Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը. վրացի դեսպան
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան ասել է, որ Վրաստանը չի մասնակցի, այսպես կոչված, «3+3» ֆորմատով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսվում է Թուրքիայում։ Այս մասին դիվանագետն ասել է թուրքական Daily Sabah թերթին տված հարցազրույցում։
«Անկարան բազմիցս կոչ է արել ստեղծել համագործակցության նոր հարթակ, այսինքն «3+3», որը կմիավորի Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, Վրաստանին և Հայաստանին։ Այս ձեւաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում, որին ներկա չի եղել միայն Վրաստանը»,- հիշեցնում է թերթը։
Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ հանդիպմանը, որը նախատեսված է Թուրքիայում։Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան բացատրել է, որ Վրաստանը Թուրքիային և Ադրբեջանին համարում է ռազմավարական գործընկերներ։ Իսկ Հայաստանը պատմական ու բարի հարեւան է։
«Սակայն Ռուսաստանը մի երկիր է, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»,- ասել է Ջանջգավան։Առաջին հանդիպումը Մոսկվայում կայացել է դեկտեմբերի 10-ին։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։
Նիստից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Վրաստանը ներկայացված չի լինելու «3+3» հանդիպմանը։