Ուկրաինայի պատերազմը երկարատեւ է, նոր պատերազմներ չեն լինի

Լիբանանի ‹‹Ազդակ›› թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը կարծում է, որ Արցախի խնդրի վերամիջազգայնացման միտումներ գրանցվեցին հատկապես այն բանից հետո, երբ Բաքուն փակեց Բերձորի միջանցքը։
Lragrogh.com-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանը կարծիք հայտնեց, որ միջանցքը բացելու հարցում հիմա առկա է աշխարհաքաղաքական ճնշում։
‹‹Հատկապես հավաքական Արեւմուտքը ոչ միայն հայտարարություններով, այլ նաեւ՝ գործողություններով՝ ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն ուղարկելով ճնշում է գործադրում Բաքվի վրա։ Մոսկվան կիրառում է համահավասարության խաղի կանոնները այդ բոլոր գործընթացներում միջնորդի կարգավիճակը պահպանելու համար, մինչ Իրանը կտրուկ դեմ է ՀՀ-ի հետ իր դարավոր սահմանի փոփոխությանը։ Գլխավոր խաղացողների մոտեցումները չեն համընկնում, դրա համար էլ ստատուս-քվոն ձգձգվում է››,- նշեց Շահան Գանտահարյանը։
Մեր հարցին, թե տարածաշրջանում սպասվո՞ւմ է տարբեր աշխարհաքաղաքական շահերի բախում, Գանտահարյանն արձագանքեց․ ‹‹Տարածաշրջանում լարվել են Իրան-Ադրբեջան հարաբերությունները․ պարզ է, որ իրանական ռազմական գործարանի վրա հարձակումն իրականացվել է ադրբեջանական ռազմակայաններից թռիչք առած իսրայելյան անօդաչուների կողմից։ Թուրքիան եւ Ադրբեջանն ուզում են բացել ‹‹զանգեզուրյան միջանցք››, մինչ Իրանը կտրուկ դեմ է դրան։ ՌԴ-ի գազի այլընտրանքային շուկաներ որոնելու գործընթացում Արեւմուտքը չի բացառում իրանական էներգիայից օգտվելու հնարավորությունը։ Զուգահեռ Ծոց-Սեւ ծով ցամաքային տարանցիկության ծրագիրը մտնում է առարկայական փուլ։ 3+3 ձեւաչափը չի աշխատում, եւ փոխարենը առաջադրվում են անվտանգության այլ հարթակներ։ Խաղացողների շահերը բախվում են տարածաշրջանում, եւ դեռեւս չեն երեւում հանգուցալուծման ուղիներ։ Աշխարհաքաղաքական բախումն արդեն իսկ փաստ է տարածաշրջանում։ Չեմ կարծում, սակայն, որ կլինի լայնամասշտաբ պատերազմ։ Ուկրաինայի պատերազմը երկարատեւ է, չեմ կարծում, թե նույն տարողությամբ նոր պատերազմներ լինեն։ Չի բացառվում, որ սահմանափակ ցնցումներ լինեն, ինչին աշխարհն արդեն ականատես է››։