Խաղաղության պայմանագիր․ Արցախի իրավական հանձնում
Գլխավոր » Լրահոս » Խաղաղության պայմանագիր․ Արցախի իրավական հանձնում

Խաղաղության պայմանագիր․ Արցախի իրավական հանձնում

«Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, այլ բան չէ, քան Արցախի հանձնումը իրավական առումով փաստաթղթավորելը»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած ավելի քան երեսուն տարվա հակամարտության պատճառն Արցախն է եւ նրա հանդեպ Ադրբեջանի նկրտումները։ Արցախի հայաթափումից  հետո, երբ Ադրբեջանի կողմից թելադրված  խաղաղության պայմանագրի ստորագրման հարց է քննարկվում, Հայաստանում գործող ռեժիմը հլու հնազանդ կեցվածքով մեկ անգամ եւս ապացուցում է, որ պատրաստ է Արցախի հարցը փակել եւ դրան իրավական տեսք տալ։

Սրա վկայությունն է միջազգային դատարաններից երկու երկրների դատական հայցերի հետկանչումը, որով հաշվի չի առնվում հակամարտության ընթացքում տեղահանված արցախցիների իրավունքների վերականգնումը եւ Արցախի ժողովուրդը լիիրավ իրավունք ունի պահանջելու միջազգային դատարաններից Ն․Փաշինյանի դատապարտումը, որը անտեսելով մարդկության դեմ իրականացված ցեղասպանությունը՝  նման զիջման է գնում այն իրականացնող երկրի՝ Ադրբեջանի նկատմամբ։

Այսօր, յուրաքանչյուր հայ, ով ունի միջազգայնորեն ճանաչված ՀՀ անձնագիր՝ պետք է պաշտպանված լինի Հայաստանի Հանրապետության կողմից, մինչդեռ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները պատշաճ պաշտպանության չեն արժանանում ՀՀ իշխանությունների կողմից։ Սա է փաստում նաեւ այն իրողությունը, որ, այսպես կոչված խաղաղության պայմանագրում՝ ՀՀ կողմից հայ պատանդների ազատ արձակման եւ արցախցիների վերադարձի իրավունքի իրացման պահանջ չկա։

Մյուս կողմից, պայմանագիրը բավականին մութ կետեր ունի, որը ՔՊ-ականները փորձում է խեղաթյուրել եւ թաքցնել։ Չնայած ներկայացվում է, որ իբր իշխանություններն իրենց խոսույթում դրա մասին խոսել են՝ այն որեւէ իրավական, փաստական հիմք չունի, որովհետեւ նման պայմանագրի շուրջ չես կարող թաքուն բանակցել եւ այդ բանակցություններն ավարտված համարել առանց հանրության լայն շրջանակի հետ քննարկելու, անգամ ընդդիմադիր պատգամավորներին արգելելով ծանոթանալ դրան։ Եւ սա անում է իրեն ժողովրդի ծառա հռչակած առաջնորդը։

Արա Պուլուզյանի գնահատմամբ՝ պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտման հարցը եւ ՀՀ-ի կողմից այն հապճեպ ստորագրելու ցանկությունը վկայում է  այն մասին, որ այն  ծառայելու է գործող ռեժիմի կողմից՝ որպես կեղծ հաղթանակի նվաճում եւ դա վաճառվելու է որպես գործող իշխանության հաջողություն։

«Բոլորս էլ գիտենք, որ այս գործընթացը խաղաղություն չի բերելու, այն միայն ու միայն Արցախի հանձնման, Արցախի հարցը ՀՀ իշխանությունների կողմից  թաղելու  իրավական փաստաթուղթ է, որը ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել հայ ժողովրդի կողմից։ Այն ավելի շատ քարոզչական պաստառ է Նիկոլ Փաշինյանի համար, որը նրան նվիրվել է մեր դարավոր թշնամու՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։

1