«Ոսկե արծիվ» շքանշանակիր Արմեն Կնյազյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախի հերոսներ » «Ոսկե արծիվ» շքանշանակիր Արմեն Կնյազյան

«Ոսկե արծիվ» շքանշանակիր Արմեն Կնյազյան

Անքննելի է հայի առեղծվածը: Ինչքան էլ մեզ թվա, թե ինքներս հայ լինելով՝ գիտենք նրա լավ ու վատ կողմերը, բնավորության գծերը, սակայն միշտ նրան ճանաչելու զարմանալի մի որակ ևս բացահայտվում է: Այս պատմության մեջ բացահայտեցինք այդպիսի մի հայի, ով հայրենիքը վեր դասեց ամենքից և ամեն ինչից, ով առանց մի վայրկյան իսկ երկմտելու թողեց իր ապահով ու բարեկեցիկ կյանքն արտերկրում ու գնաց անձնազոհության: Գնաց՝ փաստելով, որ կա հայի իր տեսակը, ով պարզապես «պետք է տեղում լիներ ու իր գործը լուռ կատարեր»:

Արմեն Արտավազդի Կնյազյանը ծնվել է Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում 1974 թ. հուլիսի 30-ին մանկավարժի ու ոսկերչի ընտանիքում։ Մայրը՝ Մանիկ Պողոսյանը, քիմիայի ու կենսաբանության ուսուցչուհի է, իսկ հայրը՝ Արտավազդ Կնյազյանը, հայտնի ոսկերիչ: Արմենը տան միջնեկն էր,  ունի 2 քույր:

Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։

Շատ աշխատասեր էր: Դեռ փոքր տարիքից սիրում էր հողագործությամբ զբաղվել: Արմենի հայրը ջերմոցներ ուներ, որտեղ կատարվող աշխատանքներում էլ օգնում էր հորը. կենդանիներ էին պահում, նաև՝ էկզոտիկ:

«Ամբողջ գիշեր չէր քնում. ջերմոցի ջեռուցմամբ էր զբաղվում, որպեսզի բերքը չփչանա: Կարողանում էր գումար աշխատել, և սա  էլ օգնեց նրան հետագայում»,- պատմում է Արմենի հորաքրոջ տղան՝ Հրանտ Եղիազարյանը:

Արմենի ու  Հրանտի մանկությունն իրար  հետ էր անցել: Նրանք շատ մտերիմ էին՝ հարազատ եղբայրների նման, թեև իրար հակապատկեր էին: «Ես ավելի խելոք էի, իսկ ինքը՝ ճարպիկ, չարաճճի, անվախ։ Հաճախ էին մեզ  հարցնում՝ ո՞նց ենք իրար հետ ընկերություն անում, սակայն հետագայում, ինչպես ցույց տվեց ժամանակը, հասկացա, որ իրար փոխլրացնում էինք»,-ասում է Հրանտը։

Դպրոցն ավարտելուց հետո, 18 տարեկանում ամուսնացել  և կնոջ՝ Լուսինե Հակոբյանի հետ 1992թ․տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ 3 զավակ են ունեցել՝ Մարիաննային, Արտավազդին, Արտակին:

Արմենը Հրանտի համար միշտ էլ խիզախության ու համարձակության օրինակ է եղել: «Ես միշտ համարել եմ ինձանից մի քիչ մեծ, մի քայլ առաջ: Ինչ հիշում եմ նրան՝ իր տարիքին ոչ բնորոշ քայլեր էր անում: Նույնիսկ ամուսնությունը՝ 18 տարեկանում, հետո՝ Եվրոպա տեղափոխվելը: Ինքն ամբողջ կյանքում ինքնուրույն է հարթել իր ճանապարհը: Մեր բոլոր եղբայրներից տարբերվում էր, չէր վախենում ռիսկի դիմել: Թեև մի տարիքի ենք, բայց իրեն համարում եմ մեծ եղբայր»,-նշում է Հրանտը:

