Ով Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, նա պետական դավաճան է․ Մետաքսե Հակոբյան

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ելույթը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստին․
«Երբ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, ու նրա թիմակիցները հայտարարեցին, թե իրենց չակերտավոր հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան գոյամարտը, արդեն իսկ ակնհայտ էր՝ սկսվել է Արցախի հանձնումը։
Բնականաբար չէին կարող սուս ու փուս իրականացնել գաղտնի պլանը, անհրաժեշտ էր պատերազմ։ Թավշյա հեղափոխականները չխորշեցին և զոհասեղանին դնելով հազարավոր մատաղ կյանքեր՝ իրագործեցին իրենց հայակործան պլանի մի մասը։ Պլանն ավարտին հասցնելու համար պիտի վստահության քվե շոու կազմակերպեին և ձեռք բերեին երկաթե մուրճ, որը հենց պիտի իջներ հայկականության գլխին։
Հատկանշական է, որ այդ խմբի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից մեկը Արցախի Հանրապետության անջատումն էր՝ հանուն փրկության, որն այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չխնայելով համոզում էր, որ այն, ըստ իրենց, կեղծ է ու անիրագործելի։ Եվ այսօր այդ խմբակը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հատուկ նշելով 86 600 քառ․ կմ-ը, որպեսզի Ալիևին հավաստիացնի, որ ինքը հավատարիմ է և չի շեղվում Արցախը հանձնելու պլանավորած գործընթացից, սակայն Նիկոլ Փաշինյանն այստեղ վրիպում է․ Արցախը հայկական է, ունի դարերում կերտած պատմություն, այնտեղ են հայկական խորը արմատները։ Ողջ պատմության ընթացքում պատվավոր հայերը արյունով են պահել, պահպանել, սրբացրել ու փոխանցել են ինձ, ձեզ, մեզ՝ 10 մլն․ հայերիս, և Արցախը շարունակում է իր հայկականությունը՝ այստեղ ապրող 120 000 հայերով։
Փաշինյանին միայն թվում է, թե նման հակահայ հայտարարություններով կամ դավաճանաբար փաստաթղթեր ստորագրելով կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Արցախի Հանրապետության սահմանները արյունով են գծված, իսկ արյան հիշողությունն անջնջելի է։
Հասկանալի է ու պարզից էլ պարզ, որ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու և փորձելու է փլուզել մեր միասնականությունը, մեր պետական ինստիտուտները, մեր անվտանգային համակարգը, ուստի Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում եմ վերանայել և փոխել իրենց վարքագիծը, ամեն գնով ամրապնդել և պահպանել բոլոր պետական ինստիտուտները, այլ ոչ թե ինչ-ինչ խորհուրդներ, հանձնաժողովներ ու կոմիտեներ ստեղծելով խարխրել պետական ինստիտուտների հիմքերը՝ դրանով ջուր լցնելով Նիկոլի ջրաղացին։
Արցախը դարեր շարունակ դիմակայել է բազմաթիվ գոյաբանական փորձությունների․ վստահ եմ՝ կդիմակայի Նիկոլին ևս։
Եվ վերջում ուզում եմ հիշեցնել 2022թ․ ապրիլի 14-ին այս բարձրադիր ամբիոնից արածս հայտարարությունը․ «Ով Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, նա պետական դավաճան է»»։