Ո՛չ պատերազմի օրերին, ո՛չ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը որևէ օր չի դադարել աշխատել. Մարատ Հարությունյան
Գլխավոր » Լրահոս » Ո՛չ պատերազմի օրերին, ո՛չ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը որևէ օր չի դադարել աշխատել. Մարատ Հարությունյան

Ո՛չ պատերազմի օրերին, ո՛չ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը որևէ օր չի դադարել աշխատել. Մարատ Հարությունյան

Մարատ Հարությունյանը մեկն էր այն 12 բուժաշխատողներից, որոնք վերջինը լքեցին Արցախը 2023-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից և բռնի տեղահանումից հետո:

«12-ից մեկն էի, բայց կարող էի 2-ից մեկը լինել։ Ինձ համար երբեք ընտրության այլ տարբերակ չի էլ եղել․ ես միշտ իմացել եմ՝ եթե կլինի մեկը, որ կմնա մինչև վերջին վիրավորն ու վերջին վայրկյանը, դա ես կլինեմ՝ ընտանիքիս հետ։ Ես չունեմ ավելի թանկ բան, քան հայրենիքն է, ու հիմա գոնե գիտեմ՝ ես արել եմ ամենը, ինչ կարող էի»,– ասում է բժիշկը։

Մարատ Հարությունյանը երեք որդիներից միակն էր, որ որոշեց իրականություն դարձնել ծնողների երազանքն ու ընտրել բժշկի ուղին։ Ավարտելով Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը՝ ընդունվեց Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ, որտեղ սովորեց 6 տարի։ Մարատը շատ լավ էր հասկանում՝ իր հայրենիքի՝ Արցախի համար այդ մասնագիտությունն ամենապահանջվածն է։ Պատերազմն այստեղ սկսվել էր իր ծնունդից 3 տարի անց ու չէր ավարտվել այլևս երբեք։

Ուսումնառությունն ավարտելուց հետո ծառայությունը շարունակեց Մատաղիսի 6-րդ պաշտպանական շրջանում՝ որպես բուժկետի բժիշկ, հետո տեղափոխվեց Արցախի ամենախոշոր՝ 4-րդ պաշտպանական շրջան, նշանակվեց բուժկետի պետ և աշխատեց շուրջ 2,5 տարի։ Հաջորդ նշանակումը Շուշիի ՀՕՊ բրիգադի բուժծառայության պետի պաշտոնում էր։ 

5 տարի առավելապես կազմակերպչական աշխատանքով զբաղվելուց հետո Մարատը հասկացավ՝ ուզում է բուժել, վիրահատել․ դա է իր առաքելությունը։ Զինված ուժերից զորացրվելուց հետո ուսումը շարունակեց Հերացու անվան բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ ուրոլոգիա մասնագիտությամբ։ 

2016-ի քառօրյա պատերազմի օրերին Մարատը սովորում էր Երևանում։ Պատերազմի լուրը լսելուց 4 ժամ անց արդեն այնտեղ էր, որտեղ պետք է լիներ՝ տանը, հիվանդանոցում։ Օգնում էր ինչով կարող էր:

«Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո հստակ որոշել էի՝ վերադառնում եմ Արցախ, որովհետև ես, կյանքս, իմ ամեն ինչն այնտեղ էին։ 2018-ին վերադարձա և աշխատանքի անցա Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում, որը չլքեցի մինչև վերջին օրը՝ 2023-ի սեպտեմբերի 28-ը։ Երևի այդպես պետք է լիներ, ճակատագիր էր»,– ասում է Մարատը։

Քառօրյա պատերազմից հետո հաջորդ մեծ մարտահրավերը, որ բաժին հասավ երիտասարդ բժշկին, 2020-ի 44-օրյա պատերազմն էր։ Մարատը հիշում է՝ այդ օրերին բոլորին նույն հարցն էր հուզում՝ պատերազմը երբ կավարտվի: Իսկ ինքը միայն մեկ պատասխան ուներ՝ այն կավարտվի, որովհետև բոլոր պատերազմներն էլ մի օր ավարտվում են, իսկ մինչ այդ պետք է անել ամեն բան՝ դրանից հետո մաքուր խղճով ու պարզ ճակատով կյանքն ապրելու համար:

