Խայտառակություն Հունգարիայի համար ու սկանդալ՝ Եվրոպայի․ Նատալի Լուազոն՝ Օրբանի՝ օկուպացված Շուշի կատարած այցի մասին
Գլխավոր » Լրահոս » Խայտառակություն Հունգարիայի համար ու սկանդալ՝ Եվրոպայի․ Նատալի Լուազոն՝ Օրբանի՝ օկուպացված Շուշի կատարած այցի մասին

Խայտառակություն Հունգարիայի համար ու սկանդալ՝ Եվրոպայի․ Նատալի Լուազոն՝ Օրբանի՝ օկուպացված Շուշի կատարած այցի մասին

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին խայտառակություն է Հունգարիայի համար։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորի խոսքով՝ այս այցը սկանդալ է Եվրոպայի համար:

«Արդյո՞ք Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը», — գրել է նա՝ կից հրապարակելով Օրբանի՝ Շուշի այցից լուսանկար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ն դժգոհել է Օրբանի՝ օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցությունից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նշվել է, որ Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին տեղի է ունեցել բացառապես Հունգարիայի և այս կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Բորելի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հունգարիան ԵՄ-ից մանդատ չի ստացել Թյուրքական պետությունների կազմակերպության հետ հարաբերությունները խթանելու համար։

Նշենք, որ հուլիսի 5-6-ը օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում կայացել է ԹՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հունգարիայի ղեկավարները։

Հանդիպմանը հրավիրված էր նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը։ Թուրքիան գագաթաժողովին ներկայացնում էր փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Tert.am

1