Վստահ կարող ենք արձանագրել, որ արցախցին ամուր է և տեր է իր հայրենիքին. Իշխան Սաղաթելյան
Գլխավոր » Լրահոս » Վստահ կարող ենք արձանագրել, որ արցախցին ամուր է և տեր է իր հայրենիքին. Իշխան Սաղաթելյան

Վստահ կարող ենք արձանագրել, որ արցախցին ամուր է և տեր է իր հայրենիքին. Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Արցախ կատարած այցի շրջանակում ունեցած հանդիպումներին.

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչների հետ հունիսի 21-23-ին եղել եմ Արցախի Հանրապետությունում, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ: 

Արցախում գտնվելու ընթացքում ԱՀ պատգամավորների հետ այցելել ենք Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում Արցախի մեր հայրենակիցներին եմ ներկայացրել Շարժման ընթացքը, կազմակերպական, քաղաքական առաջիկա անելիքներն ու մարտահրավերները: 

Շեշտվել է «Դիմադրություն» շարժման օջախների ձևավորման կարևորությունը Արցախի Հանրապետությունում։ 

Վերահաստատվել է, որ Արցախի քաղաքական ուժերի և ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թվականի ապրիլի 14-ի՝ ԱՀ ԱԺ միաձայն ընդունած հայտարարությունը, որում ամրագրվել են Արցախի ապագայի շուրջ սկզբունքներն ու կարմիր գծերը: 

Սիրելի՛ հայրենակիցներ, վստահ կարող ենք արձանագրել, որ արցախցին ամուր է և տեր է իր հայրենիքին»: 

1