Ով հավատում կամ նույնիսկ մտածում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է…
Գլխավոր » Լրահոս » Ով հավատում կամ նույնիսկ մտածում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է…

Ով հավատում կամ նույնիսկ մտածում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է…

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում ելույթով հանդես է եկել Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Հայրենակիցնե՛ր…Դիմում եմ ոչ միայն այս դահլիճում  նստած գործընկերներիս, այլ Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին: Մտքերը, որոնցով ուզում եմ կիսվել ձեզ հետ, վստահ եմ՝ յուրաքանչյուրդ կգտնի այդտեղ նաև իրենը:

Երեկ՝ ապրիլի 13-ին,  Հայաստանի Հանրապետության վարչապետը ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ ինքը չի կարողանում կանգնեցնել Արցախը Ադրբեջանին հանձնելու գործընթացը և սկսեց հիմնավորել՝ կրկին խեղաթյուրելով իրականությունն ու փաստերը: Զարմանալի չէ նրա այդ կեցվածքը, զարմանալի է ու բանականությունից դուրս, որ մինչև այսօր նա դեռ Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Եթե կոչ, ապա այն միակն է. Փաշինյանին պետք է կանգնեցնե՛լ, թույլ չտալ, որ այս մարդը բանակցի և միանձնյա որոշումներով վերջնականապես կործանի Արցախն ու Հայաստանը… Այս մարդը կարծում է՝ խաղաղության դարաշրջանի մասին անդադար խոսելով, Հայրենիք հանձնելով ու հային զոհելով՝ կարողանալու է խնդիրներ լուծել ու խաղաղություն հաստատել: Սակայն որևէ մեկը կամ որևէ երկիր չի կարող դատել ու դատապարտել մեր պայքարը, հանուն մեր ու մեր սերունդների արժանապատիվ խաղաղության մեջ ապրելու համար: Այն միայն հաղթանակի արդյունքում է: Սա բնավ չի նշանակում պատերազմ ու մատաղացու դառնալ, ինչպես  ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը  երեկ իր ելույթում խոստովանեց, որ 1000-ավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձավ և հավելեց՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է:

1988 թվականից առ այսօր հայի ընտրությունն է՝ Արցախը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. մենք չենք հեռացել մեր ընտրությունից, իսկ հարկ եղած դեպքում պաշտպանել ենք այն և շարունակելու ենք պաշտպանել անկախ ամեն ինչից:

 Ով հավատում կամ նույնիսկ մտածում է, թե Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է…»:

1