Ո՞վ չգիտի, որ Արցախն Ադրբեջան չէ. այդ ցինիկ գրառումները արվում են հատուկ
Գլխավոր » Լրահոս » Ո՞վ չգիտի, որ Արցախն Ադրբեջան չէ. այդ ցինիկ գրառումները արվում են հատուկ

Ո՞վ չգիտի, որ Արցախն Ադրբեջան չէ. այդ ցինիկ գրառումները արվում են հատուկ

Արցախի իշխանությունները եւ Արցախից Հայաստան վերադարձված հայերի հարազատները նախօրոք տեղյակ չեն եղել, որ նրանք տեղափոխվում են Հայաստան։ Այս մասին ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ Արցախում բնակվող 10 հայեր եւ ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ ոչ մի տեղեկություն չունեն, թե որտեղ են հիմա Արցախից ՀՀ տեղափոխված անձինք։ «Դեռեւս կապ չկա մեզ հետ, եթե հաջողվի կապի դուրս գալ, կփորձեմ որոշակի տեղեկություններ ճշտել, բայց այս պահին այդ հնարավորությունը դեռեւս չկա»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ իրենց տեղեկություններով՝ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Արցախում մնացել էին տարեց եւ հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող մոտ մեկ տասնյակ անձինք։

Արսեն Թորոսյանն իր գրառման մեջ Արցախը «Ադրբեջանի հանրապետություն» էր ներկայացրել։ Անդրադառնալով այս ձեւակերպմանը՝ Գեղամ Ստեփանյանն ասաց,- «Ձեզ համար զարմանալի՞ է, նորություն կա՞ նրա հայտարարությունների մեջ։ Այդ մարդիկ էն գլխից հայտարարել են, որ Արցախն իրենց համար Ադրբեջան է։ Իմաստ էլ չկա հակադարձելու, ո՞վ չգիտի, որ Արցախն Ադրբեջան չէ, բայց ով չգիտի նաեւ, որ իրենք հատուկ ցինիկաբար այդպիսի գրառումներ են անում։ Ի՞նչն էր խանգարում՝ Ադրբեջանի հանրապետություն չգրել, միանշանակ հատուկ է արված»։

1