«Սարսափելի երկար օրեր էին, որ մեզ՝ բուժաշխատողներիս համար աննկատ անցան, որովհետև մենք չէինք հասկանում՝ օրն ինչպես է սկսվում և ավարտվում: Անքուն, հոգնած, քաղցած՝ մենք շարունակում էինք մեր աշխատանքը, որովհետև դրա կարիքը կար։ 44 օրվա ընթացքում չի եղել գոնե մեկ օր, որ վիրավոր չընդունենք։ Վիրավորներին բերում էին տասնյակներով, օրեր են եղել, որ միանգամից 88 վիրավոր ենք ընդունել և սպասարկել։ Բայց այդ օրերին մի լուսավոր բան էլ կար՝ Հայաստանի և սփյուռքի բժիշկների աջակցությունը, որ պատերազմի հաջորդ օրն արդեն մեր կողքին էին, մինչև վերջին օրը, և վիրավորներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունը»,– պատմում է Մարատը։ 

Հիշում է՝ ո՛չ պատերազմի օրերին, ո՛չ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո հանրապետական բժշկական կենտրոնը որևէ օր չի դադարել աշխատել։ Նոյեմբերի 10-ին ինքն անձամբ է մյուս բուժաշխատողների հետ մաքրել հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի հատակը ցեխից ու արյունից, վերազինել վիրահատարանները, պահոցներից հանել և նորից դասավորել անհրաժեշտ բոլոր բժշկական պարագաները ու սպասել մարդկանց տունդարձին։

Մարատն ասում է՝ այս պատերազմը սարսափելի էր, բայց այն, ինչ պիտի լիներ հետո, պատկերացնել անգամ հնարավոր չէր․ 9 ամիս տևած շրջափակումը հյուծել էր բոլորին՝ մարդկանց ու առողջապահության համակարգը։ Դեղորայքի, սննդի, ամենատարրական պարագաների պակասը գրեթե անհնարին էր դարձնում բժիշկների գործը։ 

«2023-ի սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմը, իրոք, շատ դաժան էր։ Հարյուրավոր վիրավորներին, որոնց ընդունեցինք այդ օրը, պետք էր պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, իսկ մենք անհրաժեշտ պարագաներ գրեթե չունեինք։ Բացի այդ, մենք շատ լավ հասկանում էինք, որ ունենք հիվանդներ, որոնց րոպե առաջ պետք է տարհանել, իսկ դա հնարավոր չէր։ Ունեինք արհեստական շնչառության սարքերին միացված վիրավորներ, և մենք հասկանում էինք, որ եթե պատերազմը մեկ օր էլ տևի, մենք չափազանց բարդ որոշումներ պետք է կայացնենք, որոնք այդ մարդկանց կյանքերն էին արժենալու։ Եվ մենք գիտեինք, որ այս անգամ լրիվ մենակ ենք»,– հիշում է Մարատը։

Երբ հայտնի դարձավ, որ արցախցիները պետք է լքեն Արցախը, Մարատը մի քանի ժամով տուն գնաց։ Գնաց ասելու, որ իրենք մնում են։ Մայրը, կինը, երեք երեխաները, որոնցից փոքրն ընդամենը 1 տարեկան էր, մնում էին իր հետ։ Այդ որոշումը տանը նույնիսկ չքննարկվեց․ ընտանիքում գիտեին՝ մինչև վերջին վիրավորը չտարհանվի, իրենք տնից դուրս չեն գալու, այլապես, հակառակ դեպքում, Մարատը հետո ապրել չի կարողանա:

«Բուժաշխատողներից շատ-շատերն արդեն լքել էին Արցախը, շատ քիչ մարդ էր մնացել հիվանդանոցում։ Ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահել քննարկել կամ, առավել ևս, մեղադրել իմ գործընկերներից որևէ մեկին, որ շտապել էր դուրս գալ Արցախից։ Մարդիկ ստիպված էին որոշում կայացնել՝ փրկել իրենց ընտանիքները կամ մնալ և շարունակել աշխատել։ Յուրաքանչյուրս իր ընտրությունն է կատարել։ Իմը մնալն էր, մյուսների ընտրությունը իմ քննարկելիքը չէ»,– ասում է Մարատը։