Արմենը Գերմանիայում սկսել է աշխատել՝ որպես մատուցող: Մի քանի տարի անց, երբ արդեն ծնվել էին երեխաները, նա ընտանիքի հետ տեղափոխվում և կարճ ժամանակով հաստատվում է Հայաստանում, որից հետո նորից որոշում է տեղափոխվել Իսպանիա և հաստատվել Յորետ դե Մար քաղաքում: Այստեղ նա աշխատում և աստիճանաբար մտնում է գործարարության մեջ, ձեռք է բերում իր առաջին ռեստորանը՝  հետագայում ընդլայնելով, շատացնելով դրանց թիվը:

Հրանտի խոսքով՝ Արմենը Եվրոպայում  շատ դժվարությունների միջով է անցել, աշխատել է մինչև իսկ 16 ժամ և իր ողջ ունեցածը ձեռք է բերել սեփական քրտինքով:

Ապրելով և աշխատելով հեռավոր Իսպանիայում, Արմենը երբեք չէր կտրվում հայրենիքից: Հաճախակի էր այցելում Հայաստան, տեսակցում ընկերներին: Իսկ Արմենի հայրը՝ Արտավազդը, պատմում է, որ Հայաստան մուտք գործելուց հետո նրա առաջին գործը Արցախ  ու Մոնթե Մելքոնյանի գերեզմանին այցելելն էր:

Ինչպես պարոն Արտավազդն է նշում՝ Արմենը բավականին ազգասեր էր: Հայրը հաճախ էր բողոքում Արմենից, որ գալիս է Հայաստան, սակայն տանը չի մնում, որպեսզի կարոտն առնի որդուց:

«Հաճախակի էինք իրար հետ Արցախ գնում, և մի անգամ նա ասաց, որ Արցախում իր հոգին փառավորվում է, կարծես զոհված տղաների հոգիները ներկա լինեն իր հետ, և իրեն Արցախում ավելի ուժեղ ու հպարտ էր զգում: Նրա ասելուց հետո ես էլ նկատեցի, ու Արցախ մուտք գործելիս  այդպիսի զգացողություններ էին պատում ինձ»,-ասում է պարոն Արտավազդը:

Արմենը հաջողակ բիզնեսմեն էր, ապրում էր արտասահմանում, և շատերի նման կարող էր միայն նյութապես իր օժանդակությունը ցուցաբերել հայրենիքին, սակայն նրա տեսակն ուրիշ էր:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում Արմեն Կնյազյանը զենքը ձեռքին 18-ամյա տղաների հետ առաջնագծում էր: Եկել էր հայրենիքը պաշտպանելու, որովհետև հայրենիքը Արմենների կարիք ուներ առաջին հերթին:

«Էդ ջահելները զարմանում ու չէին հավատում, որ Իսպանիայում ռեստորանների ցանց ունեմ, հաջողակ բիզնեսմեն եմ և եկել եմ իրենց հետ զենքը ձեռքիս խրամատում կանգնել»,-հորն ասել է Արմենը պատերազմից վերադառնալուց հետո:

2020թ. 44-օրյա պատերազմի նախօրեին աղջկա՝ Մարիաննայի հետ կրկին Արցախում էր: Եկել էր տեսակցելու նախկին պատերազմի մասնակից իր ընկերներին:

«Աղջիկը Արցախում չէր եղել, եկել էին շրջել տեսարժան վայրերով, սակայն, երբ վերադարձավ, ասաց՝ պապ, կարծես թե էլի պատերազմ է լինելու, վատ բան եմ կախագուշակում: Դրան ի պատասխան՝ ասել է. թե պատերազմ սկսվեց՝ հետ եմ գալու»,- հիշում է պարոն Արտավազդը:

Պատերազմից 2-3 օր առաջ էին վերադարձել Իսպանիա, երբ սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակում գործեց Արցախի սահմանների ողջ երկայնքով:

