Ոստիկանության արձագանքից մենք տեսնում ենք ՔՊ ժողովների ներքին քննարկումները․ Քրիստինե Վարդանյան

Մենք չունենք անկախ և սեփական որոշումներով գործող ոստիկանություն. ոստիկանության գործողությունները խոսում են այդ աթոռը ժամանակավորապես զբաղեցրածի վախերի մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության մոտ, ուր «Դիմադրություն» շարժումը գնացել էր՝ փոխանցելու ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատրաստած գրությունը։
«Ոստիկանության արձագանքից մենք տեսնում ենք ՔՊ ժողովների ներքին քննարկումները։ Այստեղ Ոստիկանության հարցը չէ, այս պայքարը հակաոստիկանական չէ, նպատակը Ոստիկանության բարեփոխումները չեն. ոստիկանությունն էլ չի իրականացնում իր ֆունկցիան և չի ենթարկվում ոստիկանապետի որոշումներին՝ ուղիղ հրահանգ է իջնում իշխանական խմբակից։ Մարդիկ իշխանությունը պահելու համար տվել են հայրենիքը անգամ ու հիմա այդ մարդիկ, ովքեր սեփական կոշիկը կպաշտպանեն, բայց հայրենիքը կտան, կանգնած են այդ իշխանությունը կորցնելու վտանգի առջև, ուրեմն՝ ինչպե՞ս կգործեն այդ մարդիկ․ իհարկե, հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով փորձելու են կառչած մնալ աթոռին, որ աշխարհում իրենց ունեցած ամենաթանկ բանն է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։