Այդ օրը թաղամասում այլևս մարդ չկար, միայն Հարությունյանների ընտանիքն էր մնացել։ Տնից դուրս գալիս Մարատը խնդրեց կողպել դռները և կնոջը մի կացին տվեց՝ անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանվելու համար, ու շտապեց հիվանդանոց։

Սեպտեմբերի 25-ին, երբ հնարավոր էր եղել տարհանել վիրավորների մեծ մասին, և թվում էր՝ կարելի է մի փոքր շունչ քաշել, պատահեց ամենասարսափելին։ Մարատն ասում է՝ չկա մի բառ, որով կկարողանար նկարագրել այն, ինչ տեսավ այդ օրը․ սարսափ, աղետ, ողբերգություն, դժոխք․․․ ոչինչ չի կարող համեմատվել այն բանի հետ, ինչ կատարվեց Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից հետո:

«Այդ օրը, բոլորովին պատահաբար, չկարողացա հանրապետական բժշկական կենտրոն հասնել և մնացի մանկական հիվանդանոցում։ Հիշում եմ՝ սարսափելի, տեղատարափ անձրև էր, երբ հիվանդանոցի դռները բացվեցին, ու 60-ից ավելի մարդիկ՝ սևացած, այրված, մտան հիվանդանոց։ Անձրևաջրերն ու արյունը միանգամից ծածկեցին հատակը, իսկ ընդունարանում ցավից այլայլված, բղավող, լաց լինող տղամարդիկ էին, որոնք այնքան էին այրվել, որ  այլևս անհնար էր ճանաչել։ Այդ պահին բուժանձնակազմի 90%-ն արդեն լքել էր Արցախը։ Հիվանդանոցում երեք բժիշկ էինք։ Ու դու տեսնում ես մարդկանց՝ մարմնի 70-80% այրվածքով, որ մոտենում, խոսում են հետդ, օգնություն խնդրում։ Դու կատարում ես ինչ-որ գործողություններ ու հասկանում՝ չի ապրելու, մյուսն էլ չի ապրելու, երրորդն էլ, տասներորդն էլ, վաթսուներորդը․․․ ու դու ոչինչ չես կարող անել։ Այրվածքը վիրավորում չէ, որ արյունահոսությունը դադարեցնես, վիրահատես, թեկուզ անդամահատես, բայց կյանքը փրկես։ Իսկ այդ անճանաչելի մարդիկ հանկարծ ճանաչում են քեզ, մոտենում են ու ասում՝ փրկիր, փրկիր, փրկիր․․․ ու դու անկարող ես»,– պատմում է Մարատը։

Սեպտեմբերի 28-ին՝ լուսաբացին, երբ բոլոր վիրավորներն արդեն տարհանված էին, իսկ ընտանիքը՝ քնած հանրապետական բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում, Մարատը նստել էր հիվանդանոցի բակի նստարաններից մեկին ու չէր ուզում քնել՝ չկորցնելու համար վերջին թանկ վայրկյանները՝ հայրենիքը մտքում ու սրտում դաջելու, ամուր պահելու։ Ու մտածում էր այն մասին, որ տեղի ունեցավ անհավատալին, ու վերջը մոտ է։ Ասում է՝ այդ պահին ուզում էր գնալ, շոշափել, հպվել հիվանդանոցի աստիճաններին, դռներին, հատակին՝ համոզվելու համար, որ դա եղել է, իրենն է եղել, ու հիմա ինքը ստիպված է թողնել այդ ամենը:

«Արցախն իմ անցյալն է, ներկան, իմ ամեն ինչը, իմ տունը, ու այն թողնելը անասելի ցավ է, հատկապես որ հասկանում ես՝ դժվար թե մոտ ապագայում հետդարձի հնարավորություն ունենաս։ Բայց որպես բժիշկ մի տեսակ ներքին հպարտություն ունեմ, որ ինչ կարող էի՝ արեցի։ Ես գիտեմ, որ այդ միտքը ինձ ամբողջ կյանքում ամուր է պահելու, օգնելու է հաղթահարել ամեն դժվարություն, որովհետև հիմա օգնում է ապրել»,– խոստովանում է Մարատը։

