավագ աղջիկները աշխատում են կրթամշակութային հիմնարկներում։ Արցախում Վրեժը <<Ասկերանի Խաչենշին>> ՓԲԸ կոմունալ ծառայության պետն էր։

-Այստեղի բնությունը նման է մեր լեռնաշխարհին։ Մարդիկ նույնպես սրտացավ ու կամեցող են։ Գործարար Սամվել Կարապետյանի շնորհիվ արցախցիների զգալի մասն ապրում է անվճար։ Մինչև այսօր օգնություններ ենք ստանում՝ սննդամթերքի տեսքով։

Մեծավանում հաստատվելուց հետո հանդիպեցի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի հետ ու առաջարկեցի արցախցիներիս ուժերով ծառատունկ կազմակերպել։ Պարապ չէինք ցանկանում մնալ, միաժամանակ էլ օգտակար գործ կանեինք մեզ այդքան սրտաբաց ընդունող ժողովրդի համար։ Մեծավանում Խնապատ գյուղից ապրում է 10 ընտանիք։ Խնապատցիներով հավաքվեցինք ու մոտ 700 հատ հացենու տնկիներ տեղադրեցինք Տաշիր-Ստեփանավան ճանապարհի աջ ու ձախ կողմերին։ Տնկիները բերեցինք մոտակա անտառներից։ Հետո աշխատանքի առաջարկություն ստացա և ընդունեցի, քանի որ ունեի բավականաչափ փորձ ու աշխատելու մեծ ցանկություն,-պատմում է Վրեժը և ավելացնում, որ աշխատանքը ծանրաբեռնված է, կատարում է հնարավորը, որ արդարացնի իրեն վերապահված պարտականությունը։

Հողի հետ մշտապես աշխատող, անընդհատ պրպտացող Վրեժը չի բավարարվում միայն համայնքային գործով։ Մեծավանի տնամերձ հողամասում 1000 քառ․ մետրի վրա ջերմոց է հիմնել ու աճեցնում է տարբեր տեսակի բանջարեղեն։ Ամեն ինչ, որ բարեհաջող լինի՝ կարող է նաև սեփական արտադրանքը շուկա հանել։

-Արցախցիներս շատ հուզող հարցեր ու խնդիրներ ունենք։ Ամենակարևորը սեփական տանիք ունենալն է։ Բնակարանային աջակցության ծրագիրը շատ է քննարկվում արցախահայության մեջ։ Մարդիկ մտածում են՝ որտեղ տուն ձեռք բերել։ Այստեղ աշխատանք չլինելու պատճառով՝ երևի շատերը Երևանին մոտ կնախընտրեն ապրել, քանի որ նույն 3 մլն դրամն է աջակցության գումարը։ Այնտեղ մի փոքր հեշտ է աշխատանք գտնել, և աշխատավարձերն էլ ստեղի պես ցածր չեն։ Զբաղվածության խնդրի պատճառով տեղացի տղամարդիկ արտագնա աշխատանքների մեջ են, այսպես որ շարունակվի, ցավոք, արցախցիները հնարավոր է հետևեն նրանց օրինակին,-ավելացնում է Վրեժը։

Վրեժի կինն ու աղջիկները շատ են կարոտում Խնապատը, երազում վերադառնալու մասին։ Այնտեղ անցկացրած ամեն մի վայրկյանը թանկ հիշողություն է նրանց համար, իսկ հայրենիքի կորստի ցավը՝ երբեք չսպիացող վերք։ Մելքումյանները շարունակում են հաղթահարել կյանքի մարտահրավերները և ցանկանում ինտեգրվել նոր միջավայրին։ Օտար տեղ չեն, Մայր Հայաստանում են, որը գրկաբաց է ընդունել իրենց։ Որոշել են շարունակել ապրել Մեծավանում, իսկ օրերս Մելքումյանների տանը մեծ ուրախություն էր․ աղջիկը՝ Ռուզաննան, ամուսնացել է գյուլագարակցի Վրույրի հետ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1