«Զինվորական հատուկ համազգեստ էր պատվիրել և քեռու տղային հանձնարարել, որ հասցնի մեր տուն, որպեսզի գալուն պես մեկնի Արցախ ու ժամանակ չծախսի հագուստ գտնելու վրա»,-պատմում է հայրը:

Եկավ, հագավ համազգեստը, գրկեց հորն  ու մեկնեց Արցախ: Սեպտեմբերի 28-ն էր:

«Նա կայացած բիզնեսմեն էր, կարող էր տրվել հաճույքներին, սակայն այդպիսի մարդ չէր։ Մտքում միշտ իր հայրենիքն էր, և պարբերաբար գալիս էր Հայաստան։

Պատերազմի  սկսելուց ընդամենը մի քանի օր առաջ էր մեկնել Հայաստանից: Հետաքրքիրն այն էր, որ ես այստեղ մինչև իմացա պատերազմի մասին, ինքն արդեն հետ էր եկել: Զանգեց,  ասաց՝ կներես, քեզ չեմ կարող տեսնել, ես արդեն Արցախի ճանապարհին եմ»,-ասում է Հրանտը:

Պարոն Արտավազդի խոսքով՝ Արմենի ջոկատը շարժվել էր Հադրութի ուղղությամբ։ Հիշում է, որ մի անգամ Արմենի հետ հեռախոսով խոսելու ժամանակ նա ասաց, որ նշում են, առիթ ունեն, ռումբն իրենց մոտ ընկել ու չի պայթել։

Պարոն Արտավազդը Արմենի հետ պարբերաբար խոսում էր պատերազմի ընթացքում:

«Մի անգամ Արմենը զանգել ու ռացիաներ էր ուզել: Ասաց, որ իմ 60-ամյակին ինձ նվիրած ավտոն լցնեմ ռացիաներով ու տամ իր ընկերոջը, որ տանի Արցախ»,-ասում է հայրը։

Եկավ այդ տղան, հարցրի՝ տեսնո՞ւմ ես Արմենիս, ասաց՝ վրանի մեջ գլուխս թևին եմ քնում: Իրեն էլ փաթաթվեցի ու ասացի, որպեսզի Արմենին փոխանցի, որ շատ եմ կարոտել իրեն»,-պատմում է պարոն Արտավազդը։

Վերջին անգամ հոր հետ Արմենը զոհվելուց մեկ օր առաջ է խոսել: Հայրը հարցրել էր, թե նորմալ տեղ հասե՞լ են ռացիաները, ինչին Արմենը պատասխանել է, որ հայրը չնեղվի, եթե իր մեքենային մի բան լինի, ինքը կգնա ու ավելի լավը կգնի հոր համար:

«Ասացի՝ կարևոր չէ մեքենան, կարևորը դուք հաղթած հետ վերադարձեք, կարևորը հաղթեք. սա էր մեր վերջին զրույցը»,-նշում է պարոն Արտավազդը:

Հրանտից էլ Արմենը ռադիոսարքավորումներ էր ուզել, որը Հրանտը պատվիրել էր Ռուսաստանից և ուղարկել իրեն: Զոհվելու հենց վերջին օրն էր նրան հաղորդագրություն գրել, հարցրել՝ նորմալ աշխատու՞մ են սարքավորումները, որին այդպես էլ Արմենը չի պատասխանել:

Պարոն Արտավազդը որդու զոհվելու լուրը ԱՄՆ-ում գտնվող իր ընկերոջից էր իմացել: «Զանգեց ու ասաց, որ Սաշայի ցավակցականն է կարդում: Չհավատացի, սակայն հետո հասկացա, որ իմ տղան էլ չկա, որովհետև նրանք միշտ միասին էին լինում: Մեկ ժամ հետո իր ընկերները զանգեցին  ու հայտնեցին լուրը, և ես վերջնականապես կորցրի իմ հույսը, թե կարող էր սխալ տեղեկություն լինել»,-ասում է պարոն Արտավազդը:

Հրանտն էլ եղբոր զոհվելու բոթն իմացել է Արմենի կնոջից: «Կինը զանգեց Իսպանիայից և ասաց, որ Սաշայի կինը՝ Սևադան է զանգահարել Լուսինեին ու հայտնել ամուսնու զոհվելու մասին: Լուսինեն չէր հավատացել, և խնդրել էր, որպեսզի ճշտեմ լուրի իսկությունը: Ես փորձեցի իր ընկերների հետ կապվել, որոնցից զանգ էր եկել ինձ պատերազմի ընթացում, սակայն չստացվեց: Զանգեցի Արցախում գտնվող ընկերներիս, ովքեր էլ ասացին, որ Արմենն ու Սաշան իրոք զոհվել են»,-ասում է Հրանտը:

Արմենի գրպանից գտել են իր կրակայրիչն ու մի չկրակված փամփուշտ, որը պահել էր իր համար, գերի չընկնելու համար: Այդ փամփուշտն ու կրակայրիչը պարոն Արտավազդը սրբության պես պահում է Արմենի սենյակում՝ առանձին անկյունում:

Դեպքը պատահել է հոկտեմբերի 11-ին, Հադրութի անտառներում: Հստակ չէ, թե ինչպես է զոհվել Արմենը, սակայն, ըստ տեղեկությունների, նա զոհվել է անօդաչուի հարվածից, երբ վիրավորված էր ու շտապօգնության մեքենայով տեղափոխվում էր հիվանդանոց:

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, Արմեն Արտավազդի Կնյազյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ 

Արցախի հերոս Արմեն Կնյազյանը հուղարկավորվել է  Յորետ դե Մարում: Նրան հրաժեշտ տալու համար Յորետ դե Մար էին ժամանել հարյուրավոր հայեր Մադրիդից, Վալենսիայից, Բարսելոնայից և Իսպանիայի այլ քաղաքներից։

Հրանտի խոսքով՝ Արմենը եթե կենդանի լիներ, կասեր՝ «Հերոսի կոչումը ո՞րն է, ես արել եմ այն, ինչ պարտավոր էի անել»:

Արտավազդ Կնյազյանի խոսքով՝ զոհված բոլոր տղաներն էլ հերոսներ են, բոլորն էլ Արմեններ են:

«Արմենը Իսպանիայից կարող էր շատ մեծ օգնություն ցուցաբերել, պարկերով գումար կարող էր հավաքել և ուղարկել Արցախ, սակայն նրա տեսակն այնպիսին էր, որ պետք է տեղում լիներ ու իր գործը լուռ կատարեր»,-նշում է Արմենի հայրը:

Արմենը Արցախում ներդրումներ էր նախատեսում Արցախի զարգացման համար:

Պարոն Արտավազդի կարծիքով՝ վաճառված էր պատերազմը: «Ներսում էլ անկազմակերպ իրավիճակ էր։ Մենք ոչ թե թույլ էինք, այլ թշնամին էր շատ ուժեղ, որովհետև այլ պետություններից աջակցություն ուներ։ Տարբեր գնահատումներով՝ նման լայնածավալ հարձակման պարագայում թշնամին հենց առաջին օրերին 8-10 կմ պետք է ներթափանցեր, սակայն կատաղի դիմադրություն էր ցույց տալիս հայոց բանակը, իսկ թե հետո ինչ եղավ, սա արդեն ժամանակը ցույց կտա: Այժմ պետք է ժամանակ շահենք,խուսափենք մեծ կռվից, քանի որ չունենք նորից պատերազմելու ուժ: Կասկած չունեմ, որ կարճ ժամանակում մենք կուժեղանանք, ու վստահ եմ, որ ես էլ եմ տեսնելու  իմ երազած հայրենիքը: Ուստի, պետք է հույսներս միմիայն մեզ վրա դնենք  և ուժեղանանք »,-ասում է Պարոն Արտավազդը։

Վահագն Խաչատրյան

1