Ընտանիքի հետ Երևան հասնելուց հետո բժիշկը մի քանի օր փորձում էր հասկանալ՝ ինչ անել, ուր գնալ, ինչպես ապրել հետո։ Իսկ հետո պատասխանն անսպասելիորեն ստացվեց. Մարատին սկսեցին զանգել ու գրել նախկին բուժառուները, հեռու-մոտիկ ծանոթ-բարեկամները, տեղահանված տասնյակ մարդիկ ու աջակցություն խնդրել դոկտորից։ Մեկին ուղղորդում էր պետք ճիշտ մասնագետի մոտ, մյուսին՝ ընդհատված բուժումը շարունակել, երրորդին՝ ուղղակի վստահելի մարդու խորհուրդը:

«Այդ ժամանակ էր, որ հասկացա՝ նույնիսկ այդ պահին ես ճիշտ այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, իմ հայրենակիցների, իմ բուժառուների կողքին, և իրենք ինձ հետ հույսեր են կապում։ Նույնիսկ այդ պահին իմ մասնագիտությունը թույլ չտվեց, որ ես կոտրվեմ։ Ես հասկացա, որ այստեղ նույնպես պետք է զբաղվեմ նրանով, ինչը կարևոր է ոչ միայն ինձ համար, այլև մյուսների»,– ասում է Մարատը։ 

Դեռ ամիսներ առաջ Մարատը զանգեր էր ստանում գործընկերոջից։ Առաջարկը հստակ էր՝ շրջափակման ավարտից հետո, ցանկության դեպքում, աշխատանքի անցնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքում:

«Ես այն երջանիկներից մեկն եմ, որ միայն մի քանի օր անգործ մնաց։ Այս առաջարկը ինձ համար շատ կարևոր էր ոչ միայն սոցիալական իմաստով, այլև այն պատճառով, որ հստակ հասկանում էի՝ սա իմ անցած ուղու, իմ կատարած աշխատանքի արժևորումն է, ինչպես նաև՝ հնարավորություն՝ օգնելու այն արցախցիներին, ովքեր այսօր առերեսվում են ոչ միայն առողջական, սոցիալական բազմաթիվ խնդիրների, այլև ինտեգրվելու խնդիր ունեն, ես կարող էի նրանց տեր կանգնել, և դա, իրոք, ջերմացնում է սիրտս»,– ասում է Մարատ Հարությունյանը։

Բժիշկն ասում է՝ ինտեգրումը հայաստանյան առողջապահության համակարգին հատկապես դժվար է միջին և բարձր տարիքի բուժաշխատողների համար, որոնք Արցախում տասնամյակների փորձ են կուտակել, անուն ձեռք բերել, հաճախ կանգնած են եղել առողջապահական համակարգի ստեղծման ակունքներում, սակայն բռնի տեղահանումից հետո ստիպված են ամեն բան զրոյից սկսել։ Շատերի համար դա անհաղթահարելի վախ է։

Մոտավոր հաշվարկներով՝ Արցախից բռնի տեղահանվել է շուրջ 2000 բուժաշխատող։ Սեպտեմբերյան դեպքերից 1 տարի անց մասնագիտական աշխատանք ուներ նրանցից միայն 200-ը: 

Մարատ Հարությունյանն ասում է՝ բժշկությունն ու աշխատանքը օգնել են իրեն չկորցնել իր ինքնությունը, պիտանի լինելու զգացողությունը։ Հայրենիքը, տունը անսահման կարոտում է, ասում է՝ կյանքը, հոգին, իր արմատներն այնտեղ են, և դա մոռանալ չի կարող և չի ուզում։ Բայց ինքն իր համար որոշել է՝ թույլ չի տալու, որ անցյալը մթագնի իր ապագան։ Մարատն ասում է՝ չի կարելի թույլ տալ, որ ցավը հաղթի, թե չէ ոչ մի արդյունավետ միտք, ոչ մի նոր նպատակ չի առաջանա։ Իսկ ինքը նպատակ ունի՝ այն ամենը, ինչի հասել էր Արցախում, պիտի ստեղծի նաև այստեղ։

Սոնա Մարտիրոսյան

1